Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մենք մտանք կոալիցիա՝ ժողովրդի համար, դուրս ենք գալիս՝ ժողովրդի համար»

Ապրիլ 25,2014 21:06

«Օրինաց երկիր» կուսակցությունը մտել է կոալիցիա՝ մեր ժողովրդի համար: Ասում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից այսօր հրաժարված Արթուր Բաղդասարյանը եւ պնդում, որ կոալիցիայից դուրս են եկել նորից նույն պատճառով՝ ժողովրդի համար:

«Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ովքեր իմ որոշումը ճիշտ չեն հասկացել: Ես լավ բան եմ արել: Որովհետեւ ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար գաղտնի եւ հույժ գաղտնի բազմաթիվ փաստաթղթերի հետ եմ առնչվել ու առնչվում : Ես գիտեի՝ ինչ է լինելու Հայաստանում: Էսօր դա ավելի հստակ գիտեմ՝ ի՞նչ էր լինելու 2008 թվականի մարտյան օրերին: Լինելու էր արտաքին ագրեսիա՝ մեր պետության դեմ: Կային եւ քարտեզները կային եւ ամեն ինչ կա: Ես այդ որոշումը (մտնել կոալիցիա) կայացրել եմ երկու պատճառով՝ չլինի քաղաքացիական պատերազմ եւ արտաքին ագրեսիա եւ հույս ունենալով, որ լինելով իշխանության մեջ, կարող եմ իմ ծրագրերը կյանքի կոչել, որովհետեւ նման պայմանավորվածություն է եղել»:

Սակայն, քանի որ չի հաջողվել այդ ծրագրերն իրականություն դարձնել, հիմա էլ «Օրինաց երկիրը»՝ կրկին ժողովրդի համար, դուրս է գալիս կոալիցիայից: «Մենք 36 օրենսդրական նախագիծ ունենք, որ վեց տարի չի ընդունվում: Լսե՞լ եք, որ ասեն՝ իշխող կոալիցիան որոշեց, չէ՛, ասում են՝ իշխող քաղաքական ուժը որոշեց: Մենք որոշում ընդունող չենք եղել»,- սրտնեղած ասում էր Ա. Բաղդասարյանը: Անգամ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին իրենք վերջին պահին են տեղեկացել: «Այս վեց տարում չորս Ազգային ժողովի նախագահ են նշանակել, ու ոչ մի անգամ կոալիցիայի նիստ չի եղել, որոշել են՝ արել են»,-բողոքեց ՕԵԿ նախագահը եւ ասաց, որ հիմա նոր իրավիճակ է՝ նախագահը հայտարարում է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից, Սահմանադրական բարեփոխումներ են նախաձեռնվում, նոր կառավարություն է կազմավորվում, այնպես որ իրենք որոշել են այլ ճանապարհով գնալ, բայց՝ «մենք շարունակելու ենք լինել համառ, սկզբունքային, պատասխանատու, հաշվետու»:

Ի դեպ՝ սահմանադրական բարեփոխումների մասին. ըստ Արթուր Բաղդասարյանի՝ դրանք հրատապ անհրաժեշտություն չէին, երկրում բազմաթիվ այլ խնդիրներ կային լուծելու: Բայցեւայնպես, «Օրինաց երկիրը» պատրաստ է իր մոտեցումները հայտնել այդ բարեփոխումների վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ապա Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ դա հիմնավորված էր, ավելին՝ ուշացած .«Ես միշտ ասել եմ, որ պետք է ավելի ագրեսիվ գործի կառավարությունը, որ ես ավելի նախաձեռնողական քաղաքականության կողմնակից եմ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակիցներ says:

    Դուք ընդամենը պայթած ականներ եք, որը ոչ մի ճամբարում ,,արժեք,, չունի և ժողովրդի նզովքին է արժանացել`քանզի մարտի 1- ի դահիճներին թևեր տվողը դուք էիք ու այդ նախճիրի համահեղինակ…

  2. Spartak says:

    Կարդում եմ, դիտում ու իր փոխարեն ամոթ ապրում: Մարդկային ինչպիսի որակներ կան՝ ասել մի բան, անել մեկ ուրիշը: Ուրեմն կոալիցիա է մտել, այդ պաշտոնում աշխատել է՝ մեր կյանքը փրկելու համա՞ր:Աստված իմ, մտքի ինչպիսի փայլատակում:Տեսնես պահի տակ ասեց, թե նախօրոք է մտածել: Հավատացողներ կա՞ն: Տեսնես այս մարդը ե՞րբ է ,,հակաիշխանական,, միտինգ անելու, որ պարզվի, թե քանի մարդ է իր կողքը կանգնելու:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930