Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակի ոգոկոչման պատարագ: Մոմավառության և ծաղկեպսակների զետեղման արարողություն տեղի ունեցավ եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի և Շվեյցարիայում ընդունված հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Ժան Կլոդ Վուդրոյի հուշաքարի մոտ:
Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդ Գուսան Վարդապետ Ալճանյանը և Շվեյցարիայի Հայկական Միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը: Շվեյցարիայում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը փոխանցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, որ ցեղասպանությունից 99 տարի անց անգամ չկա արդարադատություն, ճանաչում և իրավունքների վերականգնում: Արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է, որ պետք է պատժվի, և միայն ճանաչման ու զոհերի իրավունքների վերականգնման մեջ են ցեղասպանության զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը:
Նույն օրը Ժնևի հայկական մշակութային կենտրոնում կազմակերպվեց հիշատակի երեկո, որին խորհրդանշանական էր Շվեյցարիայի հայկական համայնքի երիտասարդների մասնակցությունը` ցեղասպանության զոհերի արդեն 5-րդ սերնդի ելույթներով և հայ գրականության ստեղծագործական կատարումներով:
Միջոցառման ավարտին ցուցադրվեց Շվեդիայում բնակվող հայազգի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որը ներկայացնում էր նրա տատիկի պատմությունը, ում դեմքի և ձեռքերի սպիներն ու դաջվածքները հիշեցնում էին նրան Ցեղասպանության վայրագությունների մասին:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցեցին հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերությունը (RTS) և ռադիոն անդրադարձան Հայոց Ցեղասպանության թեմային` ներկայացնելով ինչպես 1915թ. իրադարձությունները, այնպես էլ դեսպան Ազնավուրի և համայնքային կառույցների ղեկավարների և հայ երիտասարդության հետ հարցազրույցները:
Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսվում նաև Բեռնում, Լոզանում, Ցյուրիխում, Աարաույում և այլ քաղաքներում:
ՀՀ ԱԳՆ