Լրահոս
Օրվա լրահոսը

Աղցան «Կեսար»

Ապրիլ 26,2014 13:55

Երբեմն «Կեսար» աղցանի անվան տակ մեզ մատուցում են խաշած հավի, պատրաստի պաքսիմատների, Լոռի կամ Էդամեր պանրի եւ մայոնեզի խառնուրդ: Իրական «Կեսարի» հանդեպ դա անհարգալից վերաբերմունք է: Պատրաստելուց եկեք պատրաստենք տեղը տեղին «Կեսար»: Ֆինանսական միջոցներն ու եռանդը, որ կներդնեք այդ աղցանի պատրաստման մեջ՝ կարդարացվեն:

Անհրաժեշտ մթերքները

Հավի կրծքամիս – 700-800 գրամ
Հաց (ցանկալի է որեւէ համեմունքով ֆրանսիական բատոն կամ թեփով հաց)
Հազարաթերթիկ- երկու կապ
Պարմեզան պանիր- 50 գրամ
«Կեսարի» սոուս- 200-300 գրամ

«Կեսար» թանձրահյութի (սոուսի) համար անհրաժեշտ մթերքներ

Ձու- 1 հատ
Մանանեխ-2 թեյի գդալ
Անչոուս-2 հատիկ
Խորոված սխտոր-3-4 պճեղ
Ձկնային կամ վորչսթիրյան սոուս-2 գդալ
Բուսական յուղ- 1 բաժակ
Քամած մածուն-0,5-1 բաժակ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամսի վրա աղ, սեւ պղպեղ, կարմիր կծու պղպեղ, չորացրած հազրեվարդ (ռոզմարին) արեք, մի փոքր էլ ձիթապտղի յուղ, թողեք թող մարինացվի առնվազն 2 ժամ, ցանկալի է՝ ողջ գիշեր: Գրիլ թավան շատ բարձր կրակի տակ տաքացրեք: Առանց թավան յուղոտելու՝ կրծքամսի կտորները դրեք վրան, թող խորովվի: Խորովեք մյուս կողմից եւս: Հացի կտորները թեթեւակի ձեթոտեք, երկու կողմից տապակեք նույն գրիլ թավայի վրա: Այդ նույն ընթացքում սխտորի պճեղներն էլ խորովեք: Զգույշ եղեք, սխտորը շատ արագ է խորովվում:

Kesar_4 Kesar_1

Եփված հավի կտորները պետք է հանգստանան՝ մինչեւ կտրելը, որպեսզի ողջ հյութը մնա մեջը: Երբ սառչեն՝ կտրատեք թեքությամբ: Կտրատեք նաեւ տապակված հացի շերտերը:

Հազարաթերթիկի տերեւները լվացեք, լավ չորացրեք եւ ձեռքով կտրատեք, լցրեք մեծ ամանի մեջ, վրան լցրեք սոուսից, շարեք հավիկի եւ հացի կտորները, նորից սոուս լցրեք: Եթե թանձրահյութը ավելանա՝ մատուցեք հավելյալ ամանով: Այն այնքան համեղ է, որ հաստատ չի մնա ամանում: Եվ վերջում պատրաստի աղցանի վրա պարմեզան քերեք: Եթե քերեք կարտոֆիլ կեղեւահանող սարքով՝ փաթիլների նման կլցվեն աղցանի վրա եւ շատ գեղեցիկ կլինի:

Kesar_3

Սոուսի պատրաստման եղանակը

Kesar_2

Մեկ ձուն շատ արագ թերխաշել, հազիվ կես րոպե թող եռա ընդամենը: Կոտրեք եւ գրեթե հում ձուն լցրեք հարիչի ամանի մեջ, ավելացրեք մանանեխը (եթե գտնեք հատիկավոր կամ դիժոնյան մանանեխ՝ շատ ավելի համեղ կստացվի), անչոուս ձկան երկու հատիկ (սուպերմարկետներում վաճառվում են շատ փոքր տուփերով անչոուսներ), ձկնային կամ վորչսթիրյան սոուսը (դրանցից էլ են վաճառվում սուպերմարկետներում՝ կետչուպների, սոյայի սոուսի եւ մանանեխի բաժնում):

Սկսեք հարել հարիչով, ավելացրեք խորոված սխտորը, շարունակեք հարել (ցանկալի է ոչ թե միքսերով, այլ բլենդերով հարել) եւ սկսեք շատ զգուշությամբ կամաց-կամաց, գդալ-գդալ ավելացնել բուսական յուղը: Սա մայոնեզի պատրաստման ձեւն է՝ ըստ էության: Պետք է ստացվի թթվասերի կամ մայոնեզի նման պինդ սոուս: Անկեղծ ասած՝ դասական սոուսի պատրաստումը հենց այսպես էլ ավարտվում է, սակայն ես առաջարկում եմ գդալ-գդալ ավելացնել քամած մածուն: Համ հաճելի թթվաշություն կտա, համ կկոտրի մեր քիմքին անսովոր ձկնային համը, որը շատ աննշան գալիս է պատրաստի սոուսից: Այս եղանակով պատրաստված թանձրահյութը այնքան համեղ է, որ չեք դիմանա գայթակղությանը՝ ուղղակի գդալով կամ հացով այն ուտելու:
Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930