Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Մեր բարբառներում մի բառ կա` «խորթվիլակ»։ Հուսանք, որ այդպիսիք մեր նոր կառավարության կազմում չեն լինի. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 25,2014 12:57
azat arshakyan

Հատված ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:

– Անդրադառնանք կադրային քաղաքականությանը: Նախագահը լայն լիազորություններ է տվել նոր վարչապետին, որ նա իրականացնի ազատ կադրային քաղաքականություն` առաջնորդվելով միայն պրոֆեսիոնալիզմով, մերժելով մեզանում ընդունված ծանոթ, խնամի արատավոր երեւույթը:
Ինչպե՞ս կգնահատեք արդեն նշանակված նախարարներին։

– Կա «իտալական գործադուլ» տերմինը, երբ մարդիկ աշխատում են գրաֆիկի համաձայն, ամեն ինչ անում են ժամանակին, բայց արդյունքները միշտ վատ են լինում, որովհետեւ ամեն ինչ արվել է ձեւականորեն: Ուրեմն ձեւականորեն չպետք է աշխատել, իսկ դրա համար կառավարության նոր կազմում պետք է լինեն ոչ միայն քաղաքական պատասխանատվություն կրող, պրոֆեսիոնալ, այլեւ ազդեցիկ գործիչներ, մարդիկ, որոնց խոսքը դեր կունենա ե՛ւ ներսում` հասարակության հետ շփումներում, ե՛ւ արտերկրում` օտարների հետ հարաբերութուններում: Այսինքն՝ մեզ «ազնիվ աղյուսներ» հարկավոր չեն:

Այս պահին դեռ ձեռնպահ կմնամ գնահատել նոր կազմը. թե ինչպիսին կլինի այն, շատ շուտով պարզ կդառնա: Խնամի, բարեկամ, ծանոթ չեն կանչվելու, չէ՞, այս պայմանը սկզբից եւեթ դրված է, ուրեմն եթե քաղաքական պատասխանատվություն կրող, պրոֆեսիոնալ եւ ազդեցիկ գործիչները վաղը վատ աշխատեն, ապա կունենանք նախարար-տիկնիկներ, մեր բարբառներում մի բառ կա` «խորթվիլակ»։ Հուսանք, որ այդպիսիք մեր նոր կառավարության կազմում չեն լինի: Հակառակ դեպքում ամբողջ ծանրությունը կմնա նախագահի ու վարչապետի ուսերին:

-Իսկ ո՞րն է լինելու նոր կառավարության ռազմավարությունը:

– Հայաստանի տնտեսական աճի անկումն անվտանգության խնդիր է, իսկ այդ աճն ապահովելու համար հարկավոր են խոշոր կապիտալ ներդրումներ: Այսինքն՝ եկել է ժամանակը, որ մեր խոշոր բուրժուազիան իր փողերը դնի արտադրության մեջ: Եթե նրանք շնորհալի գործարարներ են ու գողանալով չեն հարստացել, ապա կգնան այդ քայլին, որովհետեւ գողացողն ունակ չէ մտածել երկրի համար օգտակար տնտեսական ծրագրերի իրականացման մասին: Մի մեծ խաչ պետք է քաշել կոռուպցիայի, մոնոպոլիայի վրա, իսկ եթե այս երեւույթներից չազատվենք, ապա, ինչպես հայտնի խոսքում է ասվում, 40 օր անց ամեն ինչ հայտնի կդառնա, ու կիմանանք, թե ով ով է:

Բացի դրանից, մեր կառավարությունները մշտապես աչքի են ընկել փոքր ու միջին ձեռներեցներին խեղդելով, իսկ եթե այս կառավարությունը չի օգնելու փոքրերին, ուրեմն գոնե չպետք է խանգարի: Այդ ինչպե՞ս է լինում, որ հայն այլ երկրներում կարողանում է իր բիզնեսը լավ կազմակերպել, բայց իր երկրում` ոչ: Անհեթեթություն է, պարզ չէ՞, որ խանգարողներ կան: Ուրեմն նոր կառավարության խնդիրը պետք է լինի ոչ թե խանգարելը, այլ աջակցելը:

Շատ կարեւոր եմ համարում դիվերսիֆիկացիան: Մեր գյուղերը սովորական բնակավայրեր չեն, դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, դրանք մեր հայրենիքն են: Ուրեմն Երեւանից պետք է կապիտալը տեղափոխվի շրջաններ, ուր բիզնես ծրագրեր իրականացնելը պետք է դառնա առավել շահավետ, քան մայրաքաղաքում: Ուրեմն, արտագաղթի «դուռը» փակելու համար պիտի հետեւյալ նշանաբանը որդեգրենք` ո՛չ Երեւանին, ո՛չ արտագաղթին, այսինքն՝ բիզնես մի՛ փնտրեք Երեւանում եւ դրսում, այլ միմիայն Հայաստանի շրջաններում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930