Ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:
Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:
Միջոցառմանը ելույթ ունեցան Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսեցին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրեցին, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ