Այսօր բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ավարտից հետո, որտեղ մեր միակ աղջիկը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, գեղեցիկ հաղթանակով նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, Aravot.am-ը հեռախոսազրույց ունեցավ Սոֆիայում գտնվող Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ:
– Շնորհավորում ենք Անուշիկի հաղթանակը: Նա աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց խորհրդանշական այս օրը՝ ապրիլի 24-ին: Բուլղարիայում Հայաստանն ունեցավ մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ: Բրոնզը նվաճել է 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Գո՞հ եք:
– Այստեղ մենք ունեցանք եւ հաղթանակներ, եւ պարտություններ: Նվաճեցինք ոսկի, բրոնզ եւ Նանջինում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի երկու ուղեգիր: Սա մեր տարածաշրջանի երկրների մեջ լավագույն ցուցանիշն է՝ մենք ամենաբարձրն ենք: Ուրախ եմ, որ Անուշ Գրիգորյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Գենոցիդի 99-րդ տարելիցի օրը: Սա մեր առաջին հաջողությունն է միայն, բայց ոչ վերջինը: Այսուհետեւ, հայ ժողովուրդն այս օրը միայն հաղթանակներ պիտի ունենա:
– Հիմա ի՞նչ ծրագրեր կան:
Կարդացեք նաև
– Առջեւում պատանեկան օլիմպիական խաղերն են: Անուշ Գրիգորյանն ու Նարեկ Մանասյանը պիտի ամենայն լրջությամբ նախապատրաստվեն: Վստահ եմ, որ նրանք Չինաստանում էլ գեղեցիկ հաղթանակներով մեզ կուրախացնեն:
Հ. Գ. Սոֆիայում մեդալների հաշվարկով Հայաստանը 1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալով 55 երկրների մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկապես ուրախ եմ, որ Անուշ Գրիգորյանը հաղթանակը նվաճեց խորհրդանշական այս օրը: Շնորհավորում եմ բոլորիս: Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզուհուն, որ հենց այսօր կարողացավ աշխարհին ցույց տալ մեր ազգի ուժը և հպարտության զգացում պարգևել Ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկող մեր ժողովրդին՝Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:Նորանոր հաղթանակներ եմ մաղթում Անուշին և մեր մյուս մարզիկներին՝ բոլոր ասպարեզներում…