Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայում ՀՀ դեսպան. «Էրդողանի կողմից արված երկխոսության կոչը նմանվում է հեգնանքի»

Ապրիլ 25,2014 12:21

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Ստոկհոլմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։
Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնությամբ Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Թորյ հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ ելույթ ունեցան Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Հանս Լինդեն (Ձախ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն), Մաթս Փերթոֆթը (Կանաչների կուսակցություն) ինչպես նաև Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախագահ Գառլեն Մանսուրեանը և Շվեդիայի ասորիների միության ներկայացուցիչը։

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանը նշեց, որ այսօր հայ ազգը իր երախտագիտությունն է հայտնում այն երկրներին, այդ թվում և Շվեդիային, որոնք ճանաչել և դատապարտել են այդ սարսափելի հանցագործությունը։ Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ դերակատարում ունեցած անձինք ներկա են գտնվում հանրահավաքին։ Դեսպանը նշեց, որ նույնիսկ այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին, ցեղասպանությունը շարունակվում է, այս անգամ ժխտողականության քողի տակ։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի կողմից ապրիլի 23-ին կատարված հայտարարությանը՝ դեսպանը ընդգծեց, որ նրա կողմից արված երկխոսության կոչը նմանվում է հեգնանքի, քանզի նույն Էրդողանի գլխավորած կառավարությունն էր, որը ցյուրիխյան արձանագրությունների բանակցումից և ստորագրումից հետո կասեցրեց դրանց վավերացումը։ Դեսպան Ապիտոնյանը նաև հարցազրույց տվեց Շվեդիայի «Ասսիրիեն» հեռուստաընկերությանը։

Մինչ հանրահավաքը Հ.Մ.Ը.Մ. նախաձեռնությամբ տեղի էր ունեցել բազմամարդ երթ, որին մասնակցում էին շուրջ 800 մարդ։ Կառլապլան հրապարակում երթը մեկնարկել էր Շվեդիայի հայ առաքելական և կաթողիկե հոգևոր հովիվների մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, այնուհետև հանրահավաքի մասնակիցները հայրենասիրական երգերի և վանկարկումների ներքո երթով շարժվել էին դեպի Շվեդիայում Թուրքիայի դեսպանություն։173.Genocide commemoration events  in Sweden 25.04.2014

Օրվա ընթացքում Շվեդիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ նաև ծաղկեպսակի զետեղման արարողություն շվեդ միսիոներ Ալմա Յոհանսսոնի գերեզմանին, ով ցեղասպանության տարիներին միսիոներա¬կան գործունեություն էր իրականացրել Արևմտյան Հայաստանում, փրկել բազմաթիվ հայորդիների կյանքը։ Արարողությանը մասնակցեցին դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայում այցով գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Կարինե Պողոսյանը, ինչպես նաև Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարները։ Արարողությունը սկսվեց Սկանդինավյան երկրներում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի և Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Հովսեփ վարդապետ Պահէի մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, որից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից Վահագն Ավետեանը և Արփինե Հովհաննիսյանը։

Նույն օրը Ստոկհոլմի Վանթյորս եկեղեցում տեղի ունեցավ նաև «Ապրիլ է, ձյուն է արել» խորագրով համերգ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Համերգը կազմակերպվել էր հայազգի դաշնակահարուհի Կարինե Հելլման-Գևորգյանի կողմից, որին մասնակցեցին շվեդ երաժիշտներ Քրիստինա Համմարսթրյոմը և Վլադիմիր Դիկանսկին։ Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Յոհան Սեբաստիան Բախի և Կառլ Ֆիլիպ Էմանուել Բախի ստեղածագործությունները։

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930