Դատապարտյալի դիմում-հայտարարությունը
Լինելով երիտասարդ՝ ես կատարել եմ մի սխալ (հանցագործություն) եւ արդյունքում 143 000 ՀՀ դրամի վնաս պատճառելու մեղադրանքով դատապարտվել եմ 7 տարի ժամկետով ազատազրկման: Պատիժը կրելու ընթացքում դրսեւորում եմ լավ վարքագիծ, հարգալից վերաբերմունք, թույլ չեմ տալիս կարգապահական խախտում, չունեմ քաղհայց, նախկին դատվածություն, արժանացել եմ երկու խրախուսանքի, վերջինը՝ «տրված հանձնարարությունները բարեխիղճ կատարելու համար», ստեղծել եմ «Դատապարտյալների կրթական ինքնագործ միավորում», մասնակցում եմ բոլոր հանրօգուտ միջոցառումներին:
Ես սպասեցի, երբ լրացավ իմ պատժի 1/3-ը եւ հույսով էի, որ ինձ կտեղափոխեն բաց տիպ, սակայն ապարդյուն, եւ ես մեծ ոգեւորությամբ ու անհանգստությամբ լցված սպասում էի պատժիս 1/2-ի լրանալուն, որից հետո ըստ ՀՀ քրօր-ի 76-րդ եւ Քրեակատարողական օր-ի 114-րդ հոդվածների, ինձ հասնում էր վաղաժամկետ ազատում: Եկավ այդ բաղձալի օրը՝ 31.07.2013թ., երբ առաջին անգամ «Կոշ» ՔԸՀ-ի «վարչական հանձնաժողովը» քննարկեց իմ ազատման հարցը եւ ինձ սպասում էր դառը հիասթափություն՝ մերժեցին, պատճառաբանելով «կատարված հանցագործության բնույթը եւ վտանգավորության աստիճանը», ինչը կատարյալ աբսուրդ է. արգելվում է մարդուն դատել նույն հանցանքի համար:
Այդտեղից ծնվեց իմ պայքարը, եւ այս ընթացքում ինձ եւս 2 անգամ մերժեցին՝ նախնական պատճառաբանությանն ավելացնելով, որ իբր ես «դեռեւս լիարժեք ուղղված չեմ եւ բարձրացել է իմ ռիսկայնության աստիճանը»: Փաստորեն, հաշվի չի առնվում՝ ունես տույժ, քաղհայց, նախկին դատվածություն: Մերժելու են, եթե դատապարտված ես ՀՀ քրօրի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 268… հոդվածների հատկանիշներով: Եթե այդպես է, ապա թող Ազգային ժողովը փոփոխություն կատարի ՀՀ քրօր-ում եւ օրենք մտցնի, որ այդ վերոնշյալ հոդվածների նկատմամբ վաղաժամկետ ազատում չի գործի: Թե ես, թե բազմաթիվ դատապարտյալներ բազմիցս դիմել ենք ՀՀ նախագահին, Ազգային ժողով, արդարադատության նախարարին, Ազգային անվտանգության խորհրդին, գլխավոր դատախազին, կաթողիկոսին, իրավապաշտպաններին, սակայն վաղաժամկետ ազատման ոլորտում առկա օրինախախտումները շարունակվում են նույն կերպով եւ ոչ մի արձագանք չկա: Ընդամենը հարկավոր է անհատական մոտեցում յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ. մի՞թե դա այդքան դժվար է: Չէ՞ որ տարիներ առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ մինչ 2006թ. այդպիսի խնդիր չի եղել եւ վաղաժամկետ ազատումը գործել է ըստ օրենքի եւ առանց որեւէ խախտումների: Այն, որ բոլորս այստեղ սեւ գույնի արտահագուստ ենք կրում, դա դեռ չի նշանակում, որ բոլորս անուղղելի հանցագործներ ենք եւ բոլորիս կարելի է նույն արշինով չափել: Ոչ, ինչպես եւ ցանկացած միջավայրում, այդպես էլ այստեղ կան լավերն ու վատերը, դրականներն ու բացասականները, ինչը հնարավոր չէ որոշել նրանց հոդվածներից եւ արարքներից:
Ամբողջ պրոբլեմը նրանում է, որ ինչ-որ անձի կամ անձանց գաղտնի հրահանգով որոշ հոդվածներով (վերը նշված) ոչ ոքի նկատմամբ չեն կիրառում վաղաժամկետ ազատում, ինչը լրացվում է վաղաժամկետ ազատման հանձնաժողովների սուբյեկտիվ կարծիքով եւ որոշումով: Ես բացի անհատական դիմումներից, դիմել եմ նաեւ ԶԼՄ-ների միջոցով եւ վաղաժամկետ ազատման ոլորտում առկա խնդիրներն ու օրինախախտումները լուսաբանվել են «Առավոտ», «4-րդ իշխանություն», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Հայկական ժամանակ», «Հետք», «168 ժամ», «Հրապարակ», «Երկիր», panorama, lragir, news, shamshyan, tert, aysor, hayeli օրաթերթերով եւ կայքերով, սակայն արդյունքում ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան քայլ:
Կարդացեք նաև
Ես ստիպված եմ դիմում միջազգային հանրությանը, քանի որ իմ հայրենի երկրում իմ սեփական կառավարությունը չի ապահովում վաղուց ընդունված օրենքների գործարկումը, իմ իրավունքի պաշտպանությունը (վաղաժամկետ ազատման իրավունքի), ինչի հետեւանքով ես դարձել եմ գերի եւ եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ ես դառնամ հոգեկան հիվանդ կամ հանցագործ: Միգուցե միջազգային հանրությունը միջամտի այս հարցին, օգնի մեզ՝ վերացնելով հոդվածային խտրականությունը, առկա անօրինականությունը եւ վերականգնի իմ ոտնահարված իրավունքը:
ՌՈՒԲԵՆ ԱՄԱՏՈՒՆԻ
«Առավոտ» օրաթերթ