Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթափ ու սրտացավ լինենք Սևանի ու Արարատյան դաշտավայրի հանդեպ». Արարատյան դաշտի ՋՕԸ-ներ

Ապրիլ 25,2014 14:28

Այս օրերին Սևանա լճից հավելյալ ջրառի թեման շարունակում է ակտիվ շրջանառվել հասարակական-բնապահպանական, քաղաքական ու գիտական շրջանակներում՝ ուղեկցվելով տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց մեջ գերակշռող են Սևանի մակարդակի պահպանման մտահոգությամբ պայմանավորված, սակայն հաճախ նաև սխալ մեկնաբանությունները: Հերթականը հնչել է ապրիլի քսաներեքին՝ երկրի գիտական բարձրագույն ամբիոնից. խոսքը ԳԱԱ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի հայտարարության մասին է:

Գիտնականը մասնավորապես կոչ է արել Ակադեմիային՝ արգելել Սևանից ջրի բացթողումը, ընդգծելով, որ լիճը ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական կարևորություն ունի: Չենք կարծում, թե մեր իրականության մեջ կարող է լինել մեկը, որ թերագնահատի Սևանի նշանակությունը մեր երկրի համար, իսկ հավելյալ ջրառի պարտադրված քայլն ամենևին չի նշանակում, թե Սևանի շահը ստորադասվում է. որոշումը կայացվել է լրջագույն հիմնավորումներով ու լճի անվտանգության երաշխիքներով:

Մենք, Արարատյան դաշտավայրի ջրօգտագործողների ընկերություններս, անցած ամիսներին շատ ենք լսել «կույր» քննադատություններ՝ ընդդեմ հավելյալ ջրառի, սակայն մեզ առավել վրդովեցրել է ակադեմիկոսի, անվանի գիտնականի խոսքը, անտեղյակությունն իրականությունից ու խնդրի լրջությունից: Ջրբաշյանն անխնա մեղադրում է խորհրդարանականներին՝ «ինչպիսի հեշտությամբ դուք ձեր՝ անկարողություն ասեմ, անընդունակություն ասեմ, շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը». հուզական այս ելույթին ու կտրուկ որակումներին հակադարձում է երկրի Նախագահը՝ իրավիճակի կարգավորման սթափ գնահատականով ու հավասարակշռված մոտեցմամբ՝ հարգարժան գիտնականին հիշեցնելով, որ «ԱԺ-ն ժամանակին Սևանի մասին օրենք է ընդունել, որը սահմանում է, թե տարեկան ինչքան է նախատեսվում բարձրացնել լճի մակարդակը: Իսկ հիմնավորումների հեղինակը Գիտությունների ազգային ակադեմիան է»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հավելել է նաև, որ Սևանա լճի մակարդակն անցած տարիներին նախատեսվածից ավելին է բարձրացել և այսօր Արարատյան դաշտում ստեղծված իրավիճակից ելնելով, կարող ենք մեզ հավելյալ ջրառ թույլ տալ՝ առանց վնասելու լճին:

Տեղյակ ենք, որ Սևանից լրացուցիչ ջրառի որոշումը կայացվել է մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունների, բազմակողմ քննարկումների հիմքով և առավելագույն չափի սահմանումն էլ դեռևս չի նշանակում, թե ամբողջ ծավալն անվերապահ կօգտագործվի. մենք հող ու ջրի մարդ ենք, գիտենք, որ դա կախված է տարվա բնակլիմայական պայմաններից: Եվ հարգարժան ակադեմիկոսին հրավիրում ենք Արարատյան դաշտավայր, հատկապես ջրասակավության գոտում հայտնված գյուղեր՝ եկեք, տեսեք, թե մեր դաշտավայրն ինչ վտանգի առաջ է կանգնած և ոռոգման ջրի դեֆիցիտի չկարգավորումն ինչ հետևանքներ կարող է ունենալ ամբողջ երկրի համար:

Նաև մեր անունից օրեր առաջ հայտարարություն էր տարածել ՋՕԸ աջակցող թիմը` հանգամանալից ներկայացնելով Արարատյան դաշտավայրի իրավիճակը, կատարվող աշխատանքներն ու ոռոգման ջրի դեֆիցիտի առաջ կանգնած երեսուներեք գյուղերի ցանկը: Ցանկության դեպքում, հարգելի պարոն Ջրբաշյան, այդ պարզաբանումը կարող եք գտնել էլեկտրոնային լրատվամիջոցներում:
Առնվազն տարակուսելի է գիտնականի հայտարարությունը նման բարձր ամբիոնից, թե մենք ավելացնում ենք Սևանի հոսքը, «որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջևան: Ջուրը պահել չենք կարողանում: Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, զրկում ենք մեր գյուղացուն ջրից՝ ջուրն ուղարկում ենք Ադրբեջան»:

Երբ նման հայտարարություններ են անում սկսնակ ու հավակնոտ քաղաքական գործիչները, հասկանում ենք, որ գործ ունենք տարրական պոպուլիզմի հետ, իսկ հարգարժան գիտնականի հարուստ կենսափորձն ու անցած ճանապարհը, կարծում ենք, չպետք է տեղիք տան միայն էմոցիաների վրա կառուցված եզրահանգումների, որոնք ավելի շատ դատավճիռ են հիշեցնում:

Ի պատիվ մեր երկրի Նախագահի, ասենք, որ Սերժ Սարգսյանը արժանապատիվ է պատասխանել նաև այդ անհիմն հայտարարությանը. «Ես խնդրում եմ՝ Սևանի մասին մասնագիտական խոսք ասեք, ոչ թե հուզական, Սևանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում»:

Կրկին մեր մտահոգությունն ենք բարձրաձայնում՝ Արարատյան դաշտավայրում ոռոգման շրջանի մեկնարկից արդեն իսկ զգացվող ջրի սակավության խնդրով և հորդորում գոնե գիտական շրջանակներին չտրվել միակողմանի զգացմունքային մոտեցումների, այլ՝ հանդես գալ առողջ բանականության դիրքերից, ավելին, համախմբել ուժերը, գիտական մտքի կարողությունները և աջակցել մեզ՝ լավագույն լուծումների գալու ակնկալիքով:

Եվս մեկ անգամ վստահեցնում ենք. Սևանի ճակատագրի հանդեպ անտարբեր, առավել ևս չարակամ չի կարող լինել որևէ հայ մարդ, և չլինելով բնապահպան կամ գիտնական, մեզնից յուրաքանչյուրը թանկ է գնահատում մեր երկրի ամեն կաթիլ ջուրն ու ամեն պտղունց հողը: Այսօր Արարատյան դաշտի բերրի հողը վտանգված է և եթե իսկապես ընդառաջ քայլ չանենք, կկորցնենք տարվա բերքը:
Սթափ լինենք, սրտացավ ու միասնական:

Արարատյան դաշտի ջրօգտագործողների անունից՝ մի շարք ՋՕԸ-ներ
«Վաղարշապատ» ՋՕԸ
«Խոյ» ՋՕԸ
«Սևջուր-Ախթամար» ՋՕԸ
«Մասիս» ՋՕԸ
«Մուսալեռ» ՋՕԸ
«Աշտարակ» ՋՕԸ
«Փարպի» ՋՕԸ
«Շամիրամ» ՋՕԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930