2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության ապրիլի 25-ի նիստում պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված դատական փորձագետներ Ա. Համբարձումյանին, Լ. Թովմասյանին եւ Ա. Բաբայանին հարցեր տվեց միայն ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նրա հարցերն ուղված էին դեպքի հանգամանքների պարզաբանմանը, Դավիթ Խաչատրյանի կրակոցից առաջնային վնասվածք ստացած Հրաչյա Խաչատրյանի, նույն կրակոցից երկրորդային վնասվածք ստացած Լյուքս Ստեփանյանի զինվորական գլխարկների վրա գնդակի թողած անցքերին, գնդակի հետագծին, զորամասի պատին գնդակի թողած հետքին եւ այլն: Դատաձգաբանական, դատաքիմիական եւ դատաբժշկական համալիր փորձաքննության մասնակիցներ, քիմիկոս Լեւոն Թովմասյանը եւ դատական բժիշկ Արսեն Բաբայանը ասացին, որ իրենք իրավասու են միայն իրենց ոլորտների՝ դատաքիմիական եւ դատաբժշկական եզրակացության համար, ինչին պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց, հայտարարելով, որ նրանք պատասխանատու են համալիր, ողջ փորձաքննության եզրակացության համար:
Ե. Սարգսյանը դատական նիստի ավարտին հանդես եկավ հայտարարությամբ, ուր անցկացված դատական փորձաքննությունը համարեց ոչ հավաստի, ասելով, որ այն հակասում է ինչպես փորձաքննության ելակետային տվյալներին, այնպես էլ վկաների տված ցուցմունքներին, ըստ որոնց՝ կրակոցի պահին Լյուքս Ստեփանյանի գլուխն ուղղված է եղել դեպի Դավիթ Խաչատրյանը, մինչդեռ ըստ դատական փորձաքննության եզրակացության՝ Լյուքս Ստեփանյանի գլուխը վնասվել է հետեւի մասից, գնդակը դուրս է եկել ճակատից: Դեպքի վայրում, եղել է ոսկորի կտոր, սակայն այն դատական փորձագետները հաշվի չեն առել: Դատական բժիշկ Արսեն Բաբայանը դատական փորձաքննության համար դեպքի վայրում չի եղել: Պաշտպանն ասաց, որ դեպքի վայրի շրջակա պատն ամբողջությամբ չի հետազոտվել, որպեսզի պարզվի, թե իրականում ո՞րն է գնդակի թողած հետքը: Դատական հաջորդ՝ մայիսի 8-ի նիստում մեղադրող կողմը հանդես կգա մեղադրական ճառով:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ