«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանի կարծիքով, եթե 5 տարով թույլ տալ ավելացնել Սեւանից ջրառը մինչեւ 240 մլրդ խորանարդ մետր, ապա Սեւանը չի ապահովի իր դրական բալանսը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Դանիելյանը հետաքրքրվեց «Սեւան- Հրազդան» Ջրառ ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանից, թե ինչո՞ւ է Ազգային ժողովը որոշում ընդունել հենց հինգ տարվա կտրվածքով Սեւանից ջրառ իրականացնել՝ Արարատյան դաշտը անապատացման ռիսկից փրկելու համար. «Այս որոշումը նշանակում է, որ պետք է հինգ տարով փոփոխություն մտցնել Սեւանի օրենքում»:
Տիկին Դանիելյանը չի հավատում, որ Սեւանը բացասական բալանս չի ունենա եւ մակարդակը չի իջնի: «Արփա- Սեւան թունելը վատ վիճակում է, լիարժեք չի աշխատում, որպեսզի Սեւանն էլ լիարժեք ջուր ստանա Արփայից: Այս կլիմայական փոփոխության պարագայում՝ 2012 թվականի պես կունենանք բացասական բալանս»:
Կարինե Դանիելյանն ասաց, որ Արարատյան հարթավայրի խնդիրն իր համար հասկանալի չէ: « Ինչպե՞ս կարելի է 7 տարի անընդհատ ավելացնել ջրառը արտեզյան ավազանից եւ համարյա կրկնակի անգամ շատ ջուր այնտեղից վերցնել, քան դա կարող ենք վերականգնել: Եվ հիմա էլ հասկանալ, որ Արարատյան դաշտի զգալի մասն անապատացման ռիսկի առաջ է կանգնած, եւ որոշել, որ հիմա էլ պետք է Սեւանի մակարդակը իջեցնել»:
Կարդացեք նաև
Նրա պնդմամբ՝ պետք է գտնել ուրիշ ճանապարհներ Արարատյան դաշտի իրավիճակը փրկելու համար, պետք է գտնել մասնագետներ եւ լուծել խնդիրը:
«Սեւան- Հրազդան Ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ այս տարի բավականին սակավաջուր տարի է եղել. «Ունենք ընդամենը 17 խորանարդ մետր վայրկյան ջուր Հրազդան գետում, իսկ իմ պահանջը մոտ 32-35 խ մ վրկ-ն է:
Այսօր այլ ջրաղբյուր չկա, Ապարանի ջրամբարը համարյա նույնպես դատարկ է: Ազգային ժողով հարցը մտել է 5 տարվա կտրվածքով՝ ապրիլի 24-ի որոշմամբ մեզ թույլատրվում էր մինչեւ անգամ 170 մլն խ մ ջրառ անել Սեւանից»:
Ս. Հովհաննիսյան խոսքերով՝ դա է պատճառը, որ ստիպված են եղել ապրիլի 24-ին Սեւանից ջուր վերցնել: «Մինչեւ այսօր մենք վերցրել ենք համարյա 4.5 մլն խորանարդ մետր ջուր»:
Նա հույս հայտնեց, որ մինչեւ հունիսի մեկն առատ տեղումների հետեւանքով հնարավոր կլինի ջրամբարներում ջրի քանակը վերականգնել: «Այդ ընթացքում եթե ջուր չլցվի, չեմ կարող ասել հետագա ընթացքը ինչ կլինի»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ