Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյան. վերջին 15 տարիներին քաղաքաշինության նախարարությունը մասնագետներ չեն ղեկավարել. news.am

Ապրիլ 25,2014 10:46

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել, որեւէ կուսակցության անդամ չէ եւ այդպես էլ կմնա: Հարցին, թե նախարարի պաշտոնի դիմաց իր առջեւ ՀՀԿ անդամ դառնալու խնդիր չի դրվել, նա պատասխանեց հետեւյալը. « Նման հարց որեւէ մեկը իմ առաջ չի դրել: Կարծում եմ՝ որպես քաղաքական գործիչ՝ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, ես զբաղվել եմ ճարտարապետաշինության եւ քաղաքաշինության հարցերով, ոլորտին տիրապետում եմ կարելի ասել ամբողջապես եւ դրանով էլ կզբաղվեմ»:

Ինչ վերաբերում է քաղաքաշինության նախկին նախարարներին, Նարեկ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ վերջին 15 տարիներին քաղաքաշինության նախարարությունը մասնագետներ չեն ղեկավարել, ղեկավարել են կառավարման փորձ ունեցող անձինք, ովքեր այդքան էլ ոլորտին մոտ չեն եղել իրենց մասնագիտությամբ: «Նոր կառավարությունը խնդիր է դրել, որ յուրաքանչյուրը իր բնագավառում ռեալ իրավիճակ պետք է փոխի: Այդ առումով պատասխանատվությունը կտրուկ մեծանում է: Ես նախկին բոլոր նախարարներին ճանաչել եմ, լավ աշխատել եմ նրանց հետ, ունեցել եմ անձնական լավ հարաբերություններ, նրանք սովորաբար եկել են կուսակցական ճանապարհով, կարող եմ նշել նրանց կառավարման հմտությունները, բոլորն էլ ճանապարհ անցած մարդիկ են, բայց ժամանակն է, որ բացի կառավարման փորձից, լինի նաեւ նեղ մասնագիտական փորձառություն, քանի որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան քաղաքաշինության ոլորտում եւ կարճ ժամկետում անպայման որոշակի ծրագրեր ու քայլեր կարվեն»,- ասաց նորանշանակ նախարարը:

Նա չի պատրաստվում կադրային փոփոխություններ անել, այդ կոլեկտիվի հետ աշխատել է, ճանաչում է մասնագետներին եւ եթե որեւէ փոփոխություն անի, ապա դա ինքնանպատակ չի լինելու: Նարեկ Սարգսյանը շեշտեց, որ շինարարական խնդիրների հետ կապված ասպարեզում պետք է լինեն վստահելի, ազնիվ եւ որեւէ այլ ախորժակ չունեցող մարդիկ:

Անդրադառնալով իր նշանակման վերաբերյալ քննադատություններին եւ բացասական մեկնաբանություններին՝ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը նշեց, որ չի ցանկանա ասել այն, ինչ իրեն ասում են, խոսքը բազմաթիվ շնորհավորանքների եւ բնագավառի մարդկանց ոգեւորության մասին է: Իսկ քննադատություններին նա նորմալ է վերաբերում, եթե դրանք չեն անցնում վիրավորանքի սահմանը: «Խոսում են այն մարդու մասին, ով ինչ-որ գործ է անում, դա շատ նորմալ է, կարելի է նստել, ոչինչ չանել եւ քեզ չեն հիշի,ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում: Ես գտնում եմ, որ կա երկիր, ազգություն, կա հող, կա պարտավորություն, կան գիտելիքներ, կա անցած ճանապարհ եւ կա որոշակի կամք եւ կարողություն, այդ պարագայում դու իրավունք չունես քայլ չանել, ծրագիր չառաջարկել, չփորձել ինչ-որ բան փոխել՝ անկախ նրանից՝ ով ինչ վերաբերմունք կունենա, հնարավոր չէ մի քայլ անել ու չլինի հակաուժ, հակաքայլ: Շատ դեպքերում դա պայմանավորված է ճղճիմ անձնական հարաբերություններով, որին ես չեմ պատասխանել եւ չեմ էլ պատասխանելու, պարզապես չեմ իջնում մարդկանց հետ հարաբերություններ պարզելու հարթություն»,- նշեց նախարարը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Հարգարժան պարոն Սարգսյանին պետք է հարցնել, թե որպես մասնագետ նա ինչ արեց Երևան քաղաքի համար, երբ զբաղեցնում էր գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Արդյոք նրա պաշտոնավարման ժամանակ չէր, որ Փակ շուկան դարձավ Սուպերմարկետ: Եթե նա որպես մասնագետ լավ է գնահատում Երևանի ներկայիս ճարտարապետական տեսքը, ապա իրավունք չունի նույնիսկ ճարտարապետի կոչումը կրելու:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930