Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Ապրիլ 25,2014 20:30

Այս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում անց են կացվում Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում:

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Պատգամավորների պալատի անդամ, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Պատգամավորն իր ելույթում, վկայակոչելով միջազգային տարբեր սուբյեկտների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը,  կոչ է արել 100-ամյակի նախաշեմին համատեղել ջանքերը Թուրքիային ժխտողականության ճանապարհից դարձնելու համար:

Հայոց Ցեղասպանության հիշատակի առիթով ուղերձ է հղել Ռումինիայի Սիբիու մարզի պրեֆեկտ` Օվիդիու-Իոան Սիտերլին, որում, մասնավորապես, ասվում է. «Միշտ էլ դժվար կլինի ցեղասպանության կապակցությամբ պատեհ խոսքեր գտնել: Մենք գլուխ ենք խոնարհում «Մեծ չարիքին» զոհ գնացածների տառապանքների առջև: Նրանց հիշատակը փոխանցում ենք գալիք սերունդներին, որպեսզի դատապարտված չլինենք պատմության սև էջերի կրկնությանը»:

Հայոց Ցեղասպանությունը դատապարտել է Ռումինիայի գնչուական համայնքը: Գնչուների սոցիալական միջամտության և հետազոտությունների կենտրոնի  հաղորդագրությունում ասվում է. «Միասին, Թուրքիայում, հիշատակում ենք 1915թ. Հայոց ցեղասպանությունը, մանրակրկիտ մշակված մի նախագիծ, որը հանգեցրեց Օսմանյան կայսրությունում 1.5 մլն. հայերի կոտորածին` ուղղված վերացնելու նրանց քաղաքակրթությունը և «թուրքացնելու» Անատոլիան: Ի նշան զոհերի և նրանց սերունդների նկատմամբ հարգանքի, գնչուները կոչ են անում բոլորին միանալ իրենց և վերջակետ դնել 100-ամյա ժխտմանը»:

Ռումինիայի TVR1 հանրային հեռուստատեսությունն ապրիլի 24-ի երեկոյան ուղիղ եթերով մեկուկես ժամանոց հաղորդում էր նվիրել Հայոց Ցեղասպանությանը: Հայտնի հեռուստամեկնաբաններ Դանիել Ապոստոլի և Միրունա Մունտեանի «Հինգշաբթի ժ. 9-ին» հեռուստաբանավեճի հյուրերն էին պատմաբաններ ակադեմիկոս Անդրեյ Պիպիդին և դոկտոր Զոե Պետրեն, սենատոր Վարուժան Ոսկանյանը և գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: Հաղորդման ժամանակ անհերքելի փաստերով հիմնավորելով երիտթուրքական կառավարության գործած ոճիրը և քննադատելով ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` մասնակիցները բովանդակությունից զուրկ և անբավարար համարեցին վարչապետ Էրդողանի տարածած ուղերձը: Հաղորդման ժամանակ հատվածներ ցուցադրվեցին «Ստրունգա» վավերագրական ֆիլմից, որը պատմում է 1923 թ. Ռումինիայի կառավարության կողմից Ստրունգա բնակակավայրում 400 հայ որբերին ապաստան տալու մասին: Վարուժան Ոսկանյանը երախտագիտություն հայտնեց փախստական հայերի նկատմամբ այն ժամանակվա Ռումինիայի կառավարության մարդասիրական վերաբերմունքի կապակցությամբ` միաժամանակ ափսոսանքով նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցն առայժմ բացակա է այսօրվա ռումինական քաղաքական օրակարգում:

Նույն երեկոյան Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդում է հեռարձակել TVR1 հանրային հեռուստատեսության Կլուժ քաղաքի տեղական ալիքով:

Ռումինական հայտնի Adevarul օրաթերթն իր adevarul.ro էլեկտրոնային տարբերակի վրա ապրիլի 24-ին զետեղել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ ծավալուն հարցազրույց «Հայաստանի դեսպան. Եթե Եվրոպայի համար Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է, հայերի համար այն մնում է բաց և արնածոր վերք» վերնագրով:

Դեսպանը բացատրում է, որ այսօր խոսքը վերաբերում է ցեղասպանության հետևանքների վերացմանը, քանի որ «եթե դահիճը չկա, ապա զոհը մնում է: Զոհը մի կողմից Հայաստանն է և Հայաստանի բնակչությունը, որն այսօր իր ուսերին կրում է ցեղասպանության հետևանքների ողջ ծանրությունը, մյուս կողմից հայ ժողովրդի մի հսկա հատվածը` ցեղասպանության ժառանգները, որոնք օտար երկրներում ենթական են լիակատար ուծացման, ինքնության կորստի և հաճախ ֆիզիկական բռնությունների ու նոր տեղահանությունների, ինչպես վերջերս Մերձավոր Արևելքում է: Ըստ դեսպանի, Հայաստանն ակնկալում է, որ «թուրքական կողմը փոխի իր բառապաշարը և պահվածքն այդ հարցում և վերադառնա 2009թ. Ցյուրիխյան արձանագրություններով նախատեսված հանձնառություններին: Դա հնարավորություն կտար բարդ հարցերը քննարկել և լուծման ուղիներ փնտրել ավելի հանդարտ պայմաններում»: «Ոչ միայն միջազգային հանրության և Հայաստանի, այլ հենց Թուրքիայի շահերից է բխում Հայոց ցեղասպանության հարցին շուտափույթ լուծում գտնել: Այն գերկարևոր է մեր շրջանի, Մեծ Միջին Արևելքի և Եվրոպայի անվտանգության առումով,-եզրակացնում է Հայաստանի դեսպանը:

Ապրիլի 24-ի երեկոյան հիշատակի ցույց տեղի ունեցավ Բուխարեստի Հեղափոխության հրապարակում, որտեղ ներկաներին իրենց խոսքը ուղղեցին սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և գրող Վարդան Առաքելյանը: Նույն առավոտյան Բուխարեստի սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին Բուխարեստում պապական պատվիրակ մոնսենյոր Ֆրանչիսկո-Խավիեր Լոզանոն, Ռումինիայի ուղղափառ, կաթոլիկ, ղպտի և հրեական կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Արարողության ավարտին ծաղկեպսակներ զետեղվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Բոլոր միջոցառումների հայ համայնքի կողքին էին նաև քրդական համայնքի ներկայացուցիչները:

Եղեռնի 99-րդ տարելիցը նշվել է նաև Ռումինիայի հայաբնակ մյուս քաղաքներում:

Ապրիլի 16-ին ՌՀՄ Յաշի մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց Ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս՝ քաղաքի համալսարանական շրջանակների ակտիվ մասնակցությամբ:

Բոտոշանի շրջանային գրադարանում ապրիլի 24-ից մեկնարկել է երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմայով ռումինահայ Ararat հանդեսի տարբեր տարիների համարները, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ:

Կլուժի հայ համայնքի ջանքերով Տրանսիլվանիայի էթնոգրաֆիկ թանգարանում կազմակերպվել էր Հայոց cեղասպանությանը նվիրված քննարկում, որի ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան պատմաբան Լորան Մադլին և դոկտորանտ Կլաուդիա Դարաբանը: Քննարկմանը հաջորդեց հիշատակի երեկո` ուղեկցված Ֆլաուտո Դոլչե խմբի դասական համերգով:

Բակաու քաղաքում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ «Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի» շրջանակներում Եռագույնի հրապարակում ելույթներ են ունեցել պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և ռումին գրող Միրչա Բոստան: Քաղաքի ֆիլհարմոնիայում անցկացվելու է սիմպոզիում, որի ընթացքում զեկույցներով հանդես են գալու սենատոր Վարուժան Ոսկանյանը, գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ռումին պրոֆեսորներ: Համայնքային կենտրոնում հաղորդումներ են ունեցել հայաստանցի կամավորներ և ուսանողներ:

Բուխարեստյան միջոցառումները շարունակվելու են Հայ մշակույթի տանը, որտեղ ապրիլի 25-ին «Ցեղասպանության իրավական ասպեկտները» թեմայով ելույթ-քննարկման հյուրն է Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի դոկտոր Նաստի Վլադոյուն: Միջոցառման ընթացքում տեղի է ունենալու Յուրի Բարսեղովի Հայոց Ցեղասպանության իրավական ասպեկտներին նվիրված գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930