Հատված ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի հարցազրույցից:
– Օպերային երգիչները դժգոհում են, որ օպերային ներկայացումներ չկան, իրենք անգործության են մատնված, բալետի պարագայում կարծես հակառակն է, եղածն էլ բոյկոտում են։
– Այո, հակառակն է, լավ կատարված դասականը հիմք ընդունելով՝ ես բեմադրել եմ նաև ժամանակակից մտածելակերպով, նոր տեխնիկայով ներկայացումներ։ Բայց կատարողները դժգոհում են, որովհետև պետք է աշխատեն ոչ թե մեկ-երկու ժամ, այլ վեց-յոթ, որ կարողանան հաղթահարել դժվարությունները, նորությունները։ Ի դեպ, դրանք Հայաստանի համար են նորություն։ Ես հասկանում եմ, որ աստիճանաբար պետք է առաջ գնանք, չորս տարում բավականին քայլեր արեցինք, ու հիմա նորից հետ ենք գնում։ Մենք ունենք մտքի և մարմնի ճկունություն, աբստրակտ մտածելակերպ, այս ամենը կա, բայց չի օգտագործվում։
– Երբեմն լավ աշխատանքին ուղղակիորեն խոչընդոտում է ֆինանսը։
Կարդացեք նաև
– Եղել է նման էտապ։ Հիմա իմ գլխավոր պարողները 250 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Խումբը պիտի միասնական լինի, պետք է լիարժեք նվիրումով աշխատեն, որ արդյունք լինի։ Ուզում են հին սովորությամբ, երբ ուզեն՝ գան աշխատանքի, երբ ուզեն՝ չգան։ Եղել է շրջան, որ աշխատում էին ու արդյունքի էին հասնում։ Իրենք էլ էին զարմանում, ուրախանում, ես էլ իրենց հետ։ Հիմա, ինչպես բանակում, կան ավագներ, որ իրենց «լավ են զգում», ճնշում են երիտասարդներին, ովքեր վաղվա մեր լավագույններն են դառնալու։
Իսկ ղեկավարությունից պահանջս միշտ եղել է այն, որ բարձրացնեն պարողների աշխատավարձը (որ նրանք չգնան պարելու ռեստորաններում, իրենց ներուժը դնեն բալետի մեջ) ու ներդրումներ անեն նոր ներկայացումների համար։
Նոր ներկայացման համար ֆինանսավորում չկա, հինը վերականգնելու համար չկա, բեմադրիչներ չենք կարողանում հրավիրել դրսից, բա ի՞նչ պետք է անես, ինչպե՞ս պետք է առաջ գնաս։
– Իսկ ասում են՝ օպերային թատրոնում մեծ գումարներ են պտտվում, պարզապես ճիշտ չեն ուղղորդվում, կարծեմ, Ձեզ էլ մեղադրում են ֆինանսական չարաշահումների մեջ։
– Սա էլ նոր բան է. ես ֆինանսի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Շատ լավ կլիներ, որ ունենայի այդ իրավունքը՝ լավ աշխատողին հավելավճար տալու, վատ աշխատողի աշխատավարձը կտրելու, շատ վատ աշխատանքի դեպքում՝ հեռացնելու։ Իսկ օպերային թատրոնում գումարներ, պարզվեց, կան. երբ պետք է, գումարներ հայթայթում են։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում