Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր իրավունքները հարգվեն

Ապրիլ 26,2014 14:45

Թե՞ դա հակասում է մեր «ազգային հոգեկերտվածքին»

Այս տարվա մարտի 27-ին հրապարակվել է ԵՄ հարեւանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցը, որը գնահատում է 2013 թվականին Հայաստանում արձանագրված փոփոխությունները: Քննադատությունը հիմնականում արդար է, մասնավորապես, այդ տարի անցկացված նախագահական ընտրությունների մասով: Մի քանի հարցերում, օրինակ, հեռարձակող լրատվամիջոցներում բազմակարծություն ապահովելու հարցում արժեր, հավանաբար, արձանագրել որոշակի առաջընթաց:

Սակայն խոսքն այստեղ զեկույցի այն կետի մասին է, որը դրվատանքի խոսքեր է պարունակում: Այսպես. նշվում է, որ Հայաստանը փորձել է իրականացնել ԵՄ առաջարկներից մի քանիսը, մասնավորապես՝ կանանց եւ տղամարդանց հավասար իրավունքների վերաբերյալ: Խոսքը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» հիրավի բազմաչարչար օրենքի մասին է, որն ընդունվել է անցած տարվա մայիսի 20-ին, երբ մենք «հստակ քայլերով» գնում էինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու ուղղությամբ:

Աշնանը, սակայն, երբ պարզվեց, որ մենք գնում ենք բոլորովին այլ ուղղությամբ, «ազգային ոգով տոգորված» խմբերը սկսեցին բողոքել այդ օրենքի դեմ: Խորհրդարանում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել էր փոփոխություններ մտցնել այդ օրենքում՝ հանել «գենդեր» սարսափազդու բառը, «գենդերային հարաբերությունները» փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով: Սակայն այդ փոփոխությունը չանցավ, պատգամավորները հնարավորություն ստացան փայլելու «ազգային պոպուլիզմով», եւ հարցը հետաձգվեց մեկ տարով:

Մի կողմ թողնենք այն ֆանտաստիկ ենթադրությունը կամ գուցե շահարկումը, թե խնդրո առարկա օրենքը ճանապարհ է բացում միասեռական ամուսնությունների եւ գեյ-շքերթների համար: (Ի դեպ, Հայաստանում ավանդույթ չկա որեւէ տեքստին սկզբում ծանոթանալ, հետո քննարկել, բայց, համենայնդեպս, հետաքրքրվողները կարող են կարդալ ): Խոսքն այստեղ օրենքի բուն նպատակի մասին է՝ երկու սեռերի հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին է: Արդյոք այդ գաղափարն ընդունելի՞ է մեր հասարակության համար:

Պատասխանելու համար այդ հարցին մեջբերեմ aravot.am կայքում մեկնաբանություններից մեկը, որն արվել է հենց այդ օրենքի առիթով: «Արման» ներկայացող օգտատերը գրում է. «Այն մարդկանց, ովքեր կարծում են՝ կինն ու տղամարդը կարող են հավասար լինել: Հո դուք աննորմալ չե՞ք: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Աստված ասում է կնոջը` հնազանդ եղիր տղամարդուն, ինչպես տղամարդը հնազանդ է Աստծուն: Իսկ տղամարդուն` սիրեք ձեր կանանց: Ուրեմն, Աստծուց ավելի խելոք եք փաստորեն… Աստված տղամարդուն ստեղծեց, որպեսզի իշխի աշխարհին: Ոչ թե կնոջը: Ինչպես Հիսուսը եկեղեցու գլուխն է, այնպես էլ տղամարդը` կնոջ գլուխը: Հիմա ուզում եք գլխատել կանանց, ոչ թե նրանց իրավունքները պաշտպանել: Անաստվածություն է այս օրենքը»: Աստվածաշնչի այս չափազանց ազատ մեկնաբանության շնորհիվ ընթերցողը «հիմնովին» հերքում է սեռերի հավասար իրավունքների գաղափարը: Չգիտեմ՝ արդյոք այս հարցում Հայաստանում անցկացվե՞լ են սոցիոլոգիական հարցումներ, սակայն առանց այդ հարցումների էլ պարզ է, որ տղամարդկանց մեծ մասը մեր երկրում իրենց կանանցից ավելի բարձր են համարում եւ, հետեւաբար, չեն կարծում, որ իրենք եւ կանայք հավասար իրավունքներ ունեն:

Իսկ ինչպե՞ս են նույն խնդրին վերաբերվում կանայք: Գուցե պարզություն մտցնի նույն aravot.am կայքի մեկնաբանությունների բաժնում «Հայուհի» ներկայացող օգտատերը, որն արտահայտվել է բոլորովին այլ թեմայով քննարկման ժամանակ: Նա առաջարկում է ստուգել ավտոբուսներով «Հայաստանից Թուրքիա գնացող-եկող բոլոր կանանց, հղիության թեստի միջոցով, եթե պարզվի, որ Թուրքիայում արդեն հղիացել են՝ արհեստական վիժեցնեն, նոր մտնեն Հայաստան, թե՝ չէ 91թ. Թուրքիա գնացած թուրքից սերված, ապօրինի սերունդները շատացել են Հայաստանում»։
Տվյալ դեպքում, իհարկե, դժվար է պնդել, որ հայաստանցիների մեծ մասը հենց այդպես է մտածում: 100 տոկոսանոց վստահություն չկա նույնիսկ, որ գրողը կին է: Բայց, կարծում եմ, մտածողության տեսակը, երբ մարդու, տվյալ դեպքում՝ կնոջ իրավունքները ստորադասվում են «ազգային խնդիրների լուծմանը», բավականին բնութագրական է: Գուցե մեր քաղաքացիները չե՞ն էլ ուզում, որ իրենց իրավունքները հարգվեն: Նրանք պարզապես ուզում են լավ ապրել: Այնպես, ինչպես այն երկրներում, որտեղ մարդու իրավունքները հարգվում են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930