Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը հաշվետու է Գարեգին Բ-ին եւ հանրության կարծիքը կարեւոր չէ»

Ապրիլ 25,2014 17:47

«Հայաստանի նման «ժողովրդավար» երկրներում հանրային կարծիքը բացարձակապես կարեւոր չէ, որովհետեւ հանրային կարծիքը կարեւոր է այն ժամանակ, երբ որ հանրությունն է իշխանություն ձեւավորում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը, որը մեր խնդրանքով մեկնաբանեց ապրիլի 23-ին ՀՀ Ազգային գիտությունների տարեկան ժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթին:

Ակադեմիկոս Ջրբաշյանը, երբ նախագահին է փոխանցել երիտասարդ գիտնականների մտահոգությունը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, Սերժ Սարգսյանն ասել է` «Եթե ՀՀ կառավարությունն ու նախագահը ղեկավարվեն մարդկանց դուր եկող թեզիսներով, մենք առաջընթաց չենք ունենա»:

Stepan-Danielyan

Aravot.am-ը պարոն Դանիելյանից, որը ժողովրդավարական արժեքներ քարոզող կառույցի ղեկավար է, հետաքրքրվեց, թե արդյոք համարժե՞ք է Սերժ Սարգսյանի պատասխանը ժողովրդավարական երկրի նախագահի պատասխանին: Մեր այն դիտարկմանը, թե ժողովրդավարություն հենց նշանակում է ժողովրդի իշխանություն,
ժողովրդի համաձայնությամբ ընտրված կառավարություն, պարոն Դանիելյանն ասաց. «Եթե իշխանություն կոչվածը հաշվետու չէ հասարակության առաջ եւ չի ձեւավորվում հասարակության կողմից, ապա, բնականաբար, հանրության կարծիքը կարեւոր չէ: Մեզ մոտ իշխանությունը ձեւավորվում է Աստծո կողմից` եկեղեցու միջոցով եւ կաթողիկոսը գալիս է նախագահին Աստծո անունից նշանակում է նախագահ եւ, բնականաբար, Սերժ Սարգսյանը հաշվետու է Գարեգին Բ-ին եւ հանրության կարծիքը կարեւոր չէ»:

Eleonora Manandyan

«Նոր Հայաստան» հ/կ նախագահ Էլեոնորա Մանանդյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ նախագահի ասածները: Նրա համոզմամբ՝ ե’ւ նախագահը, ե’ւ նորանշանակ վարչապետը դեռ շատ տարբեր արտահայտություններով կզարմացնեն հանրությանը. «Ոչ միայն ժողովրդավար պետությունը, այլեւ ընդհանրապես պետությունը կոչված է հենց մարդկանց պաշտպանության համար, հակառակ դեպքում պետության կարիքը չէր լինի:
Արդեն այնքան ենք մենք անկում ապրել, որ արդեն խոսքը գնում է ոչ թե, պարզապես, դիկտատուրայի կամ ինչ- որ այլ դրսեւորումների մասին, այլ, պարզապես, տարանջատման, ժողովուրդը՝ որպես կատեգորիա, եւս չկա, պարզապես ամեն մի մարդ ինչ-որ կարծիք է արտահայտում եւ իրենք էլ համարում են, որ իրենք էլ են մարդ, որը սեփական կարծիքն ունի եւ այդքանով բավարարվում են եւ դա ամենատխուրն է, որ մեր պետությունում այսօր տեղի է ունենում»:

Levon_Barsegyan
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հ/կ-ի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով էլ Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ «ապացուցում է, որ ինքը հանրության հետ կապ չունեցող որոշումների պարագլուխ կարող է լինել կամ դրանք ի կատար ածող»: Լեւոն Բարսեղյանի խոսքերով, բազմաթիվ օրինակներ կան. «Ամենացցուն օրինակը սեպտեմբերի 3-ի օրինակն էր` թե Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը, այնինչ Հայաստանը նման ցանկություն չի հայտնել ու մինչեւ հիմա էլ չի հայտնել: Մարդը իրականությունն ադեկվատ չի ընկալում: Ես առանց հեգնանքի, առանց վիրավորանքի եմ դա ասում, ես ուղղակի գնահատում եմ այդ մարդու վարքը որպես այդպիսին, ինքը համարում է, որ այն երկրում, որի սահմանադրության մեջ ժողովրդավարությունը իշխանության ձեւավորման գերագույն սկզբունք է սահմանած, այդ երկրում ինքը չպիտի լսի հանրության կամքը, ի՞նչ խոսես այդ մարդու հետ:

Ինքը փաստորեն կիսվում է, փորձում է երկու կես լինել` մի կողմից օրենքներով սահմանված նորմերի, մյուս կողմից՝ իրականության միջեւ, եւ ինքն ամեն անգամ ընտրում է իրականությունը եւ իրականությունը համարում է ավելի ճիշտ, քան թե օրենքներով սահմանվածը, իր հոգեբանական կոնֆլիկտը դրա մեջ է: Ինքը համարում է, որ մարդկանց կարծիքը չպիտի լինի դոմինանտ պետական նշանակության խոշոր ծրագրերի համար որոշում կայացնելիս, ինքը համարում է, որ հասարակության կարծիքն առաջնային չպիտի լինի, եւ պետք է առաջնային լինի իշխանության մի քանի մարդկանց կարծիքը` նախագահի եւ կառավարության: Բազմաթիվ ապացույցներ կան, որ այդ մարդիկ էլ կտրված են հասարակությունից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930