Լրահոս
Օրվա լրահոսը

100 տարի անց Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն է տեղի ունեցել

Ապրիլ 25,2014 17:52

Առաջին մկրտվողը եղել է սուրենավանցի 8-ամյա Վանը

«Անցյալ տարի սեպտեմբերի 8-ին 8-ամյա տղայիս՝ Վանի հետ շրջագայեցինք Արեւմտյան Հայաստանով մեկ: Թեկուզ նրա փոքր տարիքին՝ ցույց տվեցի մեր կորցրած Հայրենիքի որոշ մասը՝ իր պատմամշակութային գլուխգործոցներով:

Իմ գիտակցության ձեւավորման տարիքից ուխտ էի արել՝ ունենալ տղա, Վան կոչել նրան եւ մկրտել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ու այնտեղ էլ նրան բացատրել իր անվանակոչության իմաստը եւ խորհուրդը: Այդպես էլ եղավ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Ռուբեն Ղազարյանը: Նա իր ուխտը ի կատար ածելու համար խնդրանքով դիմել է Պոլսի Հայոց պատրիարքարանի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին.

«Իմ խնդրանքն ի կատար ածվեց: Արքեպիսկոպոսի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետք է Վանիս մկրտեի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, որտեղ Թուրքիայի իշխանությունները 2010 թվականից սկսած՝ իրավունք են տվել սեպտեմբեր ամսի առաջին կիրակի օրը պատարագ կատարել, հենց այդ օրն էլ կատարել մկրտություն: Պոլսի պատրիարքը իմ առաջարկից հետո ուսումնասիրելով Սուրբ Խաչ եկեղեցու արխիվը՝ ինձ հայտնեց, որ վերջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն կատարվել է 100 տարի առաջ: Եվ այդպես ուղեւորվեցինք Էրգիր՝ իրականացնելու ուխտս»:

Ռուբեն Ղազարյանի պատմելով՝ 100 տարի անց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կրկին մկրտություն է կատարվել. «Որի խորհուրդը կրեց Վան անվանակոչված 8-ամյա տղաս: Մեծ եւ աննկարագրելի զգացում ապրեցի փոքրիկ Վանիս հետ մեր պապերի երկրում շրջագայելով, Վանա լճում լողալով եւ Աղթամար կղզու Սուրբ Աղթամար եկեղեցում մկրտելով նրան»:

Ռուբեն Ղազարյանի ներկայացմամբ՝ մկրտությունից օրեր անց Պոլսի Հայոց պատրիարքարանի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը գալով Հայաստան՝ հյուրընկալվել է փոքրիկ Վանին՝ իր հետ բերելով մկրտության վկայականը:

«Այս ամենը գրելով ամենեւին էլ ցանկություն չունեմ իմ արածը գովազդելու կամ ինձ հերոսացնելու, սակայն ունեմ նպատակ՝ իմ արած քայլով լինել չակերտյալ վարակիչ մեր կորցրած հայրենիքի անվանակոչությունները ժամանակավորապես հավերժացնելու, գալիք սերունդներին հասցնելու եւ բացատրելու մեզ պատկանելիք կորցրած արժեքները: Կոչ եմ անում բոլորին՝ այսուհետև Ապրիլի-24-ը հայոց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող օր լինելուց բացի՝ թող լինի պայքարի եւ պահանջատիրության օր»,- ասում է Ռուբեն Ղազարյանը:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930