Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշալի քառյակը կսպասի Հովիկ Աբրահամյանի արձագանքին (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 18:15

Խորհրդարանական «հրաշալի քառյակի» նախորդ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առաջիկա քառօրյայում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու: Այդ նախաձեռնությունը դեռ ուժի մեջ է: Այսօր քառյակի հերթական քննարկումից հետո լրագրողներին այդ մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը. «Մենք որոշել էինք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք նախաձեռնել և արտահերթ նիստ հրավիրել այդ հարցով: Մեր այդ որոշումը մնում է ուժի մեջ՝ կախված կառավարության նախագծի բովանդակությունից: Կբավարարի կառավարության նախագիծն այն խնդիրները, որոնք մենք նախապես ասել ենք, մենք չենք հրավիրի, եթե չէ, մենք կհրավիրենք արտահերթ նիստ՝ մեր պատկերացրած օրակարգով»:

Հիշենենք, որ քառյակն իր այլընտրանքային նախագիծն այսօր արդեն իսկ փոխանցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով անակնկալ կերպով եկավ քառյակի քննարկմանը: Ստեփան Մարգարյանն ասաց, որ ոչ իշխանական չորս ուժերի հիմնական պահանջն այն է, որ պարտադիր բաղադրիչը հանվի նախագծից:

Հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա այցելությունից պարզ չդարձա՞ն կառավարության մտադրությունները, Ստեփան Մարգարյանն ասաց, որ վարչապետի այցն իրենց համար անսպասելի էր. «Իրենք մոտավորապես ասել են իրենցը, մենք էլ մեր տեսակետն ասացինք: Արդեն վաղը կամ երկուշաբթի օրը պարզ կլինի»:

Կառավարությունը մեկ նախագիծ արդեն ներկայացրել է կուտակային համակարգի վերաբերյալ, որն այսօր քննարկվել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում և որն անընդունելի է ոչ իշխանական ուժերի համար: «Ես ենթադրում եմ, որ որոշակի փոփոխություններ պետք է լինեն իրենց նոր բերածի մեջ: Մինչև չլինի իրենց հստակ ու գրավոր բերված նախագիծը, ես ոչինչ չեմ կարող ասել: Իր կողմից ինքը (Հովիկ Աբրահամյանը-Ն. Գ.) հավաստիացնում է, որ ամեն ինչ կանեմ, որ բավարարվեն մարդիկ և այլն, և այլն: Բայց ես չեմ ուզում որևէ բան հստակ ասել մինչև չլինի հստակություն»,- ասաց Մարգարյանը: Վարչապետի հետ քառյակում պայմանավորվել են` կառավարությունը պետք է հստակ ու վերջնական ասի, թե ինչի են իրենք պատրաստ:

Ոչ իշխանական չորս ուժերի համատեղ նիստում քննարկվել է նաև կարմիր գծերի և արագաչափերի հարցը, ոչ իշխանական ուժերն այդ հարցով արտահերթ որոշման նախագիծ էին ներկայացրել ԱԺ, որը պետք է երկուշաբթի քվեարկության դրվի: Քառյակում մնում են իրենց տեսակետին` անհրաժեշտություն կա հանձնաժողով ձևավորելու:

Քառյակի նիստում քննարկված երրորդ հարցը վերաբերել է համատեղ միջոցառումների ծրագրին: Ստեփան Մարգարյանն ասաց, որ քառյակը քննարկել է հետագա գործունեությունը, որը ներառում է ինչպես համատեղ օրինագծերի մշակում հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ, այնպես էլ չեն բացառվում հանդիպումներ հանրահավաքների տեսքով, դահլիճներում, նաև մարզերում: Այդ հավաքները կլինեն հանրությանը հուզող հարցերի շուրջ:

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930