Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարչությունն ու գեղարվեստը շոու են դարձել»

Ապրիլ 25,2014 14:28

Երիտասարդ նկարիչ Հովիկ Պետրոսյանն իր՝ Տիգրան Մեծի պատկերով վիտրաժում կիրառել է Լեոնարդո դա Վինչիի կոդավորման տեխնիկան: «Ուզում էի այդ նկարի միջոցով ցույց տալ հայերիս մեծությունը, «ծովից ծով» Հայաստանը: Պատկերել եմ նաև մեր այժմյան օրը, որ այն չենք այլևս…»,-ասում է նա:

Ապրիլի 15-ից մինչև 30-ը «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում ընթանում է 31-ամյա երիտասարդ նկարիչ Հովիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Նկարիչը ստեղծագործում է հիմնականում գեղարվեստական վիտրաժի ոճում` ռիթմիկ երաժշտության ներքո: Իր աշխատանքների հիմքում ընկած է շարժը, արագությունն ու ընթացքը: Հետաքրքիրն այն է, որ նա նկարում է ձախ, բայց գրում է աջով ձեռքով:

«Առավոտը» զրուցել է Հովիկ Պետրոսյանի հետ՝ նրա անհատական ցուցահանդեսի և, առհասարակ, մասնագիտական ուղու մասին: Երիտասարդ նկարիչն արվեստով հետաքրքրվել է սկսած 3 տարեկանից: Սկզբում պատկերել է բնություն` կենդանիներ, ծովեր և այլն: Մանուկ հասակում ոգեշնչվել է հայ ազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներով. «Շատ-շատ եմ սիրել ծովեր նկարել: Հիմա, եթե շատերը տեսնեն այսօրվա և մանկուց արված նկարներս, գուցե զարմանան, մի՞թե նույն մարդն է նկարել: Այսօր էլ ինձ շատ են ասում, որ իմ ոճը տարբեր է»:

Նկարչի խոսքով՝ իր առաջին լուրջ նկարը 5-6 տարեկանում է արել. «Պատկերել եմ սուրբ Մարիամ Աստվածածնին: Հիշում եմ, որ նկարն ինձանից այնքան մեծ էր, որ ստվարաթուղթը փռել էի հատակին ու պառկած էի նկարում»:

nazo3

Նա նաև պատմում է `1988 թվականի երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածում (այդ ժամանակ 5-6 տարեկան էր) հոր հետ միասին մեկնել է դեպքի վայր` նկարահանումների: «Հայրս ստուդիայում էր աշխատում, նրա հետ իտալացիներ կային, ես էլ նկարում էի փլատակները` զուտ հետաքրքրությունից ելնելով, դե մանուկներն անընդհատ ուզում են ծանոթանալ աշխարհի հետ: Այն ժամանակ այնքան էլ չէի հասկանում պատահածի լրջությունն ու դաժանությունը,- թախիծով պատմում է նա և հավելում,-իտալացիներն ուզում էին ինձ իրենց հետ տանել Իտալիա (քմծիծաղում է )»:

Ի դեպ, ինչպես տեղեկացնում է Հովիկ Պետրոսյանը, նրա հայրն ու պապը ևս սիրել են նկարել, բայց լրջորեն չեն զբաղվել նկարչությամբ: Հ. Պետրոսյանը սկզբում հաճախել է Հրանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց, ապա Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, այնուհետև ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, սակայն Հայաստանից որոշ ժամանակով բացակայելու պատճառով ուսումը կիսատ է թողել, իսկ հայրենիք վերադառնալուն պես՝ կրթությունը շարունակել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում:

Նկարիչը խոստովանում է, որ չի սիրում ինքն իրեն նկարել, առհասարակ՝ դիմանկարներ անել: «Դիմանկարը ևս առանձին նրբություններ ունի, որը լուրջ մասնագիտացում է պահանջում: Հիշում եմ՝ երբ կարդում էի Այվազովսկու մասին, նա չէր կարողանում դիմանկարներ անել, իր արածները պատռում էր, բայց աշխարհում չի ծնվել այնպիսի մարդ, որ իր պես կարողանա ծովեր նկարի»:

Հովիկ Պետրոսյանի խոսքով` նկարչությամբ ավելի լրջորեն զբաղվել է՝ սկսած վերջին 4 տարիներից, ինչպես ինքն է ասում, մինչ այդ փնտրտուքների մեջ էր: Իրեն ավելի հոգեհարազատ է գեղարվեստական վիտրաժը: Հարցին՝ արդյո՞ք դա ավելի բարդ և ժամանակատար աշխատանք չէ, պատասխանում է. «Վիտրաժն ավելի թանկ նյութերից է պատրաստված և ավելի բարդ աշխատանք է պահանջում, քան կտավը: Ապակու հետ գործը ես համեմատում էի դաջվածքի հետ, եթե արեցիր,այլևս չես կարող փոխել, մի փոքր սխալն անգամ անոււղղելի է: Այդ իսկ պատճառով նկարելիս կարևոր է, որպեսզի ես նյարդային լարված վիճակում չգտնվեմ, այլ լինեմ հանգիստ և կենտրոնացված: Բացի այդ, վիտրաժի պարագայում սովորաբար թեման ծագում է գործելու ընթացքում, առաջին հերթին մտածում եմ ինտերիերի, ձևավորման, դիզայնի մասին: Ինքս շատ գույներ եմ սիրում, բայց դիզայնի հետ կապված՝ երբեմն ստիպված եմ կրճատել դրանցից մի քանիսը»:

nazo2Նկարչի խոսքով` կան դժվարություններ ժամանակի սղության պատճառով, քանի որ աշխատում է հայաստանյան ֆիրմային ընկերություններից մեկում. դռների, պատուհանների, առաստաղների ապակե գեղարվեստական ձևավորմամբ է զբաղվում: Այնուամենայնիվ, ասում է. «Ես փառք եմ տալիս Աստծուն, որ իմ աշխատանքն իմ մասնագիտությամբ է, ինչը շատերին չի հաջողվում»:

Հարցին` Ձեր տանը կահույքի ձևավորմամբ նույնպես Դո՞ւք եք զբաղվում, պատասխանում է. «Ոչ, ինչպես ասում են՝ կոշկակարը միշտ ծակ կոշիկ է ունենում»: Ի դեպ, նկարչին որոշ հարցերում օգնում է կինը. «Ես անձամբ եմ նրան սովորեցրել նկարել, ուղղակի նկատել եմ, որ նա ևս օժտված է տաղանդով: Կինս շատ լավ է նկարում եղունգների վրա, շատ դեպքերում նա օգնում է, որպեսզի շուտ վերջացնեմ աշխատանքս»:

Հ. Պետրոսյանը խոստովանում է՝ վաղուց է ցանկացել ունենալ անհատական ցուցահանդես: «Արտբրիջում» ներկայացված գործերից նա առանձնացնում է «Քո աչքերն» անվանումով վիտրաժը: «Դա իմ ամենասիրելիներից է, նույնիսկ չեմ թողնելու, որ վաճառվի: Եթե վաճառվի, անձնագիր եմ հանելու, որ իմանամ, թե որտեղ է «բնակվելու», որպեսզի հաճախ այցի գնամ» ,-կատակում է նա:

Երբ խնդրեցինք մեկնաբանել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից մի քանիսը, ասաց. «Թող յուրաքանչյուրը յուրովի ընկալի ու հասկանա: Ես միշտ ասել եմ, որ եթե դիմացինը մտածեց, որ սա այսպես է, ուրեմն իրավացի է, ես դա եմ նկարել: Օրինակ, նկարներիցս մեկը ճանապարհի մասին է, բայց որոշ մարդիկ ասում են՝ ոնց որ խխունջ լինի, ինչու չէ, դա ևս կարող է լինել»:

Ինչպես մենք նկատեցինք, ցուցահանդեսում առկա նկարներում բացակայում է ժամանակագրությունը: Հեղինակը խոստովանեց, որ ինքը ևս չէր նկատել տարեթվերի բացակայությունը:

Իսկ խոսելով առաջիկա ծրագրերից, ասաց, որ մտադիր է մեկնել Եվրոպա, ցուցահանդես ունենալ նավի վրա . «Ես սիրում եմ իմ երկիրը, այստեղից բացի, ուրիշ տեղ չեմ կարող ապրել: Բայց պիտի ընդունեմ, որ եվրոպական շուկան ավելի մեծ է, հետևաբար արժեքն ավելի բարձր է, իսկ այստեղ սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով, ոչ բոլորն իրենց կարող են թույլ տալ նման «ճոխություն»: Ով հնարավորություն ունի, նա էլ անընդհատ կգնի, բայց մի օր նա կհոգնի նույն ձեռագրից»:

Նկարիչը պնդում է, որ Հայաստանում գեղարվեստական վիտրաժը զարգացած չէ, մինչդեռ Եվրոպայում այն տարածված և սիրված արվեստ է: Նա նաև երազում է ունենալ իր անհատական խանութ-սրահը: Հ. Պետրոսյանի կարծիքով՝ նկարչությունն ու գեղարվեստը շոու են դարձել. «Գուցե ասածս սենսացիա հնչի և ընթերցողի համար խորթ, բայց ես Վան Գոգին նկարիչ չեմ համարում: Իրականում լավ նկարիչն իր ապրած ժամանակաշրջանում միշտ հարգվում է, սուտ է, որ ասում են՝ մահանալուց հետո է նկարիչը սիրվում, այ դա իսկապես շոու է: Ինչու պետք է սոված մահանա Վան Գոգը, եթե մահանալուց հետո նրա գործերը մի քանի հարյուր հազար միլիոնով պիտի վաճառվեին: Ըստ իս, լավ նկարիչ է եղել, օրինակ, Լեոնարդո դա Վինչին, ով Հռոմի պապի մոտ պատվերներ է ունեցել»:

Հ. Պետրոսյանը նաև հավելում է` իր համար աշխարհում ամենաթանկ վաճառվող նկարներն ուղղակի անիմաստ են. «Օրինակ, Մալևիչի սև քառակուսու նկարը, ո՞վ է մարդկանց մեջ հրամցրել, թե դա հանճարեղ բան է… Շատ տաղանդավոր մարդիկ կան, որ այդպես էլ չեն բացահայտվում: Այս բիզնեսը հիմնականում հրեաների ձեռքում է: Սա շոու է, նկարչից զատ՝ նրա աշխատանքներով պետք է զբաղվի մեկը, ով դրանք կհրամցնի մարդկանց: Լինելով նկարիչ` դու ներգրավվում ես խաղի մեջ, եթե կարողանում ես խաղալ իրենց կանոններով, լավ նկարիչ ես համարվում, իսկ եթե ոչ` քո տեղը Վերնիսաժն է, որտեղ շատ լավ նկարներ վաճառվում են մատչելի գներով և սակարկելի են»:

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930