Ութամյա Մանեն հասցրել է գերել շատերի սրտերը: Համացանցում հաճախ են հայտնվում Բեյրութում ապրող փոքրիկ աղջկա տեսանյութերը, որտեղ Մանեն Կոմիտաս է երգում, կամ նվագում, ասմունքում սիրելի հայերեն բանաստեղծությունները:
Մանեն ինը ամսական էր, երբ ընտանիքով Հայաստանից տեղափոխվեցին Լիբանանի մայրաքաղաք: Հիմա հաճախում է Բեյրութի Եղիշե Մանուկյանի անվան քոլեջ, հայկական պարախմբի դասընթացների, թատերական խմբակ և «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբ:
Մանեի մայրիկը՝ Շաղիկ Գևորգյանը, իր ֆեյսբուքյան էջում հաճախ է կիսվում շնորհալի աղջկա սրամիտ դիտարկումներով ու կատակներով: Վերջերս տիկին Շաղիկը էլի գրառում էր արել.
«Ես ասել եմ, որ Մանէն տարօրինակ ձեւով տիրապետում է ֆրանսերէնին, ինքն իրեն է սովորել: Նոր ընկերներիցս մէկը ֆրասներէնով բան էր գրել, փորձելու համար կարդացի Մանէին , ասում եմ, ինչ է գրած, չեմ հասկանում, ու Մանէն թարգմանե՜ց: Հիմա տեղադրում եմ նախադասութիւնն ու Մանէի օրիգինալ թարգմանութիւնը: Անգամ ֆրանսերէն չիմացողն էլ օրիգինալութիւնը կը հասկանայ:
“Tout le monde veut vivre au sommet de la montagne.
թարգմանութիւն.
-Ամէն մարդ կ’ուզէ ապրիլ Արարատի գագաթը:
Յ.Գ. եթէ լեռ, ապա սփիւռքահայի համար՝ Արարատ: Մանէն տիպիկ սփիւռքահայ է»:
Տիկին Շաղիկի հետ զրուցեցինք լիբանանահայերի առօրյայի, Բեյրութում հայապահպանության և, իհարկե, Մանեի մասին.
– Ընդհանրապես լիբանանահայ համայնքը շատ բազմաշերտ է, ու ինձ համար մեկ ընդհանուր նախադասությամբ դժվար է ասել, թե ինչպիսին են լիբանանահայերը: Քանի որ Լիբանանը համայնքային երկիր է, հայ մնալը բավական դյուրին է, նույնիսկ դժվար է հեռանալը հայությունից, բայց կյանքը ցույց է տալիս, որ շատերը չեն դիմանում եւ հեռանում են հայկական արմատներից, ազգային կյանքից: Կան մշակութային բազմաթիվ կառույցներ, մարզական միություններ, թատերական խմբեր եւ այլն: Պետք է խոստովանեմ, որ շատ հայկական-ազգային տոների հետ ես ծանոթացա Լիբանան գալով. օրինակ՝ Բարեկենդան, Ծաղկազարդ եւ այլն: Նաեւ պահպանված է հայկական ազգային, հիմնականում արեւմտահայ խոհանոցը, որը անզուգական է: Շատ եմ սիրում, երբ կազմակերպում են տոհմիկ օրեր եւ երեկոներ, որտեղ արեւմտյան Հայաստանի ամեն մի գյուղ, քաղաք, շրջան ներկայացվում է առանձին տաղավարներով, ուր տեսնում ենք այդ տարածաշրջանի մշակույթը՝ կերակուրները, ձեռային աշխատանքները, հագուստները, երաժշտական գործիքները, պարերը, երգերը եւ այլն :
Կարդացեք նաև
-Կրթօջախների մասին խոսենք. ի՞նչ տեղ ունեն լիբանանահայության կյանքում, ի՞նչ որակի կրթություն են տալիս:
– Լիբանանում կան մոտ քսան հայկական վարժարաններ, որոնք բոլորն էլ բարձր մակարդակի վրա են՝ կախված ոչ միայն հայկական համայնքից, այլ Լիբանանի պետության կրթական համակարգից: Այսինքն, եթե աշակերտը ավարտում է տասներկուերորդ դասարանը, նշան է, որ գտնվում է որոշակի մակարդակի վրա, որը չենք կարող ասել Հայաստանի մասին: Էլ չեմ խոսում բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր որակի մասին:
-Հեռվից նայելով հայրենիքին, ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանի ամենաէական խնդիրները, որոնք շտապ լուծել է պետք, որտե՞ղ են ամենամեծ բացթողումները, ի՞նչն է պետք փոխել:
– Չնայած Հայաստանում շատ են արատավոր երեւույթները, բայց ինձ համար առաջնայինը կրթական համակարգի վիճակն է: Ինձ թվում է՝ մենք հենց այստեղից պետք է սկսենք:
-Ո՞րն է գաղտնիքը Մանեի՝ օտար ափերում այդքան հայ մնալու:
-Իմ կարծիքով ծնողական դաստիարակությունը, դպրոցը եւ միջավայրը: Բարեբախտաբար Մանէի պարագային սա կատարյալ է :
Հ.Գ. Դուրս եկավ անուղղակի ինձ եմ գովում, բայց ասեմ. մինչեւ երեք տարեկանը օրորել եմ ձեռքերիս վրա, երգել եմ ու քնեցրել, հետո մինչեւ հինգուկես տարեկանը ամեն երեկո հեքիաթ եմ կարդացել, որը մինչեւ հիմա շարունակում ենք, հինգուկեսից հետո ավելացնելով նաեւ իր ընթերցումը: Կարծում եմ՝ սա ամենակարեւորն է:
Մանեի տեսանյութերը՝
Սյունե ՍԵՎԱԴԱ
Լուսանկարը՝ Շաղիկ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:
Եթե սար, ապա `քար, եթե քար, ապա` հայ, եթե հայ ուրեմն քարապաշտություն:
Եթե կյանք, ուրեմն `մարդ, եթե մարդ, ուրեմն հումանիզմ, եթե հումանիզմ, ուրեմն`կյանք: