Զուտ տնտեսական-առեւտրական տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունները, մեղմ ասած, ուշագրավ են։ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանակից են, բայց սահմանը փակ է: Դրա հետ մեկտեղ՝ Թուրքիան Հայաստանի համար խոշոր առեւտրային գործընկեր է:
Օրինակ անցած՝ 2013 թվականին ՀՀ արտաքին առեւտրի մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմել 13.6 տոկոս։ Այս ցուցանիշով Թուրքիան Հայաստանի համար ամենախոշոր առեւտրային գործընկերների մեջ 9-րդ հորիզոնականում է։
Սակայն կա մի ցուցանիշ, որով Թուրքիան, որպես ՀՀ-ի առեւտրային գործընկեր, բացարձակ առաջատար է՝ խոսքիս ոչ այնքան դրական իմաստով։ Խնդիրն այն է, որ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանման ծավալը մոտ 140 անգամ ավելի փոքր է, քան Թուրքիայից Հայաստան ներմուծման ծավալը։ Այսպես՝ անցած տարի Հայաստանից Թուրքիա արտահանվել է 1.6 միլիոն դոլարի ապրանք, իսկ Թուրքիայից Հայաստան՝ մոտ 211 միլիոն դոլարի։ Նման ցուցանիշ որեւէ այլ երկրի հետ առեւտրում չի արձանագրվել։
Համեմատության համար նշենք, որ օրինակ Չինաստանի պարագայում արտահանում-ներմուծում հարաբերակցությունը նույնիսկ 6-ի չի հասնում։ Այսինքն՝ դեպի Չինաստան արտահանել ենք 69 միլիոն դոլարի ապրանք, Չինաստանից Հայաստան՝ 400 միլիոն դոլարի։
Կարդացեք նաև
Նույնիսկ Ռուսաստանը, որտեղից մենք ներկրում ենք մեր ողջ գազն ու սննդամթերքի մի հսկայական մասը, առեւտրի հարաբերակցության տեսանկյունից ավելի «համեստ» ցուցանիշներ ունի։ ՌԴ-ից ներկրում ենք 1.1 միլիարդ դոլարի, բայց արտահանում ենք դեպի Ռուսաստան 335 միլիոն դոլարի ապրանք, հարաբերակցությունը ընդամենը 3-ի մոտ է։ Ընդհանրապես, Հայաստանը, օրինակ անցած տարի, արտահանել է մոտ 1.5 միլիարդ դոլարի ապրանք եւ ներկրել մոտ 4.5 միլիարդ դոլարի։ Այսինքն՝ արտահանում-ներմուծում հարաբերակցությունը միջինը երեք անգամ է։ Իսկ Թուրքիայի հետ առեւտրում այդ ցուցանիշը, ինչպես նշեցինք, 140 անգամ է։
Առավել հետաքրքիր է, թե ինչպիսի ապրանքներ են շրջանառվում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ։ 2013 թվականին, ինչպես նշեցինք, Հայաստանից Թուրքիա է արտահանվել մոտ 1.6 միլիոն դոլարի ապրանք։ Դրա մեծագույն մասը, ինչպես արձանագրված է ՀՀ մաքսային ծառայության տեղեկանքներում, կենդանիների անմշակ մորթիներն են։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում