«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած ավանդական ուշուի միջազգային 10-րդ մրցաշարի ընթացքում, որը նվիրված է 2015 թվականին նշվելիք Հայոց Գենոցիդի 100-ամյակին, Aravot.am-ը մասնակից երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ զրուցեց մրցաշարի եւ Հայոց Գենոցիդի մասին իրենց տեղեկացվածության մասին:
Յազմարադ Աննամարադով (Թուրքմենիա): «Մենք 3-րդ անգամ ենք մասնակցում Երեւանում անցկացվող մրցաշարին: Շատ բարձր մակարդակի միջոցառում է: Բոլոր մասնակիցները լավ են նախապատրաստված: Ուշուի հայաստանյան դպրոցը աշխարհում առաջատարներից մեկն է: Բավական է ասել, որ վերջերս Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում 48 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ ձեր երկրի մարզիկը: Դա ինչ-որ բան ասում է»:
Հարցին, թե իրենք տեղյա՞կ էին, որ այս մրցաշարը նվիրված է լինելու Հայոց Գենոցիդի 100-ամյակին եւ իրենց մասնակցությունը ինչ-որ բան նշանակո՞ւմ է, Յազմարադ Աննամարադովը նրբանկատորեն պատասխանեց. «Եկեք քաղաքականությունից ընդհանրապես չխոսենք: Հարցեր տվեք սպորտի մասին եւ ես կպատասխանեմ: Իսկ ինչ վերաբերում է նրան՝ տեղյա՞կ էինք, թե ոչ, իհարկե տեղյակ էինք եւ եկել ենք աջակցելու այս մրցաշարին»:
Մուխիդին Մայուխի (Ղազախստան), Աստանա քաղաքի ուշուի ավագ մարզիչ, ՄԲՎՄԴ տնօրեն: «Առաջին անգամ ենք թիմով եկել Հայաստան: Այստեղ մեզ ամեն ինչ դուր է գալիս՝ հյուրասեր երկիր, հյուրասեր քաղաք: Մրցաշարի մակարդակը բարձր է, մրցում են ուշուի բարձրակարգ դպրոց ունեցող երկրներ, որոնք միջազգային ասպարեզներում մեր հիմնական մրցակիցներն են լինում: Եկել ենք մայիսի 22-26-ը Ալմաթիում կայանալիք Ղազախստանի առաջնությունից առաջ մեր մարզիկներին փորձարկելու: Այնտեղ ընտրվելու են այն մարզիկները, որոնք կմասնակցեն Կորեայում կայանալիք «Մեծ Ասիական խաղերում»: Գիտեինք, որ մրցաշարը նվիրված է լինելու Հայոց Գենոցիդի 100-ամյակին: Հեռուստացույցով հետեւում էինք սգո երթին: Չի կարելի բացառել, որ Գենոցիդ եղել է: Բայց տեսնում ենք, որ, ցավոք, ոչ բոլոր երկրներն են դա ընդունում: Ես, որպես մարդ, դեմ եմ ցանկացած բռնության: Հիմա էլ, տեսնում ենք, թե Ուկրաինայում ինչ է կատարվում: Այդ քաոսը, բռնությունը ոչ մի բանի չեն բերում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ