Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՄԻՋՈՑՈՎ

Ապրիլ 25,2014 10:38

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներորդ

ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՄԻՋՈՑՈՎ

 
Դա իմ կյանքի եզակի դեպքերից էր էն առումով, որ մեծ հաճույքով էի լսում ինձ վերաբերող էդ կենաց ելույթները, որոնք բոլորն էլ միանգամայն դրական ու գովասանական էին, եւ, որ ամենակարեւորն է, ես միանգամայն արժանի էի էդ օրվա էդ գովասանական ելույթներին, որովհետեւ, իսկապես, եթե իմ պնդումները չլինեին, ամեն տարվա պես էս անգամ էլ պիտի յոթի ու ութի կողմերն իրար գլխի հավաքվեինք, եւ շուտ հավաքվելու գաղափարն իմն էր, ու գաղափարի իրագործումը՝ Օրթախինը, եւ շատ էլ բնական ու տրամաբանական էր, որ էդ օրվա նախաձեռնողները ես ու Օրթախն էինք, որովհետեւ ես ու Օրթախն ամենից ավելի էինք ուզում, որ տարվա էդ վերջին օրն իրար գլխի հավաքվեինք, եւ մյուսներն էլ էին ամեն տարվա դեկտեմբերի երեսունմեկին հաճույքով ներկայանում Սադոյան Արշակի կուսակցության գրասենյակ, բայց հիմա, երբ էս բաները գրում եմ, արդեն գիտեմ, որ այլեւս դեկտեմբերի երեսունմեկին եւ ընդհանրապես Արշակի օֆիսում չենք հավաքվելու, որովհետեւ հիմա, երբ էս բաները գրում եմ, Հայաստանում ու համայն աշխարհում երկու հազար տասներկու թվականի մարտի տասնվեցն է, եւ Արշակն արդեն փասափուսեն հավաքել ու ազատել է իր իսկ կուսակցության գրասենյակը, եւ ընդհանրապես ուրիշ փոփոխություններ էլ են տեղի ունեցել, որոնք անձամբ ինձ են վերաբերում, եւ դրանցից ամենաէականն էն է, որ էս գրածներս արդեն ոչ թե «Առավոտ» թերթում են տպագրվում, այլ «Առավոտի» ինտերնետային կայքում, եւ չնայած նախկինում էլ «Առավոտի» կայքում էս վեպս դրված կար, հիմա լրիվ ուրիշ է. նախկինում թերթով կարդացողները թերթով էին կարդում, իսկ կայքում կարդացողները՝ կայքում, եւ կայքում կարդացողները հիմնականում Լոս Անջելեսի մեր հայրենակիցներն էին, հիմնականում Լոսի իմ ծանոթներն ու ընկերները, եւ դրանք իրականում ավելի շատ են, քան՝ մի ժամանակ ինձ էր թվում, եւ երբ երկրորդ ու վերջին անգամ Լոսում էի, իրապես համոզվեցի, որ մեր էդ նորագույն գաղթօջախում լիքը մանկության ու պատանեկության ընկերներ ունեմ՝ հիմնականում Մետաքսից ու Շիլաչուց, ինչպես նաեւ՝ լիքը այլ ծանոթներ՝ հիմնականում «Պապլավոկից», «Սկվազնյակից» ու «Կազիրոկից», եւ նրանցից ոմանց մասին էս վեպիս մեջ արդեն գրել եմ եւ ոմանց էլ երեւի առաջիկայում կանդրադառնամ, եւ բնական է, որ նրանցից շատերն էս վեպս պիտի կարդային, եւ բնական է, որ «Առավոտի» կայքում պիտի կարդային, որովհետեւ «Առավոտը» միայն ինտերնետային եղանակով է Լոս հասնում, իսկ սրանից հետո նաեւ Հայաստանում ապրող հատուկենտ ընթերցողներս են ստիպված լինելու բացառապես համակարգչի միջոցով էս վեպիս առնչվել, եւ չնայած տանը համակարգիչ ունենք, երբեւէ չեմ փորձել համակարգչի միջոցով որեւէ գրական ստեղծագործություն կարդալ, եւ չեմ էլ պատկերացնում, որ էս վեպս թերթով կարդացողներից որեւէ մեկը հետայսու համակարգչով ու «Առավոտի» կայքում էս վեպս կկարդա, եւ առավել եւս ու հատկապես գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի պարագայում դրան չեմ հավատում, որովհետեւ ինքը սփյուռքահայ ու Մելքոնյանի շրջանավարտ լինելով՝ հատուկ ու ընդգծված պատկառանք ու վերաբերմունք ունի հայոց գրի ու գրքի հանդեպ, եւ չնայած վարպետ Հակոբն իր էս պատկառելի տարիքում էլ նորին ու նորարարությանը սիրով ու հարգանքով է վերաբերվում, այդուհանդերձ, շատ հնարավոր է, չկարողանա համակարգչով վեպ կարդալ, մանավանդ որ, կարծում եմ, ինքը տանը համակարգիչ չունի էլ, որովհետեւ մի քանի անգամ իր արվեստանոց տանը լինելով՝ որեւէ համակարգիչ աչքովս չի ընկել, եւ եթե իր արվեստանոց տանը համակարգիչ լիներ, հաստատ աչքովս ընկած կլիներ, որովհետեւ համակարգիչ ունեցողների ու համակարգչից օգտվողների համակարգիչները սովորաբար տան երեւացող հատվածում են դրված լինում. այսինքն, եթե վարպետ Հակոբն իր արվեստանոց տանը համակարգիչ ունենար, հաստատ տեսած կլինեի, եւ էս ասածս նշանակում է, որ թերթի փոխարեն ինտերնետում հայտնվելով՝ լավագույն ընթերցողներիցս մեկին հաստատ կորցնելու եմ, բայց հիմա էս մտածելով՝ վարպետին քաջառողջություն ու շատ երկար տարիների կյանք եմ ցանկանում, իսկ ինչ վերաբերում է էս վեպիս իր ընթերցանությանը, կարելի է այն ավարտված համարել, եւ դրա մեջ որեւէ սարսափելի բան չկա. ավելին. ես իրավունք ունեմ ինձ միանգամայն հաջողակ գրող ու արձակագիր համարել՝ էն իմաստով, որ արդեն վեց ու յոթ տարի էս վեպովս զբաղեցրել ու հաճույք եմ պատճառել բացառիկ գեղանկարիչ ու բացառիկ վարպետ Հակոբ Հակոբյանին, եւ եթե սրանից հետո ինքն էս վեպիս վրա ավելորդ ժամանակ չվատնի, դրանից առաջին հերթին հայոց գեղանկարչությունն է շահելու, որովհետեւ, չնայած առաջացած տարիքին, վարպետ Հակոբ Հակոբյանը ստեղծագործական լիքը գաղափարներ ու ծրագրեր ունի, ընդ որում՝ իր էդ գաղափարներն ու ծրագրերը ոչ միայն գեղանկարչության հետ են կապված, այլեւ՝ մեր ժողովրդի պատմության, ինչպես նաեւ՝ գրի ու գրականության, եւ էս ընթացքում ինքը պարբերաբար հոդվածներ է գրում եւ հիմնականում դրանք տպագրում է «Ազգ» թերթի շաբաթօրյա մշակութային հավելվածներում, եւ դրանք հիմնականում մեր ժողովրդի անցյալին ու պատմությանն են վերաբերում, ինչպես նաեւ՝ մեր ժողովրդի ստեղծած արվեստին, գրականությանն ու ամեն ինչին, եւ հաճախ էդ ու այլ թերթերում շատ հետաքրքիր հարցազրույցներ է տալիս, եւ իր հարցազրույցներից մեկում էս վեպիս էր հիացմունքով անդրադարձել, եւ ամեն շաբաթ, փաստորեն, վարպետ Հակոբն «Առավոտ» էր առնում, որ իմ էս հատվածները կարդա, ավելի ճիշտ՝ իր դուստր Նորան էր ամեն շաբաթ օր կրպակից «Առավոտ» առնում, որպեսզի հայրը վեպիս հերթական գլուխը կարդա, եւ Նորան ամեն շաբաթ օր հոր համար «Առավոտ» առնելով՝ անձամբ ինքն էլ էր էս վեպս «Առավոտում» կարդում, ընդ որում՝ հորից պակաս չէր էս վեպովս հիացած, եւ երբ վարպետ Հակոբի «Կասկադի» ցուցահանդեսի բացմանը Նորան ինձ ասաց՝ «ձեր վեպն ամեն շաբաթ մեզ ուրախություն է պարգեւում», ես ներքուստ շատ ուրախացա, որովհետեւ մարդկանց ուրախություն պարգեւելը միշտ էլ շատ մեծ ու շատ կարեւոր բան եմ համարել եւ համարում, եւ մարդկանց ուրախություն պարգեւելու կարեւորությունը լավագույնս զգացել ու հասկացել եմ շուրջ տասնհինգ տարի առաջ, երբ ամեն Աստծո օր հումորներ էի բստրում եւ տպագրում «Առավոտի» վերջին էջին:

 
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930