Այսօր Երեւանում տեղի ունեցավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի համար կազմակերպված սեմինարը, որը նպատակ ուներ իրազեկելու «Առեւտրի իրավունքի զարգացման ծրագրի» մասին: Ծրագիրը աջակցում է անցումային երկրների կառավարություններին եւ մասնավոր հատվածին՝ տնտեսական զարգացումը ապահովելու նպատակով: ԱՄՆ Պետդեպարտամենտի հանձնարարությամբ ԱԻԶԾ-ն Հայաստանին տեխնիկական աջակցություն է ցուցաբերում՝ պետական գնումների միջազգային լավագույն փորձի բնագավառում:
Սեմինարին ներկա էին ԱՄՆ ՄԶԾ առաքելության ղեկավար Կարին Հիլլարդը , ԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Անդերսենը, ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի Պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը եւ այլք:
Լրագրողների հետ զրույցում Մակար Ղամբարյանը նշեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի անդամակցության հետ կապված հիմնական փոփոխությունները պայմանավորված են էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ. «Հայաստանը նույնպես փորձում է անցում կատարել էլեկտրոնային գնումների համակարգին: Պետական գնումների համաձայնագրի հիմնական փոփոխությունները հենց կապված են Էլեկտրոնային համակարգերի ներդրման հետ»:
Պրն Ղամբարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում փոփոխության կենթարկվի գնումների մասին օրենքը. «Փոփոխությունները լինելու են երկու պատճառով. Առաջինը՝ ԱՀԿ-ի համաձայնագրի նոր տեքստով, եւ երկրորդը՝ Մաքսային Միության ներքո գնումների համաձայնագրին համապատասխանելու նպատակով»: Մակար Ղամբարյանի խոսքերով ՝ նախ պետք է փոփոխություն իրականացնել օրենքում, ապա վավերացնել համաձայնագիրը:
Կարդացեք նաև
«Մեզ համար առաջնայինը Մաքսային Միության գնումների համաձայնագիրն է , մենք արդեն ունենք զուգահեռներ տարված երկու համաձայնագրերի միջեւ եւ դրանց մեջ հակասություններ չկան»-, հայտնեց Մ. Ղամբարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՄՆ ՄԶԾ առաքելության ղեկավար Կարին Հիլլարդը սեմինարի մեկնարկից առաջ նշեց, որ սեմինարը նպատակ ունի ամբողջական տեղեկատվություն տրամադրել ԱՀԿ ՊԳՀ առավելությունների եւ պարտավորությունների մասին. «Այս ծրագրի նպատակն է մշակել միջազգային եւ ԱՀԿ ՊԳՀ չափանիշներին համապատասխանող պետական գնումների համակարգի օրենսդրական եւ կարգավորման դաշտ, Հայաստանի պետական գնումների մասնագետների համար համապարփակ դասընթացներ կազմակերպել, բարձրացնել պետական գնումների արդյունավետությունը եւ թափանցիկությունը Հայաստանում եւ բարելավել Հայաստանի ուղին դեպի զարգացող ժողովրդավարական շուկայական տնտեսություն»:
Ռոբերտ Անդերսենը իր ելույթում ասաց, որ առեւտրի իրավունքների զարգացման պետական գնումների ծրագիրը հիմք է հանդիսանալու բիզնեսին նպաստող ավելի լավ միջավայր ստեղծելու համար, բարելավելու է տարածաշրջանային ինտեգրումը , խթանելու է առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ