Ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը, որ Երևան է ժամանել մասնավոր այցով, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հրավերով մասնակցում է նաև «Մենք հիշում ենք» կրթամշակութային ծրագրին, որը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 99-ամյակի հիշատակի օրվան։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Պատրիկ Մալաքյանը Երևանի հ. 128 դպրոցում ներկա են եղել ծրագրում ընդգրկված միջոցառումներից մեկին։
«Ողջունելի է, որ հանդիպումներն սկսել եք հատկապես դպրոցներից. որպես հայկական՝ աշխարհում ամենակայացած համայնքներից մեկի ներկայացուցիչ, այն էլ՝ նման հարուստ կենսագրությամբ, վստահ եմ՝ Դուք շատ օգտակար ասելիք ունեք մեր դպրոցականներին։ Ֆրանսահայ համայնքը տվել է կարկառուն ներկայացուցիչներ արվեստի, գիտության բնագավառներում, ովքեր հեղինակություն են բերել հայ ազգին ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև ողջ աշխարհում։ Հպարտ ենք Անրի Վերնոյով, ով համաշխարհային նշանակության արվեստագետ է, կինոռեժիսոր և ում ստեղծագործությունների մեջ, անգամ եթե ոչ ուղիղ կերպով, ապա գոնե հպանցիկ հայի հոգին առկա է»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ հոկտեմբերին՝ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան օրը, ծրագրված է Երևանում բացել նրա անունը կրող փողոցը։ Հանդիսավոր արարողությաը մասնակցելու են Անրի Վերնոյի զավակները, հարազատները։
«Ինձ համար շատ կարևոր էր գալ Հայաստան և հենց այս օրերին լինել Հայաստանում։ Ինձ Հայաստան է բերել իմ սիրտը։ Այսուհետ Երևանում հաճախ եմ լինելու. իմ հաջորդ այցին պատրաստվում եմ հայերեն խոսել և ստեղծագործական ծրագրեր էլ ունեմ այստեղ»,- ասել է Պատրիկ Մալաքյանը։
Երևանի կինոսրահներից մեկում Պատրիկ Մալաքյանը աշակերտների և ուսուցիչների հետ միասին նաև «Մայրիկ» ֆիլմն է դիտել հայերեն թարգմանությամբ, ապա զրուցել ներկաների հետ ֆիլմի և առհասարակ Անրի Վերնոյ կինոռեժիսորի ստեղծագործական կյանքի մասին։ Հանդիպմանը մասնակցել են Երևանի տարբեր դպրոցների 7-8-րդ դասարանների աշակերտներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն