Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի՝ քաղաքացիությունը հեշտացնելու մասին օրենքը տարակարծություն է առաջացնում. Ռուբեն Եգանյան

Ապրիլ 25,2014 15:30

«Ռուսաստանի զարգացումները ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական այնպիսին են, որ առանց միգրացիոն բնակչության ներհոսքին երկիրը չի կարող տեւական կայուն զարգացում ունենալ»,- այսօր՝ ապրիլի 25-ին՝լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքերով՝ ռուսական միգրացիոն քաղաքականությունը կայունություն չունի. շարունակ մի ծայրահեղությունից մյուսն է անցնում: Ժողովրդագիրը այդ քաղաքականության անկայունության օրինակ է համարում տարվա սկզբի օրենքի վերանայումը, որի արդյունքում մի շարք ՌԴ-ում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը արգելվել է դաշնություն, քանի որ նրանք խախտել են երկրի միգրացիոն օրենսդրությունը. «Դա շատ ծանր խնդիր է լինելու Հայաստանի համար, քանի որ այդ մարդկանց գոյության միջոցների հիմնական աղբյուրը ձեւավորվում էր այդ արտաքին աշխատանքային միգրացիայի հաշվին: Եթե նրանք 3-5 տարի այդ հնարավորությունը չունենան գնալ, շատ վատ վիճակում կհայտնվեն ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց ընտանիքները, այսինքն՝ Հայաստանում մոտ 700 հազար մարդ հայտնվում է անհուսալի վիճակում»:

Անդրադառնալով մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված քաղաքացիությունը հեշտացնելու մասին օրենքին՝ պարոն Եգանյանը նշեց, որ օրենքի մի շարք կետեր տարակարծություն են առաջացնում, քանի որ օրենքի նախագծում նշված է եղել, որ նախկին Ռուսական կայսրության, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում երբեւէ բնակված բոլոր անձինք, որոնք ունեն ռուսաց լեզվի մինիմալ իմացություն, կարող են արագացված կարգով դիմել եւ ստանալ քաղաքացիություն. «Հետո մշակումների, ընթերցումների ժամանակ ինչ-որ հետաքրքիր սահմանում սկզբից գալիս է «նախկին Ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ տարածքում, բայց ներկայիս Ռուսաստանի տարածքում», անհասկանալի ձեւակերպում է. եթե խոսքը գնում է ներկայիս Ռուսաստանի տարածքում ապրած մարդկանց համար անհասկանալի է, թե դիմացի երկու արտահայտությունները ինչի՞ են պետք, եթե նրանց մասին է, հասկանալի չէ, թե վերջին արտահայտությունը ինչի՞ է պետք: Տպավորություն է ստացվում, որ հատուկ սարքված կազուս է, որը հնարավորություն է տալիս տարբեր ձեւերով ընկալելու»:

Ռուբեն Եգանյանը մեջբերեց ռուս փորձագետներից մեկի կարծիքը, ըստ որի, սկզբում օրենքը ձեւավորվել էր Ուկրաինական ճգնաժամի վրա ազդելու համար, բայց ստացվեց այնպես, որ այսօր քաղաքացիություն ստանալու արագացված կարգ չեն կարող ստանալ ո՛չ ուկրաինացիները, ո՛չ անդրկովկասցիները եւ ո՛չ էլ Միջին ասիացիները:

Պարոն Եգանյանը չբացառեց այն երեւույթը, որ այդ արագացված կարգով քաղաքացիություն ստանալու համար մարդկանց մի կատեգորիային կցուցաբերվի մի մոտեցում, իսկ մի այլ կատեգորիային՝ ուրիշ: Նա հայտարարեց, որ ցանկանում է ձեռնպահ մնալ օրենքի հետեւանքների մեկնաբանություններից, քանի որ օրենքն անորոշ է համարում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930