Կամաց-կամաց հայտնի են դառնում «նոր» նախարարների անունները, եւ պարզվում է, որ նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր լուրջ դերակատարում են ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Ընդ որում, լուրջ դերակատարում՝ վատ իմաստով։ Հենց միայն Կարեն Ճշմարիտյանն ու Նարեկ Սարգսյանը հերիք են։
Այնպիսի տպավորություն է, թե բոլոր նրանք, ովքեր Քոչարյանի հեռանալուց հետո պիտի կանգնեին դատարանի առաջ ու պատասխանատվության ենթարկվեին, հիմա այստեղից-այնտեղից պեղվում ու բերվում են կառավարություն։ Դրա համար ենք ասում՝ անպատիժ մնացած հանցագործությունը նոր հանցագործություններ է ծնում։ Այն ժամանակ պաշտոնանկությունից հետո դատվեին՝ հիմա որպես պատուհաս չէին վերադառնա։
Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, թե Նարեկ Սարգսյանն, օրինակ, Երեւանի կենտրոնում ինչ հնարավոր էր՝ արդեն ավերել է, հիմա գալիս է, որ ի՞նչ անի։ Ավերելու բան դեռ շատ կա։ Խնդիրն ընդհանուր միտումն է. ի՞նչ տրամաբանությամբ է ձեւավորվում «նոր» կառավարությունը։
Ընդհանուր միտումը հասկանալու համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է ղեկավարվել Հայաստանի տնտեսությունը վերջին 15 տարիներին, ավելի պարզ ասած՝ երկիրը թալանելու ի՞նչ մեխանիզմներ են կիրառվել։ Քոչարյանի օրոք սխեման պարզունակ էր, մեթոդները՝ կացնային։ Վաճառվում էր այն ամենը, ինչը հնարավոր էր վաճառել, իրենք վերցնում էին «նաղդ փող բերող» հանքավայրերը, իրենցով անում բիզնեսի տեսանկյանից հեռանկարային «օբյեկտները» (հյուրանոցներ, հանգստյան տներ, հիվանդանոցներ եւ այլն), երկրի տնտեսությունը թողնում միայն «էլիտար շինարարության» եւ առեւտրի հույսին, որովհետեւ այդ ոլորտները շատ արագ էին գերշահույթներ ապահովում, իսկ ֆինանսավորման հիմնական աղբյուրն էլ դրսից ստացվող մասնավոր տրանսֆերտներն էին։
Կարդացեք նաև
Այդ կացնային մեթոդների շնորհիվ, ահա, Քոչարյանի կառավարման տասը տարիների ընթացքում, Հայաստանի ռազմավարական օբյեկտները հայտնվեցին օտարերկրացիների ձեռքում, իսկ «տակը մնացածի» մոտ կեսը դարձավ ընդամենը 40-50 ընտանիքի սեփականությունը։
Իսկ ահա Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալուն պես վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց երկիրն «ինովացիոն տեխնոլոգիաներով» թալանելու ծրագիրը։ Նոր մեթոդներն ավելի բարդ էին, սխեմաներն՝ ավելի խճճված։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում