Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանիների դաշնամուրային դուետներն առաջին անգամ հնչեցին

Ապրիլ 26,2014 14:15

Պատճառների մասին խոսում են մասնագետները

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ երկու դաշնամուրի համար» CD-ի շնորհանդեսը: Ընդգրկված են կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի եւ Էդվարդ Միրզոյանի երկու դաշնամուրի համար գրված պիեսները, որ կատարում են տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը եւ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացած Լիլիթ Զաքարյանը: Տարօրինակ է, բայց փաստ, որ հայ կոմպոզիտորական դպրոցի այդ անվանի ներկայացուցիչների դուետները երաժշտասերին ներկայացվեց առաջին անգամ:
Հայաստանյան երաժշտական կյանքում երբեւէ գործիքային անսամբլների պակաս չի զգացվել, մինչդեռ դաշնամուրային դուետը մեզանում իր նկատմամբ հետաքրքրություն չի ձեւավորել, այսպիսով նաեւ ինչ-որ տեղ նվազեցնելով կամերային այս ժանրում ստեղծագործողների թիվը: Ամենաերկարակյաց դաշնամուրային դուետը (շուրջ 40 տարի) Լատվիայի պետական ֆիլհարմոնիայի Նորա Նովիկ եւ Րաֆֆի Խարաջանյան ամուսնական դուետն է:

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում Րաֆֆի Խարաջանյանը նշեց, թե իր հանգուցյալ տիկնոջ հետ նաեւ հայ հեղինակների դուետներ են հնչեցրել, այդ թվում՝ Ալան Հովհաննեսի, Լեւոն Աստվածատրյանի, Միխայիլ Կոկժաեւի, Ջիվան Կիրակոսյանի, Արիս Թերզյանի, Սերգեյ Բալասանյանի եւ այլոց, հատկապես նշեց Ալեքսանդր Հարությունյանի եւ Առնո Բաբաջանյանի ամենաշատը կատարվող «Հայկական ռապսոդիան»: Ճանաչված դաշնակահարն ասաց նաեւ, որ Լատվիայի երաժշտական ակադեմիայում, Բոլոնիայի համաձայնագրի համապատասխան, մագիստրոս շրջանավարտներին տրվում է որակավորման հավաստագիր՝ դաշնամուրային դուետ մասնագիտությամբ:

Մեզ հետ զրույցում Անահիտ Ներսիսյանը (լուսանկարում) նշեց, որ CD-ն թողարկվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայտնեց, թե որոշ դուետներ, թեեւ դրանք նոտագրված են, սակայն տասնամյակներ շարունակ գտնվում էին հեղինակների, այս դեպքում՝ Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Գեորգի Սարաջյանի բնակարաններում, եւ նոտաներն իրենց տրամադրել են կոմպոզիտորների զավակները: Թե ինչու մեզանում այդպես էլ մշտական գործող դաշնամուրային դուետ չի ստեղծվում հարցին՝ կոնսերվատորիայի պրոֆեսորը պատասխանեց. «Ուսումնական ծրագրում այս առարկան մշտապես եղել է, կա ու կլինի: Ունենք հիանալի դաշնակահարներ, սակայն դժվար է գտնել երկու արվեստագետի, որոնց ներաշխարհը, անցած դպրոցը համահունչ լինեն: Ի վերջո, պետք է շատ քարոզել այս ժանրը…»: Մեր զրուցակցին փոխանցեցինք Րաֆֆի Խարաջանյանի այն միտքը, թե կարծիք կա, որ սակավաթիվ են մերօրյա կոմպոզիտորների գործերը՝ դաշնամուրային դուետների համար: Իսկ աշխարհում մոդայիկ են դարձել ստեղծագործել ոչ միայն դաշնամուրային դուետների, այլեւ կամերային տարբեր կազմերի, ասենք՝ տերցետների, օկտետների եւ այլ կազմերի համար: «Փոխադրումներ երկու դաշնամուրի համար արվում են, իսկ հատուկ ստեղծագործություններ չեն գրվում հասկանալի պատճառով՝ դաշնամուրային դուետը մեզանում մշտապես գործող անսամբլ չէ: Գուցե հետագայում ստեղծվի՞ որեւէ դուետ՝ չգիտեմ…»,- նշեց պրոֆեսորը:

Հավելենք, որ վերջին ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո, միայն 2012թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդեսի» մեկնաբանությամբ դուետով հանդես եկան դաշնակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լեւոն Ջավադյանն ու Արտյոմ Աբրահամյանը, որին հաջորդեց Սոֆյա Մելիքյանի (ԱՄՆ) եւ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի համերգը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930