Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց ես Եվրոպայի հեռախոսահամար ունեմ՝ ռոումինգով». տատիկը՝ Արամ MP3-ին

Ապրիլ 26,2014 15:11

«Հետաքրքիր էներգիա ունի եվրատեսիլյան մեր «Not alone» երգը, որը կարծես մտնում է մարդու հոգու խորքը և կարողանում է ինչ-որ դրական փոփոխություններ մտցնել նրա հոգեկան աշխարհում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ MP3-ին՝ ինչ-որ չափով բացահայտելով իր երգի հաջողության գաղտնիքը: «Ինձ համար դժվար է այդ մասին որևէ հստակ բան ասելը: Պարզապես, երգը գրվելուց հետո շատ սիրվեց իմ կողմից: Սա այն երգերից է, որի վրա երկար չենք աշխատել, այսինքն՝ չենք փորձել այնպես անել, որ մարդկանց դուր գա, այն ուղղակի շատ արագ ծնվել է, և, կարելի է նույնիսկ ասել, ի վերուստ տրված երգ է, դրա համար, երևի, այդպես միանգամից հասնում է մարդկանց: Կան երգեր, որոնց վրա շատ-շատ երկար ես աշխատում, որպեսզի արդյունք ստանաս, իսկ այս երգը շատ հանկարծակի ծնված և հոգուց բխած երգ է: Ես չեմ բացառում նաև գործիքավորման դերը, որովհետև սիմֆոնիկ նվագախումբը բավականին շատ հույզեր է տալիս մարդուն այս երգի միջոցով»,- հավելեց նա:

Նկատենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլն արդեն մոտ է: Ինչպես տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Արամ MP3-ին և մեր պատվիրակությունը ապրիլի 27-ին արդեն կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ հենց հաջորդ օրվանից կսկսվեն նախամրցութային փորձերն ու մյուս գործընթացները: Առաջին կիսաեզրափակչում Արամ MP3-ին ելույթ կունենա առաջին համարի ներքո: «Մենք, ի դեպ, առաջին պատվիրակությունն ենք, որը ժամանելու է Կոպենհագեն: Երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է՝ ավելի քան 2 մլն 200 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանիշային կայքեր առաջատար հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին: Մի խոսքով՝ ամեն հարցում առաջինն ենք, մնում է՝ այս տրամաբանությունը չխախտենք նաև մրցույթի ժամանակ»,- ասաց Գ. Գասպարյանը:

Տեղեկացնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: Իսկ մրցույթին այս տարի, ընդհանուր առմամբ, 37 երկիր է մասնակցելու:

Արամ MP3-ին ասաց, որ մրցույթից առաջ տրամադրությունը շատ լավ է, «եվրատեսիլյան», իսկ տրամադրվածությունը՝ մարտական. «Գնանք տեսնենք՝ ինչ ենք անում»,- կատակեց նա և հավելեց, որ շատ մեծ աշխատանք է տարվել, ամեն ինչ արվել է ցանկալի արդյունք ստանալու համար, և հուսով է, որ կստանան իրենց աշխատանքի արդյունքը:

Ինչ վերաբերում է համերգային շրջագայություններին, մեր պատվիրակը մեծ գոհունակությամբ հիշեց դրանց մասին և ասաց, որ շատ դրական լիցքերով է վերադարձել Հայաստան. «Ունեցանք 17-18 համերգ Ռուսաստանում, ապա՝ Եվրոպայում: Շատ ջերմ ընդունեցին մեզ մեր հայերը և խոստացան ակտիվ քվեարկել, այսինքն՝ դրսի հայերը մեր կողքին են և քաջալերելու են մեզ»:

Գոհար Գասպարյանն էլ գտնում է, որ մեր երգը բոլոր հնարավորություններն ունի լավագույն հնգյակում լինելու. «Հենց սկզբնական շրջանում էլ ակնկալիքները պարզ են դառնում, երբ տեսնում ես արձագանքը՝ և´ մամուլի, և´ մարդկանց, տեսնում ես քանակությունն այն նամակների, որոնք ստանում ես: Ինչ խոսք, այն, որ հետաքրքրությունն այս տարի բավականին մեծ է, միանշանակ է»,- ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Մի փոքր բացելով փակագծերը՝ նա նաև ասաց, որ եվրատեսիլյան բեմում Արամ MP3-ին մենակ է լինելու. «Շոուի բեմադրման հետ կապված բազմաթիվ տարբերակներ ենք քննարկել, բայց, ի վերջո, եկանք այն  եզրակացության, որ երգն իր տրամաբանությամբ շատ հնչեղ և տպավորիչ կլինի, եթե Արամը բեմում լինի մենակ: Կլինի բարձր տեխնոլոգիաներով, ժամանակակից գրաֆիկական լուծումներով, լուսային էֆեկտներով գերհագեցած շոու»,- մանրամասնեց Գ. Գասպարյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան երգի՝ «Not alone»-ի երաժշտության հեղինակը Արամ MP3-ին է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Անդրադառնալով իր երաժշտական գործունեությանը՝ Արամ MP3-ին նշեց, որ արդեն յոթ տարի է, ինչ երգի ասպարեզում է, իսկ «Եվրատեսիլ»-ից հետո երաժշտությանն ավելի մեծ տեղ է հատկացնելու. «Չեմ կարող հստակ ասել, թե մայիսի 10-ից հետո ինչ կլինի, որովհետև գրաֆիկս վերջանում է այդ օրը, որից հետո տեսնենք՝ ինչ կլինի: Քանի որ մրցույթ է, ամեն դեպքում, չես իմանա՝ ինչ կլինի: Բայց, անկախ ամեն ինչից, շարունակելու եմ երաժշտական գործունեությունս»,- ասաց նա:

Եվ վերջում Արամ MP3-ին զավեշտալի մի դեպք պատմեց. «Փողոցում երեկ մի տատիկ մոտեցավ ինձ և ասաց՝ բալես, ես քվեարկելու եմ քեզ համար, ասացի՝ բայց, տատի ջան, Երևանից չեն կարող քվեարկել, պիտի արտերկրից լինի, ասաց՝ բայց ես Եվրոպայի հեռախոսահամար ունեմ՝ ռոումինգով»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930