Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Հովիկ Աբրահամյանն ու իր շրջապատը տիպիկ օլիգարխներ են»

Ապրիլ 28,2014 11:48

«Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եկել է մի հանգրվան, որ այլևս ոչինչ փոխելով չես կարող առաջ շարժվել: Ամեն ինչ արտաքին գործոններից է կախված»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երկրում տեղի ունեցած փոփոխություններին՝ այսպես արտահայտվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա Հայաստանը դեգերող նավի նմանեցրեց, որը փչացրել է հարաբերությունները Արևմուտքի հետ և ռուսաստանյան նավահանգիստ դեռ չի մտել:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակման փաստին, պարոն Կարապետյանն ասաց. «Հետաքրքրի կլինի լսել Հովիկ Աբրահամյանի ծրագիրը, իմանալ, թե օլիգարխիկ տնտեսության մեջ նոր տնտեսական ծրագիր ինչպե՞ս է իրագործելու: Որովհետև այն պետք է ուղղված լինի օլիգարխիկ տնտեսության քանդմանը: Հովիկ Աբրահամյանն ու իր շրջապատը տիպիկ օլիգարխներ են: Հիմա մենք ցանկանում ենք, որ մարդիկ կտրեն այն ճյուղը, որի վրա նստած են: Մարդիկ վերաբաշխման խնդիրներ են լուծում, իսկ Հայաստանին պետք է նոր տնտեսական զարգացում, որը պետք է հիմնված լինի արդյունաբերության վրա: Հիմա դուք Հովիկ Աբրահամյանի հետ կտեսնեք պոպուլիստական քայլեր` հանդիպել քառյակի հետ, «Դեմ եմ»-ի հետ հանդիպում, այսինքն՝ ցույց տալ, որ տարբերվում է Տիգրան Սարգսյանից, որ ծրագիրն ընդունվի: Եթե Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը շարունակական է լինելու, նոր սանկցիաների պատճառով Ռուսաստանի տնտեսական վիճակը գնալով վատանալու է: Իսկ մեր տնտեսությունը կապված է Ռուսաստանի տնտեսության հետ»:

Ըստ Արամ Կարապետյանի՝ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ Սերժ Սարգսյանը կանխեց քաղաքական լարվածությունը, որը շատ կլիներ տնտեսական լարվածության ֆոնին:

Այնուհետև շեշտեց. «Ոչ ՀՅԴ-ն, ոչ ԲՀԿ-ն այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջել, և այստեղ մենք կանգնում ենք քաղաքական փակուղու առաջ: Իր կարիերայի ընթացքում ամենախելամիտ ելույթն էր, որ ասաց՝ էլ չեմ ընտրվի: Այլ կոչ է անում նաև մյուսներին էլ գնալ: Կոչ կանեի Լևոն Տեր Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին նման ելույթներով հանդես գալ, որովհետև մեր քսան տարվա պատմությունը ցույց է տալիս, որ կառավարման այդ համակարգը լավը չի եղել»: Անդրադառնալով ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշմանը՝ պարոն Կարապետյանը նշեց. «Եղել և մնում եմ Եվրասիական միությանը միանալու ջատագով: Ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն մեզ նոր բան չեն առաջարկում ոչ տնտեսական քաղաքականության, ոչ արտաքին մարտահրավերի ասպարեզում, ոչ էլ զարգացման նոր ուղի է առաջարկվում: Բայց ռուսական քաղաքական գիծը մեզ համար հասկանալի է»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումների՝ պարոն Կարապետյանը նշեց. «Երիտասարդական թևը պարտություն կրեց, դրա համար էլ հին գործիչները վերադարձան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930