«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով ամբաստանյալներ Արման Բաղդասարյանի, Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի ու Արթուր Բաբլոյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Մարինե Թովմասյանը ու Արմեն Խաչատրյանը բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի դատավճռի:
Բոլոր վեց ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և 100-ական դրամի տուգանքի:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միհրան Պողոսյանը, վերաքննիչ բողոքում ինքը միջնորդել է բեկանել դատավճիռը և ճանաչել Արման Բաղդասարյանի անմեղությունը կամ բեկանել դատավճիռը և ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության:
Փաստաբան Մարինե Թովմասյանը միջնորդում է վերաորակել իր պաշտպանյալներ Գարիկ Մարգարյանի ու Դավիթ Ադամյանի մեղադրանքը: Մասնավորապես, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մասով միջնորդել է վերաորակել նրան ներկայացված մեղադրանքը և մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Կարդացեք նաև
Բողոքներում պաշտպանը բարձրացրել է պատժի անհատականացման հարցը, ինչը չի արվել առաջին ատյանի դատարանի կողմից:
Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը կոպիտ պատասխանեց, որ ինքը պարտավոր չէ ասել, թե ինչ է միջնորդել վերաքննիչ բողոքում: «Ի՞նչ եմ միջնորդել, դա հետագայում կպարզվի»,- շպրտեց նա: Հարկ ենք համարում նշել, որ փաստաբանի պրոֆեսիոնալիզմի մասին վկայող կարևոր բաղադրիչ է լրատվամիջոցների հետ աշխատանքը, ինչը տվյալ դեպքում փաստաբանին հասու չէ:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտել էր, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ ով միջնորդել է ճիշտ քրեաիրավական գնահատական տալ ու նշանակել արդարացի պատիժ:
«Հարսնաքար»-ի գործով բոլոր 6 ամբաստանյալները մեղադրվում են նույն մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 118-րդ հոդվածով՝ ծեծը:
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում