Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

Ապրիլ 25,2014 18:30

Ապրիլի 25-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից:

Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Վերոնշյալ նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում): Նշված արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության եւ երկրի վարկանիշի բարձրացմանը: Ըստ նախարարի՝ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա նաեւ ստվերում գործող ՏՏ ոլորտի սուբյեկտների գրանցման եւ իրավական դաշտում գործելու համար:

Հանձնաժողովը քննարկեց Վարդան Այվազյանի, Հովհաննես Սոֆոյանի, Արմեն Մխիթարյանի եւ Միքայել Մելքումյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2011թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում զգալիորեն նվազել են «շքեղության հարկով» հարկվող ավտոմեքենաների ներկրման ծավալները եւ ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարների չափը: Հաշվի առնելով, որ տվյալ հարկատեսակով սահմանված մեխանիզմը չի ծառայում իր նպատակին՝ առաջարկեց հանել թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը: Ըստ համահեղինակի՝ նախագծի ընդունումից հետո ակնկալվում է ներկրման ծավալների զգալի ավելացում եւ դրանով պայմանավորված՝ ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի հավաքագրում:

Քննարկված օրինագծերը դրական եզրակացություն ստացան նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեց Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի հեղինակած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին: Դրական եզրակացություն ստացան նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ երրորդ ընթերցման ներկայացված «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերը:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրինագծերի քննարկումները:

Նույն օրը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք տրամադրելը ՀՀ կառավարության սահմանած կարգով սահմանելու միջոցով, կրթության հիմքով տարկետում տրամադրելու իրավահարաբերությունները կբերվեն միասնական համակարգման դաշտ` ՀՀ կառավարության 2002 թվականի 1394-Ն որոշման կարգավորման ոլորտ` միաժամանակ հավասար պայմաններ սահմանելով օտարերկրյա բուհերում սովորողների համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Ներկայացվող նախագծերի փաթեթով կարգավորվում է փրկարարական ծառայության կազմակերպման եւ անցկացման, փրկարարական աշխատանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքները եւ պարտականությունները, խրախուսանքները, կարգապահական եւ նյութական պատասխանատվության ու դրանց կիրառման, ինչպես նաեւ ծառայության անցման հետ կապված այլ հարցեր:

Քննարկված օրինագծերը դրական եզրակացություն ստացան նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

Նույն օրը Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը ներկայացրեց օրինագծում կառավարության կողմից կատարված լրացումները: Առաջարկվում է սահմանել «Սեւան» համայնքի, ինչպես նաեւ «Լճավան-Կարճաղբյուր», «Ծովագյուղ-Կալավան», «Ծովագյուղ-Սեւան», «Կալավան-Ծովագյուղ» եւ «Լճավան-Կարճաղբյուր» սահմանագծերի նկարագրերը: Ֆելիքս Բաշոյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են միջկառավարական հանձնաժողովում, արժանացել հավանության:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագիծը կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Տեղի ունեցավ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը ՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ:

«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց հեղինակը՝ Լյովա Խաչատրյանը:

Ըստ զեկուցողի՝ փորձագետները կարծում են, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի՝ 1984թ. անսահմանափակ օգտագործման ժամանակահատվածի համար հաստատված արդյունաբերական պաշարները հուսալի եւ իրատեսական են եւ վերագնահատման կարիք չունեն: Եթե վերջին 10 տարիների ընթացքում պահպանվեր 1984թ. ՊՊՀ կողմից հորատանցքերով սահմանված շահագործման ռեժիմը` 34.7 մ3 /վրկ կամ 1094.3մլն.մ3/տարի միջին տարեկան ջրառը, ապա ԱԱԱ-ում ստորերկրյա ջրային ռեսուրսների հետ առնչվող խնդիրներ չէին լինի: Օրինագծով նախատեսվում է պահպանել 1984թ. Պաշարների պետական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ԱԱԱ ստորջրյա ջրային ռեսուրսների ստորերկրյա ջրերի հետագա շահագործման ռեժիմը:

Ծավալված քննարկումներից հետո բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, որ նոր ուսումնասիրությունների կարիք կա, քանի որ եղած տվյալները հին են:

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը պատրաստվում է կազմակերպել հանրային լսումներ՝ մասնակից դարձնելով շահագրգիռ բոլոր կողմերին:

Օրենքի նախագծի հեղինակ Լյովա Խաչատրյանն առաջարկեց հետաձգել օրինագծի քննարկումը մինչեւ մեկ տարի ժամկետով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթը լրամշակվել է, ընդունվել է առաջարկների զգալի մասը:

Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նա նշեց, որ այս փաթեթը եւս լրամշակվել է, ընդունվել են պատգամավորների առաջարկները:

 

Քննարկված օրենսդրական փաթեթներն ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նախագծերը կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հեղինակների առաջարկով նիստի օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հետաձգվեց մինչեւ 1 տարի:

Հանձնաժողովի որոշմամբ մայիսի 12-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Օրենսդրական գործընթացում մշտական հանձնաժողովների դերը. միջազգային փորձ» թեմայով:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջներն ապահովելու նպատակով, մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը:

Նրա խոսքով՝ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց նաեւ, որ օրենքի 76-րդ հոդվածի գործողության կասեցման ժամկետը լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով ընդունվող ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրենքի նախագծին՝ նստաշրջանի եւ ապրիլի 28-30-ի քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Համաձայն ԱԺ կանոնակարգի ՝ ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի, հանձնաժողովը որոշեց, որ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24ժամվա ընթացքում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930