Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Քոչարյանը երբեք Հայաստանին չի ծառայել»

Ապրիլ 26,2014 15:42

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեցին ներիշխանական խնդիրներից եւ նոր կառավարության ձևավորումից՝ Մաքսային միությանն անդամագրվելուն ընդառաջ:

Aravot.am-ը բանախոսներից խնդրեց մեկնաբանել շրջանառվող այն տեսակետը, թե քոչարյանական կառավարության կազմ է ուրվագծվում:

Ազատ Արշակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին օտար մարդ չէ: Նրա ձեւակերպմամբ, ՀՀ երկրորդ նախագահը երկար ժամանակ եղել է հայաստանյան քաղաքական վերնախավում. « Բնական է, որ նա կոպիտ ասած, շատ կոլեգաներ շատ ունի, ինչպես հորիզոնական աշխատանքային հարաբերություններում, այնպես էլ՝ ուղղահայաց: Հայաստան գալով, Քոչարյանն իր հետ բերեց որոշ թվով քաղաքական գործիչներ, բայց աշխատեց նաեւ այլ մարդկանց հետ: Ի դեպ, ոմանք սկսելով իրենց կարիերան սովետական նոմենկլատուրայում, հաջող կարիերա են ունեցել ինչպես ԽՍՀՄ-ի, Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, այդպես էլ Սերժ Սարգսյանի օրոք: Ճիշտ չէ հարցը դնել այնպես, թե նոր կառավարությունում ով է Ռոբերտ Քոչարյանի կադրը: Չի կարելի ասել, որ այսօրվա իշխանությունում Քոչարյանի կողմից ներդրված մարդիկ կան: Օրինակ Հրանուշ Հակոբյանը բոլոր իշխանությունների օրոք էլ լավ է աշխատել եւ չի սայթաքել»:

Ազատ Արշակյանի խոսքով. «Մարդիկ կան, որ նախորդ կառավարություններում իսկապես ծառայել են հասարակությանը, անուններ չեմ տա, որովհետեւ դա վտանգավոր է, սանատորիա չեն ուղարկում նմաններին: Մարդիկ էլ կան, որոնք ծառայում են միայն իրենք իրենց, գործատուն էական չէ, դրանք իշխանություն եւ բարձր կարգավիճակ սիրող մարդիկ են, իսկ գործատուները սիրում են նման հլու-հնազանդ կամակատարներին: Այդպիսիներին կարելի է կոչել՝ «Ոնց կասես»:

Ինչ վերաբերում է Մաքսային Միությանն անդամակցելուն, ԳԽ նախկին պատգամավորի ձեւակերպմամբ, մեր կյանքում ամեն ինչ այլեւս կապված է ՄՄ մտնելու հետ. «Ինքնիշխանության կարգավիճակից բխում են բոլոր հարցերը, ՄՄ-ին միանալով Հայաստանի Հանրապետությունը խախտեց մեր նվաճած եւ մեզ համար սովորական դարձած կարգավիճակը: Այսուհետեւ ինչ Հայաստանում տեղի ունենա, դրա պատճառը պետք է գտնել Մաքսային Միությունում՝ սեպտեմբերի երեքի մեջ: Ի դեպ, վարչապետափոխությունը՝ նույնպես: Չնայած մինչեւ սեպտեմբերի 3-ն էլ կուտակել էինք պաշտոնափոխության բավականին բացասական բազա: Սեպտեմբերի 3-ից հետո, սակայն, երբ կառավարության դրոշը փոխվեց, կուրսը փոխվեց, այն մարդիկ, որոնք կողմնորոշվել էին վարչապետի հայտարարություններով, իրավունք ունեն նրան համարելու դասալիք»:

Վահան Շիրխանյանը նշեց, որ եթե փորձելու ենք գտնել իշխանությունների ձեւավորման ներքին տրամաբանությունը, ապա դա այսօրվա նյութ չէ, որովհետեւ ընդարձակ է: Նրա համոզմամբ, նախ պետք է հարց դնել՝ ո՞ւմ է իշխանությունը ծառայելու: «Օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը երբեք Հայաստան երկրին չի ծառայել, բնականաբար՝ իր թիմը նույնպես: Նա ծառայել է ինքն իրեն, իր ամբիցիաներին ու ձգտումներին… Այժմ էլ պետք է մտածել այն մասին, որ տարեկան Հայաստանը կորցնում է երկու Աշտարակ քաղաք, գյուղեր, հանդեր…Մեզ ստիպեցին ընտելանալ այդ վիճակի հետ, թելադրում էին, որ Հայաստանին պետք չէ «Նաիրիտ», «Հայէլեկտրո», մեզ պետք է միայն պոմիդոր աճեցնել: Ժամանակին մեր բոլոր գիտական, արտադրական հզորությունները կորցրինք»: Վահան Շիրխանյանը քննադատեց Հրանտ Բագրատյանի ժամանակվա կառավարությունը. «Հրանտ Բագրատյանն ասում էր՝ իմ ի՞նչ գործն է, հողը տվել ենք գյուղացուն, թող ինչ ուզում է, անի….Ջերմոցային հսկա տնտեսությունները կորցրինք»:

Տիգրան Սարգսյանին, սակայն, պարոն Շիրխանյանը որակեց որպես ինտելեկտուալ, որը, նրա խոսքով՝ Հայաստանը ղեկավարել է իր առաջ դնելով խնդիր՝ պահպանելով բանկային, ֆինանսական կայունությունը, մինչդեռ տնտեսության ռեալ, իրական հատվածը շպրտված է եղել մի կողմ: ՊՆ նախկին փոխնախարարը փաստեց, որ, օրինակ, 2002-ին Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էր երկնիշ շինարարական աճ, մինչդեռ քարի, ցեմենտի արտադրությունը մի քանի անգամ կրճատված էր: Շիրխանյանի ասելով, դրանք շինծու թվեր էին: Մի ուրիշ տվյալ էլ բերեց. «Հայաստանում 680 000 արդյունաբերական պերսոնալից մնաց 86000, ուրեմն ի՞նչ զարգացման մասին կարող էր խոսք լինել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Վահան Շիրխանյանի նման բանիմաց ու լուրջ մարդիկ կարող էին դրությունը շտկող ինչ որ քայլեր իրականացնել: Սակայն այս դրությամբ, ինչպես նկատել է ժողովրդական բանաստեղծը՝ «մեծամեծ մարդիկ հեռու են քաշված (քշված!) – ասպարեզը համբակներուն են թողած» (Ջիվանի): Քննելով այսօրվա հզորների կյանքն ու կենսագրությունը կգտնենք մեծի մասամբ կարիերիստ ինտրիգանների, սապնվող-մտնողների, պապայի պահած բալիկների, նենգավոր առեւտրականների, նախկին խուլիգան-հանցագործների եւ զանազան այլ ցածրորակ պատեհապաշտների, որոնք ի սկզբանե չեն վարժվել ստեղծագործ, հանրօգուտ աշխատանքի: Հայաստանը 25-30 տարի առաջ լեցուն էր ամեն տեսակի ինժեներ մասնագետներով ու կարող աշխատավորներով, հիմա ով՜ է մնացել – երբ արդեն ոչնչացված են թե արդյունաբերությունը թե գյուղատնտեսությունը: Շատախոսությամբ, սուտ խոստումներով, կեղծ երդումներով ու ֆոկուսներ անելով մինչեւ ուր պիտի տանեն այս որակազուրկ ….. (ինքներդ բնորոշեք!)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930