«Դատաբժշկական փորձաքննության արդյունքում որոշվել է անմեղսունակ ճանաչել այդ անձին, ինչը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է, ուստի դատավճիռը համարում եմ արդարացի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք բավարարո՞ւմ է իրենց ՀԱԿ-ի գրասենյակ դաշույններով մտած Օհանյանին քրեական պատասխանատվությունից ազատելու՝ դատարանի որոշումը, այսպես պատասխանեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 1-ին ՀԱԿ գրասենյակ դաշույններով մտած, Սպիտակի քաղխորհրդի նախկին նախագահ Արթուր Օհանյանի նկատմամբ կայացվեց որոշում, ըստ որի՝ անմեղսունակության վիճակում կատարված արարքի համար նա ազատվեց քրեական պատասխանատվությունից: Նրա նկատմամբ կիրառվել է հարկադրական բուժում՝ հոգեբուժական ընդհանուր վերահսկողության բաժանմունքում:
Անդրադառնալով որոշմանը՝ պարոն Խաչատրյանը շարունակեց. «Եթե մարդն ունի հոգեկան խնդիրներ, հոգեբուժական խնդիրներ, ինչը ապացուցվել էր թե՛ նրա վարքով, թե՛ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, ապա վճիռը բավարարում է մեզ: Դատարանի որոշմամբ այդ անձին բժշկական կանխարգելիչ միջոցների ենթարկելու որոշում կայացվեց, բնականաբար համարում եմ, որ դա արդարացի դատավճիռ էր»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք կասկածելի չէ՞ր այն, որ հոգեբուժական խնդիրներ ունեցող անձը հարձակվեց հենց ՀԱԿ-ի գրասենյակի վրա, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Այդ հոդվածով առաջադրված մեղադրական սանկցիան ընդամենը տուգանք է նախատեսում, իսկ բժշկական միջոց կիրառելը նշանակում է հոգեբուժարանում անցկացնել ժամանակահատված` մինչև անձի մոտ որոշակի առողջական վիճակի փոփոխություններ կլինեն: Դժվար է ասել, թե որն է ավելի ծանր պատժի միջոց: Մեզ պատիժն այս պարագայում ավելի քիչ է հետաքրքրում: Որպես տուժողների ներկայացուցիչ` ինքս միացա դատախազի միջնորդությանը, այն չառարկեցի և դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու որևէ հիմք չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին` արդյոք հատուկ ուղղորդում չի՞ տեսնում ՀԱԿ-ի գրասենյակ ներխուժած Օհանյանի գործողություններում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ես նախաքննության ընթացքում ներգրավվել եմ` որպես չորս տուժողների ներկայացուցիչ, նույն կարգավիճակում մասնակցել եմ գործի քննությանը առաջին ատյանի դատարանում, ստացել եմ քրեական գործերի նյութերը, ծանոթացել դրանց: Եվ եթե որևէ անհամաձայնություն լիներ նախաքննական մարմնի գործողությունների հետ, ապա միջնորդություններով հանդես կգայի: Եթե անգամ տեսականորեն միգուցե կար ինչ-որ մեկի կողմից սադրանք, ապա դա որևէ կերպ չի կարող փոխել այն վիճակը, որն այսօր կա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Վեզիրյանի