Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները նախարարին նեղը գցեցին (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 17:37

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր բավական բուռն քննարկումներ տեղի ունեցան կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու նախագծի շուրջ:

Հիշեցնենք, վերանայման անհրաժեշտությունն առաջացավ, երբ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ փոխանցումներ չկատարած գործատուները տույժ ու տուգանքներ չեն վճարի:

Հարցն առաջիկա քառօրյայի օրակարգում կընդգրկվի, թեպետ ՀԱԿ-ական Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ-ական Արագած Ախոյանը չքվեարկեցին: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն առավել վաղ էր իր անհամաձայնությունն արտահայտել եւ դուրս եկել`քառյակի հանդիպմանը մասնակցելու նպատակով: ՀՀԿ-ական պատգամավորները`Հակոբ Հակոբյանը, որը նաեւ հանձնաժողովի նախագահն է, Ռուբեն Հովսեփյանը եւ Վրեժ Մարկոսյանը կողմ քվեարկեցին:

socialakan handznajogov (1)Հետաքրքրական է, որ Վրեժ Մարկոսյանը հարց ու պատասխանի ժամանակ բավական ընդդիմադիր կեցվածք էր դրսեւորել: «Հիմա եթե չփոխանցեն, տույժեր չի՞ առաջանա: Ապրիլից չենք փոխանցի մինչև սեպտեմբեր, հետագայում չե՞ն ասի` օրենքը չես կատարել»,- նախարարին հարցրեց նա`ստանալով իրեն բավարարող «ոչ» պատասխանը:

Սակայն, ինչպես հետագա քննարկումները ցույց տվեցին, օրենքում բազմաթիվ բաց կետեր կան, այդ թվում նաեւ պարտադիր բաղադրիչի եւ վերահաշվարկի հետ կապված: Վրեժ Մարկոսյանն անգամ իր մի շարք հարցերին ոչ ցանկալի պատասխաններ ստանալով`նեղսրտեց`«Փաստորեն, բանվորն էլի տուժում ա»:

Վրեժ Մարկոսյանը նախարարին հարցրեց`ինչպե՞ս եք կարծում, մեր երկրում պարտադիր է լինելու, թե՞ կամավոր: «Ես կարծում եմ, որ լավ ա լինելու»,- պատասխանեց նախարարը:

Այլ մանրամասները`տեսանյութում


ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ է նախատեսվում բոլոր այն աշխատողների ու գործատուների համար, ովքեր մինչև հիմա պարտադրված էին կատարում այդ վճարներ:

Նախարարն ասաց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործածությունը կանոնակարգված է եղել օրենքով և այս ընթացքում կատարված վճարումները քաղաքացիների հաշիվներում են, դրանց ներդրումից ու կառավարումից եկող գումարները ևս քաղաքացիներինն են, հետևաբար, գործատուները, որոնք կատարել են, չեն կորչում, դրանք աշխատողի սեփականությունն են:

Լյուդմիլա Սարգսյանի ուղիղ հարցին`պահումներ կրկին լինելո՞ւ են, նախարարը խուսափեց ուղիղ պատասխանից, ասելով, որ բոլոր խնդիրները կլուծվեն ՍԴ-ի նշած վերջնաժամկետին`սեպտեմբերի 30-ին ներկայացվելիք ամբողջական փաթեթով:

socialakan handznajogov

Ի դեպ, պատգամավորի հարցերի պատասխանների ժամանակ Հակոբ Հակոբյանն անընդհատ փորձում էր ուղղորդել նախարարին`իր ասելիքում: Լյուդմիլա Սարգսյանը դիտողություն արեց Հակոբ Հակոբյանին. «Ոնց որ ուրիշ բաներ եք հուշում»:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն իր ելույթում ասաց, որ այն ինչ ներկայացրեց վարչապետը եւ այժմ ներկայացնում է կառավարությունը` տարբեր են. «Հասարակությունը սա չի ընկալելու որպես լուծում: Մեր հարցուպատասխանից ակնհայտ է, որ լուծումներ չեն երեւում»: Նա հորդորեց, մինչ երկուշաբթի`քառօրյայի մեկնարկը հստակեցնել նախագիծն, այլապես քառյակին ինքը կհորդորի, որպեսզի արտահերթ նիստի իրենց նախաձեռնությունն ուժի մեջ մնա. «Այս տարբերակն առաջարկելով`կառավարությունը կիսատ քայլ է անում`քննարկեք եւ առաջարկություններն արեք»:

Իր եզրափակիչ ելույթում Արտեմ Ասատրյանն ասաց, որ համաձայն է, որ լրացուցիչ քննարկեն. «Վարչապետը կոնսենսուսի կողմնակից է, ես բոլոր հարցերն իրեն կփոխանցեմ: Վարչապետի եւ կառավարության նպատակն է փոխադարձ հասկացողության մթնոլորտ ձեւավորել, որը թույլ կտա կարեւորագույն նշանակություն ունեցող այս բարեփոխումն իրականացնել: Կան հարցեր, որոնք պատրաստ ենք լսել, քննարկել եւ լուծումներ տալ: Այս փուլում գոնե առկա հարցերը կունենան պատասխաններ եւ որոշակիություն կմտնի պարտադիր բաղադրիչի հետ կապված: Ամբողջական լուծումներ ապահովող օրենսդրական փաթեթի վերջնաժամկետին բոլոր արձանագրված խնդիրները հստակ լուծումներ կունենան»:

Վերահաշվարկի եւ այլ կոնցեպտուալ դրույթների հետ կապված, նա կարծում է, որ չպետք է հիմա քայլ անեն, որ հետո վերանայման կարիք լինի. «Այս առաջին քայլն իրականացնելով`ակնկալում ենք ավելի ամբողջական եւ համապարփակ քննարկում, բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներով: Եթե ՍԴ-ի իրավական գնահատականը հստակ լիներ, կարծում եմ, նաեւ այսօր այս քննարկման կարիքը չէր լինի»:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ հարցի քաղաքական նպատակը հետեւյալն է`ժամանակավոր սառեցնել բոլոր հարաբերությունները, որպեսզի հետեւանքներ չլինեն, մինչեւ վերջնական որոշում: «Մենք ունենք բաց տեղ եւ ես խնդրում եմ, որ մինչեւ ամսի 29-ը`երկրորդ ընթերցում, քննարկենք, որպեսզի բաց տեղեր չլինեն: Խնդիրը վերաբերվում է նրան, որ այս նախագծով չենք կարգավորում հաշվարկի սկզբունքը: Մենք միայն ասում ենք`ցանկացած դեպքում տույժ տուգանք չի կիրառվում»:
Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց: Ըստ նրա, «բաց տեղը» գործատու-աշխատող հարթությունում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930