Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ:
Հանդիպմանը ներկա էին մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Այբ» ավագ դպրոցի աշակերտները, որոնք իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, մրցանակաբաշխությունն ամբողջովին ֆինանսավորող «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանին, հանձնաժողովի անդամ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վազգեն Մելիքյանին:
Նրանց հիմնականում հետաքրքրում էին մրցույթի ժամանակ տրվող հարցերը, կրկնվո՞ւմ են արդյո՞ք նախորդ տարիներին եղած հարցերը, թե ոչ և հատկապես որ ոլորտներին են առնչվում:
Պատասխանելով այս հարցերին՝ Հ. Մուսայելյանը, մասնավորապես, ասաց. «Յուրաքանչյուր մասնակցի տրվում է մոտավորապես 15-20 րոպե, որի ընթացքում նա պատասխանում է 50-80 հարցի: Շատ դեպքերում հարցը հարցից է ծնվում, զրույցի ընթացքում, և, հիմնականում, նախօրոք պատրաստված հարցեր չկան: Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք չենք խրախուսում այն պատասխանները, որոնք միտված են հանձնաժողովի անդամներին սիրաշահելուն: Շատ դեպքերում հաղթել են այն մարդիկ, որոնց կարծիքները տարբեր են եղել հանձնաժողովի անդամների կարծիքներից կամ բոլորովին հակառակ են եղել դրանց: Բարեկամական մթնոլորտում հաճախ ակտիվ և հաճելի բանավեճեր են եղել նաև, ինչը մեզ համար շատ կարևոր է, որովհետև դա նշանակում է, որ մարդն սկզբունքներ ունի, որոնք կարողանում է մինչև վերջ պաշտպանել: Դա խրախուսվում և գնահատվում է: Մեկ-մեկ ասում են՝ բայց սա ՏՏ ոլորտի մրցույթ է, ինչո՞ւ են ինձ կրոնից, հայկական ավանդույթներից հարցեր տալիս և այլն, բայց մեզ համար շատ կարևոր են մարդու մտածելակերպն ու աշխարհայացքը: Հարցեր կլինեն բոլոր ոլորտներից է, քանի որ մեզ համար կարևոր է, որ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանանան բազմակողմանի զարգացած մարդիկ»:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև մրցանակաբաշխությանը մասնակցության պայմանները, հավակնորդներին ներկայացվող պահանջները, մասնակիցների ընտրության չափանիշները և հայտադիմումների ներկայացման պայմաններն ու վերջնաժամկետը:
Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վազգեն Մելիքյանի փոխանցմամբ՝ պարգևները շնորհվում են այն աշակերտներին և ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտություններից տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաև ներգրավված են համայնքային ծրագրերում:
Նշենք, որ 2014 թ. նախատեսված են «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» (վերջին երեքի դեպքում առանձնացվում են նաև 1-ին և 2-րդ կարգեր), «Լավագույն սփյուռքահայ ուսանող», «Լավագույն ուսանողուհի» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այս տարվա հունիսին, իսկ հաղթողները կպարգևատրվեն հոկտեմբերին:
Հովիկ Մուսայելյանը վստահեցրեց, որ իրենք մշտապես հետևում են իրենց մրցանակակիրների ապագային և հույս հայտնեց, որ նրանցից շատերն ապագայում կհամալրեն մեր երկրի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական էլիտայի շարքերը:
Նրա խոսքով՝ այս մրցանակաբաշխությունը, որն այս տարի կանցկացվի արդեն տասներորդ անգամ, նպատակ ունի զարգացնելու ՏՏ ոլորտը, ճանաչելու և խրախուսելու այդ ասպարեզում լավագույններին:
Հանձնաժողովի անդամ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ, կարևորելով այս մրցանակաբաշխությունը և հետադարձ հայացք նետելով նախորդ տարիներին, նկատեց, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ և հավելեց. «Նախորդ տարիների ընթացքում մեծ բավականություն ենք ստացել այս մրցույթի մասնակիցներից: Իհարկե, եղել են նաև շատ զավեշտալի, ինչպես նաև մեզ տխրեցնող երևույթներ, բայց, ընդհանուր առմամբ, տպավորությունները բարձր են, մենք զարգացած պատանիներ ու երիտասարդներ ունենք»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ