ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով՝ ՀՀ-ում փոփոխություն չի լինելու, մինչեւ չլինի սոցիալ-տնտեսական կուրսի փոփոխում:
«ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը հասարակ քաղաքացու կյանքում ոչ մի փոփոխություն չի մտցնելու»:
Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:
Նրա կարծիքով՝ մեր երկրում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:
«ՀՀ-ում փոփոխություն չի լինելու, մինչեւ չլինի սոցիալ-տնտեսական կուրսի փոփոխում, մինչեւ չլինի համակարգային փոփոխություն: Ում ուզում է բերեն, վարչապետ նշանակեն, միեւնույն է` այսօրվա համակարգը ոչ ոքի չի թողնում աշխատել»,-նշեց Անդրանիկ Ղուկասյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ եթե, օրինակ, ՀՀ վարչապետը որոշի փոխել երկրի սոցիալ-տնտեսական կուրսը, նրան այդ անել պարզապես թույլ չեն տա:
«Հիմա վարչապետը փոխվել է, ժողովուրդը սպասում է ինչ-որ փոփոխության, բայց չեն թողնելու աշխատի: Հիմա եթե վարչապետը ասի՝ ես փոխում եմ սոցիալ-տնտեսական կուրսը, նրան հաջողություն կմաղթեն կամ չեն հաստատի ծրագիրը»,- եզրափակեց ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ