Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում խնդիրը քննարկում են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Արամ Աբրահամյան.- Այսօր թերթերից մեկում կարդացի, որ Հայաստանի երկրորդ նախագահը փաստորեն հայտարարել է, որ ցանկանում է նախագահ դառնալ եւ թույլ չի տա, որ սահմանադրական այնպիսի փոփոխություններ անցկացվեն, որոնք իր այդ մտադրությանը կխանգարեն: Համաձա՞յն եք:
Գառնիկ Իսագուլյան.- Նախ ասեմ, որ հաստատ բացառվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը նման արտահայտություն արած լիներ, մեկնաբանություններ բոլորն էլ անում են: Ասեմ, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն կընդունենք, այդ Սահմանադրությունը որեւէ կերպ որեւէ մեկին չի կարող արգելել, որ անձը առաջադրի իր թեկնածությունը եւ մասնակցի նախագահական ընտրություններին:
Ա. Ա.– Նաեւ երրորդ անգա՞մ:
Կարդացեք նաև
Գ. Ի.– Երբ որ մենք Սահմանադրությունն ընդունենք, որտեղ գրենք՝ ենթադրենք, որ որեւէ քաղաքացի չի կարող երկու անգամից ավելի լինել ՀՀ նախագահ, ապա այդ նորմը գործելու է Սահմանադրությունն ընդունվելուց հետո, ազդելու է դրանից հետո, եւ դա չի կարող արգելք հանդիսանալ ոչ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ոչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, որ նրանք Սահմանադրության այդպիսի նորմի առկայության պայմաններում առաջադրեն իրենց թեկնածությունները գալիք նախագահական ընտրություններում:
Ա. Ա.- Ենթադրենք, Սահմանադրությունը ընդունում են 2017թ.-ին, իսկ ընտրությունները անցկացվում են 2018թ.-ին, միեւնո՞ւյն է՝ դա նրանց վրա չի՞ ազդելու, ինչո՞ւ:
Գ. Ի.- Չի ազդի, որովհետեւ Սահմանադրությունը սկսում է գործել ընդունման պահից հետո, մինչեւ այդ գործել է ուրիշ Սահմանադրություն, եւ նրանք նախկին Սահմանադրության շրջանակներում են:
Ա. Ա.- Ինչպե՞ս եք մեկնաբանում՝ այդ հայտարարությունը ինչ-որ այդպիսի բաներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ:
Ստեփան Սաֆարյան.- Ես, ճիշտն ասած, խնդիրը դիտարկում եմ վերջին 3-4 տարիների ընթացքում նախ՝ Ռոբերտ Քոչարյանի ստվերային գործունեության համատեքստում, ապա անցած տարեվերջին, կարծեմ՝ դեկտեմբերի 26-ին էր, որ առաջին հարցազրույցը տվեց, բայց տեսանելի էր, որ իր գործունեությունը, թեկուզ եւ միջնորդավորված այլ քաղաքական ուժերի միջոցով, միտված էր նրան իշխանություն վերադարձնելուն: Ես չգիտեմ, թե որ թերթն է եւ ինչ դիտարկում է կատարել, բայց այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է իշխանություն վերադառնալ, նրա համար նվազագույն ծրագիր եղել է սկզբում, ինչպես կասեր Լեւոն Տեր-Պետրոսյանը` հանգրվանային մոդելը. վարչապետի աթոռի միջոցով ցատկելով նախագահի աթոռին: Բայց քանի որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը առաջադրեց մի պայման` վարչապետը ընդունելի լինի բոլորի կողմից, ես կարծում եմ՝ Քոչարյանը գիտակցեց, որ ինքը չի կարող ընդունելի լինել բոլորի կողմից: Ես կարծում եմ, որ ՀՀ երեք նախագահներն էլ պետք է հանգիստ թողնեն Հայաստանի Հանրապետությունը, ես նրանց որեւէ մեկին ցանկություն անգամ չունեմ տեսնելու ապագայում` որպես երկրի ղեկավարներ: Ես որպես քաղաքացի, որպես երիտասարդ քաղաքական գործիչ՝ ապրել եմ, տեսել եմ, նրանք արդեն ապացուցել են իրենց կարողությունը, եւ 3 նախագահների ամբողջ կարողացածը այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է, նրանք երեքով երկիրը բերել հասցրել են այս վիճակին, հետեւաբար նրանցից որեւէ մեկը, անկախ նրանից՝ Սահմանադրությունը թո՞ւյլ է տալիս, թե՞ ոչ, կամ սահմանադրական փոփոխությունները թույլ կտա՞ն, թե՞ չեն տա, նրանցից որեւէ մեկը բարոյական իրավունք չունի վերստին առաջադրվելու եւ հավակնելու Հայաստանը ղեկավարելու պաշտոնին: Ես կարծում եմ, որ նրանք բոլորն ուղղակի խորտակել են Հայաստանը, մեր անկախությունը, նրանք որեւէ ձեւով աչքները չեն էլ «ճպել»՝ Հայաստանի ռազմավարական ակտիվները այս տարիների ընթացքում մսխելով, իսկ ժողովրդավարությունը ուղղակի ոչնչացնելով, հետեւաբար ինձ համար անընդունելի է նույնիսկ այս հարցը քննարկելը:
Ա. Ա.– Բայց ձեր այս մոտեցումը կարծես թե մի քիչ հակասում է հրաշալի քառյակի մոտեցմանը:
Ս. Ս.– Հրաշալի քառյակը իր օրակարգում չունի Ռոբերտ Քոչարյանին բերելու խնդիր, եթե որեւէ մեկը իմ կուսակցությունից կդնի նման խնդիր մեր կուսակցության օրակարգում, ապա այդ դեպքում ես շատ լուրջ մտածելու խնդիր կունենամ: Ես վստահ եմ, որ նման խնդիր երբեւիցե չի դրվի «Ժառանգության» օրակարգում: Անկախ նրանից, թե Քոչարյանը ինչ հույսեր է փայփայում քառյակի գործունեության հետ կապված` նկատելի է, որ այս օրերին մենք ունենք մի կողմից՝ քաղաքացիական շարժումներ` «Դեմ եմ» շարժում, մի կողմից՝ քառյակի համակարգված գործողություններ եւ մյուս կողմից՝ հանրապետության երկրորդ նախագահի գործողություններ, ինչպիսի սինխրոնություններ էլ տեսնենք, ինչպիսի կորելացիաներ էլ տեսնենք մենք այս 3 շղթաների միջեւ, չեմ կարող բացառել, որ Քոչարյանն ինչ-որ ակնկալիքներ ունենա պրոցեսները համադրելու: Բայց ես բացառում եմ, որ «Ժառանգությունը» երբեւիցե կդնի նրան իշխանության վերադարձնելու կամ դրան նպաստելու խնդիր:
Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։