Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիթլզ»-ի տղաները չէին մտածում այնպիսի երաժշտություն գրել, որ «տափակ» լինի, ու բոլորը վազելով գան իրենց համերգներին». դիրիժոր

Ապրիլ 25,2014 19:32

«Ես համոզված եմ, որ դեռ հարյուր տարի հետո էլ կհնչի «Բիթլզ»-ի երաժշտությունը: Ես չգիտեմ, թե խմբի հաջողությունը, հատկապես ինչում է, բայց գուցե նրանում է, որ շոու բիզնեսի հարցն այն ժամանակ դեռ դրված չէր, այսինքն՝ նրանք չէին մտածում, թե ինչ կամ ինչպես անեն, որ բոլորն իրենց սիրեն, այնպիսի երաժշտություն գրեն, որ «տափակ» լինի, բայց բոլորը հասկանան ու վազելով գան իրենց համերգներին: Նրանք պարզապես գրել են երաժշտություն, որը գեղեցիկ է, որը հանճարեղ է, և ժողովուրդն է դեպի նրանց գնացել, ոչ թե նրանք՝ դեպի ժողովուրդը: Իսկ այսօր հակառակն է՝ արտիստները փորձում են այնպես անել, որ դուր գան: «Բիթլզ»-ն այսքան երկար «տևում է» ու դեռ «կտևի», որովհետև երբևէ չի փորձել ներկայացնել այնպիսի երաժշտություն, որն անպայմանորեն դուր կգա մարդկանց, իրենք իրենցը գրել են, և դա դուր է եկել պարզապես»,- Մեցցո ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով լիվերպուլյան հանրահայտ քառյակի «անմահության» մասին, այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Վաղը՝ ապրիլի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի «Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգը:

Առաջին անգամ Հայաստանում կհնչեն «Բիթլզ»-ի սիրված ստեղծագործությունների մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար: Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընդգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Էվանսի, Պիացոլայի և այլոց հանրահայտ ստեղծագործությունները:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու նրանց նաև ապրիլի 27-ին՝ Մեցցո ակումբում, ապրիլի 28-ին՝ Ստեփանակերտում, և ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նույն ծրագիրն է լինելու, ինչպես տեղեկացրեց պարոն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում կայանալիք համերգին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն ասաց, որ Ստեփանակերտի մշակույթի նախարարությունն է հետաքրքրված եղել, որ Մոնդելչին հանդես գա նաև Ստեփանակերտում: «Մոնդելչին մի քանի անգամ արդեն եղել է Հայաստանում և այդ այցելությունների ընթացքում նա ինքն էլ է ցանկություն հայտնել լինել Արցախում»,- մանրամասնեց պարոն Նազարյանը:

Մի փոքր բացելով փակագծերը՝ Վ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ինքը միայն առաջին համերգը կղեկավարի, քանի որ մեկնելու է Ճապոնիա՝ ղեկավարելու Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Իսկ Ֆ. Մոնդելչին, համաձայնելով փոխարինել նրան, հանդես կգա նաև որպես դիրիժոր. «Սաքսոֆոնահար լինելուց բացի, նա նաև դիրիժոր է, և ես վստահ եմ, որ նրա ղեկավարմամբ ավելի հեշտ ու լավ կլինի նվագախմբի համար, որովհետև այլևս միջնորդ չի լինի մենակատարի և նվագախմբի միջև, մենակատարը միանգամից կփոխանցի իր բոլոր ցանկությունները նվագախմբին: Այսպես ավելի հետաքրքիր կլինի հանդիսատեսին, միայն թե շատ դժվար կլինի Մոնդելչիի համար, բայց նրա նման արվեստագետի համար դա խնդիր չէ»,- համոզված է Վ. Մարտիրոսյանը:

Անդրադառնալով «Բիթլզ»-ի ստեղծագործությունների մշակումներին՝ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ դրանք շատ յուրօրինակ ու ճաշակով արված մշակումներ են. «Այնպիսի մի աշխատանք է տարված, որ բոլորս վայրկենական ճանաչում ենք «Բիթլզ»-ի գործը, բայց շաբլոն ձևով չի արված, ռիթմային փոփոխություններ են եղել, հարմոնիկ ինչ-որ հարստություններ են ավելացվել, ամեն մի պարտիա առանձին վերցրած դառնում է ինչ-որ անհասկանալի մի բան, բայց միասին վերցրած գլուխգործոց է պարզապես: Ու թեև ժամանակակից ինչ-որ բան կա մեջը, բայց չենք էլ կարող ասել, թե ժամանակակից երաժշտություն է: Ընդհանուր առմամբ, շատ լուրջ աշխատանքներ են տարվել»,- ընդգծեց նա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930