Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Դեռեւս 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Արարատի մարզում նա հայտարարել էր, որ սատարում է Սերժ Սարգսյանին, քանի որ «նա գործ է արել եւ այդ գործը կիսատ է մնացել»:
Արմեն Սարգսյանի այդ հայտարարությունը բուռն քննադատությունների արժանացավ, որովհետեւ նրա եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գործում է ընդդիմության դաշտում: Հաշվի առնելով հայկական ընտանիքների կառուցվածքը, տարօրինակ ու անհասկանալի էր, թե ինչպե՞ս է մի եղբայրը իշխանական թեւը ներկայացնելու, մյուս եղբայրը՝ ընդդիմության: Ինքը՝ Արամ Սարգսյանը իր եղբոր նման դիրքորոշման հետ կապված մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել՝ ասելով. «Դժբախտաբար, մեր բարեկամները, հարազատները միշտ չեն այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում իրենց տեսնել»:
Հիմա Արմեն Սարգսյանի նոր պաշտոն ստանձնելը դարձյալ քննադատությունների տեղիք է տվել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը այդ քննադատություններն անտեղի համարեց. «Պաշտպանության նախարարի խորհրդականը մի երեւելի պաշտոն չէ: Այդ պաշտոնը նա Սերժ Սարգսյանից չի ստացել: Նախարարն ինքն է ընտրում եւ ինքն է որոշում, թե ով պետք է լինի իր խորհրդականը: Արմեն Սարգսյանը կլինի, թե մեկ ուրիշը՝ դա նախարարի ընտրելիքն է: Թե ինչ խորհուրդների համար է նախարարը տվել Արմեն Սարգսյանին այդ պաշտոնը՝ դա արդեն նախարարն ու Արմեն Սարգսյանը կարող են իմանալ: Բայց ես կարող եմ ենթադրել, որ Սեյրան Օհանյանն ուզում է իր անմիջական կապը պահպանել Վազգեն Սարգսյանի եւ առավել եւս՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի միջեւ՝ Արմեն Սարգսյանի միջոցով: Դա ցանկալի է, որովհետեւ Վազգենի անձը մինչեւ հիմա էլ անհրաժեշտ է բանակին նույնքան, ինչքան պաշտպանության նախարարին՝ բանակի բարոյական նկարագիրը բարձր պահելու համար»:
Մեր հարցին՝ ինչքանո՞վ է հարմար Արմեն Սարգսյանն այդ պաշտոնի համար՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես դա չեմ դիտում՝ որպես որոշումներ կայացնող պաշտոնյա: Դա պաշտոնյա է, որը կրում է Սարգսյան ազգանունը, որը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է եւ իր նշանակման դիմաց ես տեսնում եմ հատկապես Վազգեն Սարգսյանի եղբայր լինելու հանգամանքը, ուրիշ ոչ մի բան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աբսուրդի թատրոնը գուցե ընկալելի է բեմում, բայց ոչ կառավարությունում, մանավանդ պատերազմող երկրի գլխավոր ռազմական գերատեսչությունում: Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը Քելբաջարից կամ Աղդամից որպես ռազմավար բերած Մոսին հրացան չէ, որպեսզի պաշտպանության նախարարը նվիրի ինչ որ մեկի, Վ. Սարգսյանին արտաքինով նման լինելու, նույնիսկ նրա եղբայրը լինելու պարագայում:
Հա, ճիշտ է, որ մի ծառից և թի կլինի և…և այլն: