Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան. արևմտամետ, թե ռուսամետ – 2

Ապրիլ 25,2014 11:53

1998-ի փետրվարին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժեշտի ու հրաժարականի խոսքում մեզ դիմելով ասաց` «ձեզ հայտնի ուժերը», մենք «ձեզ հայտնի ուժեր» անվան տակ ոչ թե դրսի որևէ ուժի, այլ ընդամենը Քոչարյանին ու համախոհներին պատկերացրինք, և երբ նույն էդ հրաժեշտի ու հրաժարականի խոսքում Տեր-Պետրոսյանը «պատերազմի կուսակցություն» արտահայտությունն արեց, էդ արտահայտության տակ բոլորս դաշնակցությանը պատկերացրինք:

Շատ հնարավոր է, որ «պատերազմի կուսակցությունը» հենց դաշնակցությունն էր: Այսինքն, ՀԱԿ-ը, առաջին նախագահի առաջնորդությամբ, այսօր` հենց էս պահին մտադրվել է «պատերազմի կուսակցության» հետ համագործակցել` հանուն արդարության: Սա ամբողջովին տեղավորվում է « քաղաքագիտական վերլուծության» ժամանակակից պատկերացումների կոնտեքստում, և եթե օրերից մի օր հանկարծ Տեր-Պետրոսյանը որոշի անձամբ Ռոբերտ Քոչարյանին էլ քաղաքագիտական վերլուծության ենթարկել, առանձնապես չենք զարմանա: Չենք զարմանա, քանի որ արդեն սկսել ենք հասկանալ, որ Տեր-Պետրոսյանն էնքան էլ արևմտամետ չէ` ինչքան մեզ է շարունակաբար թվացել:

Սովորաբար, երբ մեր քաղաքական գործիչներին հարցնում են` արևմտամե՞տ ես, թե` ռուսամետ, մերոնք առանց երկարբարակ մտածելու պատասխանում ու ասում են` ես հայամետ եմ: Սա հարցից ու պատասխանից խուսափելու ամենահեշտ ու ամենաձեռնտու տարբերակն է` մանավանդ մեր քաղաքական գործիչների համար, որոնք, ըստ ամենայնի, իրենք էլ չգիտեն` իրենք արևմտամե՞տ են, թե` ռուսամետ:

Բայց վերադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանին, ավելի ճիշտ` Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին, իսկ ավելի ստույգ` Լևոն Տեր-Պետրոսյանի արևմտամետությանն ու ռուսամետությանը, որոնք ժամանակ առ ժամանակ փոխատեղել են իրար` «չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ. կան շահեր» կոնտեքստում, և չնայած էս կոնտեքստն ավելի շատ Վազգեն Մանուկյանի բերանով էր վանկարկվում, իրականում ու իրականության մեջ հենց առաջին նախագահի ձեռամբ կիրառվեց ու գործարկվեց, և, փաստորեն, բարեհաջող ու ճիշտ ժամանակին ազդարարված զինադադարն էլ էր դրա միանգամայն դրական արդյունքը, և էդ թվերին կարծես թե չէինք էլ մտածում` մենք արևմտամե՞տ ենք, թե` ռուսամետ:

Որովհետև մենք էդ թվերին էդ բաների մասին մտածելու ժամանակ էլ չունեինք, և եթե մտածելու ժամանակ ունենում էինք էլ, հիմնականում Ղարաբաղի մասին էինք մտածում, և Ղարաբաղի հարցի մասին մտածելով` մեր արևմտամետությունն ու մեր ռուսամետությունն էդ հարցից էինք բխեցնում, և մեր ռուսամետությունն ու մեր արևմտամետությունն իրար չէին խանգարում` կողք-կողքի հաշտ ու խաղաղ կային` ինչպես որ Ռուսաստանն ու Արևմուտքն իրենց համեմատաբար խաղաղ գոյակցությամբ կային, և հիմա, երբ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները մաքսիմալ սրվել են, վերստին Հայաստանում առաջացել ու առաջին պլան է մղվել մեր քաղաքական գործիչների արևմտամետության և ռուսամետության հարցը, և նույն հարցն ամենայն սրությամբ դրված է նաև Հայաստանի իշխանությունների առջև, և կարծես թե անցյալում են մնացել երանելի ու կոմպլեմենտար ժամանակները, երբ հնարավոր էր գրեթե բոլորի հետ լավ լինել` առանց որևէ մեկին հաշվետվություն ներկայացնելու. ավելին. ինքներս էինք սրա-նրա վրա մուննաթ գալիս ու պահանջում, որ Ղարաբաղի անկախությունն ու Հայոց ցեղասպանությունը ճանաչեն:

Չնայած Օսկանյանն էր շարունակ առիթով ու անառիթ կոմպլեմենտարիզմից խոսում, իրականում մեր կոմպլեմենտարիզմը ռեալ կյանք է ունեցել Հայաստանի անկախության առաջին մի քանի տարիներին, և էսօվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր կոմպլեմենտարիզմը հնարավոր է միայն Ռուսաստանի ու Արևմուտքի խաղաղ գոյակցության պայմաններում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930