Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրունո Բրունի. «Հայկական և իտալական արվեստները որոշակի նմանություններ ունեն»

Ապրիլ 25,2014 16:42

Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իտալացի անվանի նկարիչ, քանդակագործ Բրունո Բրունիի աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՀՀ նախագահի հովանու ներքո:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, համադրողը «Անտիկյան» ցուցասրահն է, իսկ գլխավոր հովանավորը՝ «Ռենկո» շինարարական կազմակերպությունը:

Վերջինիս ներկայացուցիչ Ջիովաննի Գասպարինին պատահական չի համարում, որ «Ռենկո»-ի համագործակցությունը Հայաստանի հետ հատկապես մշակութային ոլորտում է. «Շատ քիչ վայրեր կան աշխարհում, որոնց հանդեպ մեծ սեր եմ տածում, և դրանցից մեկը Հայաստանն է,- ասում է նա,- Հայաստանը, իհարկե, դեռևս կարիք ունի ավելի ճանաչված լինելու և արժանի է դրան: Իսկապես, մենք Հայաստանում մշակութային բարձր մակարդակ ենք տեսնում, և Եվրոպայի շատ երկրներ պարզապես կնախանձեին հայկական մշակույթին: Հայերը պետք է հպարտ լինեն, որ նման ինքնատիպ մշակույթ ունեն: Մենք այստեղ մեր մշակույթին մոտ մշակույթ ենք գտել, ինչը և´ հաճելի է, և´ շատ կարևոր տվյալ երկրում աշխատելու համար: Ինչ վերաբերում է Բրունո Բրունիի աշխատանքների ցուցադրությանը, ես համոզված եմ, որ այստեղ հիանալի ցուցահանդես կանցկացվի»:

2014-04-25 11.36.40
Նշենք, որ արվեստագետը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կներկայացնի իր ստեղծագործական բոլոր շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք:

«Իմ աշխատանքներն ընկալելը շատ հեշտ է: Պարզապես դիտել է պետք»,- ասում է Բրունո Բրունին:

Նկարիչը շատ ընդհանրություններ է տեսնում հայերի և իտալացիների միջև. «Ամենից առաջ մենք նման ենք իրար որպես երկու քրիստոնյա երկրներ, և, բացի այդ, հայերն ու իտալացիները մտածելակերպով են նման, ինչն արտահայտվում է նաև արվեստի մեջ: Օրինակ՝ հենց Հայաստանի ազգային պատկերասրահի երրորդ հարկում գտնվող որմնանկարները շատ ընդհանրություններ ունեն իտալական որմնանկարների հետ»:

Արվեստագետը ցավով նկատեց, որ այնքան էլ լավ չի ճանաչում Հայաստանը: «Հայաստանում գտնվելուս ընթացքում կփորձեմ հնարավորինս շատ շրջել և տեսնել ձեր երկիրը, ուզում եմ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել Հայաստանի մասին: Ամեն դեպքում, ինչ որ տեսել եմ այստեղ, ինձ շատ է դուր եկել»,- ասաց Բ. Բրունին:

Արմինե Անտիկյանի փոխանցմամբ՝ Բրունո Բրունիի աշխատանքների ցուցադրությունը կշարունակվի մինչև հունիսի 2-ը: Իսկ այդ ընթացքում իրենք կփորձեն կազմակերպել արվեստագետի հանդիպումը արվեստի բուհերի ուսանողների հետ: «Մենք անհրաժեշտ ենք համարում այդպիսի հանդիպումները, որովհետև կարծում ենք, որ այդ երկուստեք շփումները շատ բան են տալիս ինչպես արվեստագետին, այնպես էլ նրա արվեստով հետաքրքրվողներին»,- ընդգծեց «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիրը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930