Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության մեջ աննախադեպ ոչինչ չի տեսնում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը նախօրեին ցավակցություն էր հայտնել 20-րդ դարեսկզբին «իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին:
Քաղաքագետի գնահատմամբ, Էրդողանի հայտարարությունը թուրքական «ժխտողական քաղաքականության հերթական զառանցանք» է, որի տեքստը գրել են Բրյուսելում, ԱՄՆ-ում եւ ուղարկել Թուրքիա:
Այսօր «Բլից ինֆո» ակումբում քաղաքագետն ասաց, թե միամիտ հայտարարություններ են՝ իբր Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, Թուրքիան չի ճանաչի, քանի դեռ խոշոր տերությունների համար սպառնալիք չէ. «Գերմանիան միշտ վիճում էր առաջին տեղի համար, չթողեցին, ճնշեցին Հոլոքոստի ճանաչմամբ: Բայց այս պահին գերտերությունների համար շահավետ չէ Թուրքիային հայկական հարցի ճանաչմամբ ճնշել: Ե՞րբ է հնարավոր Թուրքիային պարտադրել ճանաչման ակտը: Երբ Թուրքիայի շուրջ հավասարակշռությունը փոխվի, եւ Թուրքիան խախտի համաշխարհային հավասարակշռությունը: Այլ դեպքերում բացառված է, որ թուրքը ընդունի»:
Կարդացեք նաև
Նրա գնահատմամբ, հիմա, եթե Ռուսաստանը ինչ-ինչ առիթներով ճնշի Թուրքիային այդ հարցում, Թուրքիան կնետվի Ամերիկայի գիրկը. «Բոլորի համաձայնությունը Թուրքիային այդ հարցում պարտադրելու չի կայանում, մեր դժբախտությունը դրա մեջ է»:
Բարաք Օբամայի հայտարարությունն էլ քաղաքագետի համար բլեֆ էր. «Փուչիկ են փչում, ոչ մի բան էլ չէր: ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ցանկություն չկա, մանավանդ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման դեպքում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ