Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանից ու նրա շահերի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Արտավազդ Այվազյանից նոր քաղաքացիներ են շարունակում տուժել: Այդ մասին այսօր «Նոյյան տապան» ակումբում ահազանգեցին «Վելես իրավապաշտպան» հ/կ նախագահ Մարինե Պողոսյանը եւ փաստաբաններ Գեղամ Սիմոնյանն ու Մկրտիչ Դավթյանը:
Նրանց պատմելով, նախկին պաշտոնյան՝ Երիցյանը, արդեն մի քանի տարի է՝ վաշխառությամբ է զբաղված եւ քաղաքացիներին ԿԲ-ի սահմանած տոկոսադրույքներից մի քանի անգամ ավելի բարձր տոկոսով գումարներ է տալիս. «Վաշխառուների բանդա է ձեւավորվել, եւ մեր շփումները բերում են նույն անունները, այդ մարդիկ ունեն իրենց դատավորները, բրոքերները, նույն վաշխառուների գործերը քննում են նույն դատարաններում»:
Տիկին Պողոսյանի խոսքով՝ մոտ տասը քաղաքացի այս պահին Հովհաննես Երիցյանից տուժած կա, տուժածներից մի քանիսը հայտնվել են փողոցում՝ զրկվելով տներից. «Չորս կին մնացել է բաց երկնքի տակ»:
Փաստաբան Գեղամ Սիմոնյանն էլ հասարակական չարիք համարեց վաշխառությունը:
Կարդացեք նաև
Փաստաբան Մկրտիչ Դավթյանը նկատեց, որ Քրեական օրենսգրքով է կարգավորվում վաշխառության ոլորտը, բայց Վճռաբեկ դատարանը կանաչ լույս է տվել վաշխառուներին. «Օգտվելով նախադեպային որոշումից, որ վաշխառությունը պետք է ապացուցվի գրավոր փաստաթղթով, նպաստեց վաշխառուներին խուսափել պատասխանատվությունից»: Ըստ նրա, հիմա վաշխառուները ոչ մի գրավոր փաստաթուղթ չեն ձեւակերպում, միանգամից գրավ դրված անշարժ գույքի առք ու վաճառք են ձեւակերպում ու իրենցով են անում»:
Գեղամ Սիմոնյանն էլ ասաց, որ մարդիկ վաշխառության մակարդակից անցել են խարդախության մակարդակի. «Նպատակ են հետապնդում ոչ թե տոկոսադրույքները ստանալ, այլ տիրանալ ուրիշի գույքին: Չնչին գումարներով արժեքավոր գույք են ձեռք բերում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ