Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 24–ին Մոսկվայում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք

Ապրիլ 25,2014 12:55

Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում ապրիլի 24–ին տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք` նվիրված Հայոց ցեղասպանության 99–ամյակին: «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպած հանրահավաքը, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի բազմազգ բնույթի էր և համախմբել էր ավելի շատ մարդկանց ու կազմակերպությունների: «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակը զարդարված էր Ռուսաստանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ցեղասպանությունը ճանաչած երկրների ու ռուսաստանյան կուսակցությունների դրոշներով: Ռուսահայության պահանջներին իրենց աջակցությունը հայտնելու էին եկել հունական, լեզգիական, քրդական ու ասորական համայնքները: Հանրահավաքին մասնակցում էին ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, ռուսաստանյան խոշոր հասարակական կազմավորումների ներկայացուցիչներ, քաղաքագետներ:

Բացելով հանրահավաքը, մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ընդգծեց հայերի ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը իբրև անհրաժեշտ պայման` այդ հանցագործությունը մարդկության կյանքից արմատախիլ անելու, ինչպես նաև հայ ժողովրդի անվտանգության ապահովման համար: «Հենց Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ահռելի նշանակություն ունի ինչպես միջազգային իրավական իմաստով, այնպես էլ երկու երկրների ապագա հարաբերությունների համար: Ցեղասպանության փաստի ճանաչումը բխում է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ ողջ տարածաշրջանի ու աշխարհի շահերից», – նշեց հանրահավաքը վարողը:6 (28)
Որոշ շրջանակներ համարում են, որ հայերի ցեղասպանությունը պետք է դասել անցած իրադարձությունների շարքին, որով պետք է զբաղվեն պատմաբանները: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավարի կարծիքով` Թուրքիայի պատասխանատվության հարցը ոչ այնքան պատմական, որքան արդիական ու ապագային ուղղված հարց է: Միայն ճանաչումը նոր, իրոք բարիդրացիական և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան հարաբերությունների կառուցման հնարավորություններ կբացի:
Հաշվի առնելով, որ հայերի ցեղասպանությունը իրականացվել է տարածքային նվաճողական պանթյուրքիստական ծրագրի իրագործման համար, կարելի է պնդել, որ այդ հանցագործության չդատապարտումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև այն պետությունների համար, որոնք եղել և մնում են պանթյուրքական տարածքային նվաճման թիրախը: Այդ վտանգի մասին են հիշեցնում բաժանված Կիպրոսը, Թուրքիայի պահվածքը սիրիական ճգնաժամում, մոտեցումը ղարաբաղյան հարցում և Հայաստանի շրջափակման թշնամական քայլը:

Հանրահավաքում հանդես եկավ ԼԴՊՌ-ի առաջնորդ, ՌԴ Պետական Դումայում ԼԴՊՌ-ի խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ով հավաքվածներին հիշեցրեց, որ միայն Ռուսաստանի շնորհիվ Հարավային Կովկասի ժողովուրդները փրկվեցին ֆիզիկական բնաջնջումից, որ Թուրքիայում Հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց ուրիշ ժողովուրդների ողբերգությունների: Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Արևելյան Ուկրաինայում, նույնպես միջազգային քաղաքականությունում անպատժելիության հետևանք է: Վլադիմիր Ժիրինովսկին հայերին կոչ արեց շարունակել պայքարը Ցեղասպանության ճանաչման համար, պահանջել Թուրքիայի զղջումը և միշտ Ռուսաստանի հետ լինել:

Հայկական բանակի ստեղծողներից մեկը` գեներալ-լեյտենանտ նորատ Տեր-Գրիգորյանցը իր ելույթում զուգահեռներ անցկացրեց 20–րդ դարի սկզբի Թուրքիայի պահվածքի և Սիրիայի Քեսաբ քաղաքի իրադարձությունների միջև, երբ գրոհայինները հարձակվեցին Թուրքիայի տարածքից: Այդ պետությունը ինչպես հարյուր տարի առաջ, ռազմական գործողությունների պատրվակի տակ նպատակ ունի ոչնչացնել Սիրիայի հայ բնակչությանը:

Ելույթ ունեցող քաղաքագետների, մշակույթի գործիչների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքով, Մոսկվայի հանրահավաքը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու Թուրքիային, որ հայկական ցավը չի անցել, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հայերի ջանքերը թափ են հավաքում:

Էդուարդ Սախինով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930