«Արդյոք 99 տարի անց մեր երկրում ցեղասպանություն տեղի չի ունենո՞ւմ»,- ըստ ռեժիսոր Արեգ Ազատյանի, հենց այս հարցի վերհանումն է ամփոփված «Ռոմանտիկները» ֆիլմի գերխնդրի մեջ: Այսօր «Հայելի» ակումբում նա պարզաբանեց, որ արտագաղթը, երիտասարդների գործազրկությունը և բացասական մի շարք գործոններ ստիպում են հանգել այդ եզրակացությանը:
Ֆիլմը պատմում է հայ և օտարերկրյա երիտասարդների փոխհարաբերությունների և հակադրությունների մասին , որոնք ի հայտ են գալիս , երբ խոսք է բացվում ցեղասպանության մասին : Հերոսներն ազատ ներկայացնում են իրենց դիրքորոշումն այդ խնդրի շուրջ: Այստեղ ներգրավված է նաև Գերմանիայի հարցը բացասական իմաստով, որն էլ իր հերթին առաջացնում է բախումների նոր ալիք. գերմանացիները խուսափում են բաց ներկայացնել ֆիլմն այն պարզ պատճառով , որ այնտեղ թուրք համայնքը զգալի մաս է կազմում :
«Ռոմանտիկները» ֆիլմը պատմում է իրատես, ինտելեկտուալ երիտասարդների մասին , որոնք անկաշկանդ են իրենց մտքերի, զգացումների մեջ: Գործողությունները կատարվում են մեկ օրում: Գլխավոր հերոսը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, և այդ առիթով ընկերները խնջույք են կազմակերպում ամառանոցում: Իրադարձությունների չնախատեսված շղթան հանգեցնում է ողբերգության , որն անդառնալի կերպով ազդում է ֆավորիտ կերպարի հետագա քայլերի վրա: Ըստ ռեժիսոր Ազատյանի, ֆիլմի հերոսներն այնքանով են ռոմանտիկ, որ չեն գիտակցում իրենց մեղքը:
Գլխավոր կերպարի դերակատարը՝ Նարեկ Քթոյանը նշում է, որ «Ռոմանտիկները» երեք գրոշանոց ֆիլմ չէ, յուրատեսակ է և մտածելու, վերլուծելու առիթ է տալիս, սա կոմերցիոն աղբ չէ:
Այն նկարահանվել է արձակագիր Արեգ Ազատյանի համանուն վիպակի հիման վրա, որը լույս կտեսնի հավանաբար տարեվերջին: Սա ռեժիսորներ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է :
Կինոյի համաշխարհային պրեմիերան եղել է հունվարի 26-ին (Շվեդիա), իսկ Հայաստանում կկայանա այսօր «Մոսկվա» կինոթատրոնում՝ ժամը 20 : 00-ին:
Շուշան ԻՍՊԻՐՅԱՆ