2013 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի լրամշակված նախագիծը: Նախագծով սահմանվում է դրույթ, համաձայն որի փաստաբան չհանդիսացող մասնավոր մասնակիցները վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն միայն փաստաբանի միջոցով: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նման դրույթի սահմանումը անմիջականորեն փոխկապակցված է թե՛ ՀՀ-ում բոլորի համար հավասարապես փաստաբանական ծառայությունների մատչելիության, թե՛ անվճար իրավաբանական օգնության համակարգի կայացվածության հետ:
Քանզի, նույնիսկ այն պարագայում, երբ նման սահմանափակումները հետապնդեն իրավաչափ նպատակ, անհրաժեշտ է արձանագրել, որ նրանք հանդիսանում են ժամանակավրեպ, հաշվի առնելով, որ թե´ փաստաբանական ծառայությունների, թե´ անվճար իրավաբանական օգնության համակարգի ներկայիս զարգացվածության պայմաններում չափազանց դժվար կլինի ապահովել յուրաքանչյուր անձի համար Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը:
Եվ բացի այն, որ նման իրավակարգավորումները անտեղի և լրացուցիչ խոչընդոտ են ստեղծում արդար դատաքննության իրավունքի պատշաճ իրացման ճանապարհին, նաև հակասության մեջ են գտնվում ՀՀ օրենսդրության, ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի շրջանակներում արտահայտված դիրքորոշումների հետ: Համանման իրավակարգավորումներ է պարունակում նաև 2014 թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը: Տվյալ պարագայում վարչական դատավարության օրենսգրքի այս դրույթը ինքնին պարունակում է վերոնշյալ վտանգները: Այդուհանդերձ Քրեական դատավարության շրջանակներում վճռաբեկ դատարանի մատչելիության սահմանափակումներ մտցնելը նպատակահարմար կլիներ կատարել առնվազն վարչական դատավարության շրջանակներում՝ դրանց ազդեցության գնահատման արդյունքում: Հաշվի առնելով, արդար դատաքննության իրավունքի շրջանակներում յուրաքանչյուրի համար հավասար պայմաններում դատարանի մատչելիության իրավունքի ապահովման անհրաժեշտությունը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խնդրի իրավական վերլուծություն է կատարել և մշակել առաջարկություն, որը ս.թ. փետրվար-մարտ ամիսներին ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարություն և ՀՀ Ազգային Ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովին:
Խնդրի վերլուծությունը ամբողջությամբ
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ