Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ամբոխահաճությունը մակընթացության մեջ է (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 23:42

Երեկ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ՝ նվիրված ճանապարհային երթեւեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներ-արագաչափերին եւ ավտոկայանատեղիների կազմակերպմանը, քանիցս ականատես եղանք, թե ինչպես են պատգամավորները, իրենց խոսքը՝ ժողովրդին թալանելու, կաշիները քերթելու, կեղեքելու եւ այլնի վերաբերյալ, ավելի համոզիչ եւ շքեղ դարձնելու համար պարզապես աղավաղում ինչ-ինչ փաստեր, խեղաթյուրում իրականությունը, թվերի հետ մանիպուլյացիաներ անում…

Ասենք, պատգամավորներից մեկը, խոսելով տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի բիզնեսով զբաղվող ընկերության մասին, հայտարարեց, որ վերջինս 70%-ի գերշահույթ ունի: Իրականում խոսքը այլ բանի մասին է՝ այդ բիզնեսից ստացված եկամուտի 70%-ը անցնում է այդ ընկերությանը, 30%-ը՝ ոստիկանությանը: Հասկանալի է, որ եկամուտն ու շահույթը իրարից չտարբերող շարքային քաղաքացիները չեն էլ խորանա, թե ինչի՞ մասին է խոսքը, ուղղակի կֆիքսեն «70% գերշահույթ» արտահայտությունը, իրենց հերթական անգամ կեղեքված կզգան եւ վերջ:

Մեկ այլ պատգամավոր, փորձելով բռնել փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի «սուտը», որ Երեւանում մահացու դեպքերով վթարները 30%-ով պակասել են, բերեց «այլ թվեր», թե ինչպես են այդ դեպքերն ավելացել: Պարզվեց, որ պատգամավորը ամբողջ հանրապետության՝ Երեւան + մարզեր տվյալներն է հաշվարկում: Հետո, երբ փոխոստիկանապետը բացատրեց, որ այդ թվերը համադրելի չեն, պատգամավորը շարունակում էր պնդել, թե «պաշտոնական թվեր» են:

Մեկ այլ պատգամավոր, խոսելով մայրաքաղաքում գրանցված մեքենաների մասին, որոնք կարող են ուղիղ ձեւով տուրք մուծել Երեւանի քաղաքապետարանին՝ ճանապարհներից օգտվելու համար եւ ազատ կայանել՝ առանց միջնորդ «Փարկինգ սիթի սերվիսին» վճարելու, հայտարարեց, որ 365 000 մեքենա կա գրանցված, եւ եթե նրանցից յուրաքանչյուրը 1000 դրամ վճարի Երեւանի քաղաքապետարանին՝ ուղիղ ձեւով, ապա միջնորդ ընկերությանը փող տալու հարցը կվերանա:  Հայաստանում 2013թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված մարդատար ավտոմեքենաների թիվը 388 հազար էր, իսկ Կամո Արեյանի խոսքերով՝ Երեւանում 1000 մարդուն բաժին ընկնող մարդատար ավտոմեքենաների թիվը մինչեւ 2020 թվականը կհասնի 185-ի, դա նշանակում է, որ մոտավորապես 195-200 հազար մեքենա է հաշվառված Երեւանում: Հասկանալի է, որ Գորիսում կամ Տավուշում գրանցված մեքենան Երեւանի քաղաքապետարանին որեւէ տուրք վճարելու ոչ կարիք ոչ էլ խնդիր ունի: Այնպես որ 365 մլն դրամի մասին խոսակցությունները նույնպես թվային մանիպուլյացիայի ոլորտից էին:

Հաջորդ պատգամավորը մեղադրեց Երեւանի քաղաքապետարանին եւ «Փարկինգ սիթի սերվիսին», որ վճարման միայն մի եղանակ է տրամադրում վարորդներին՝ sms-ների միջոցով: Սակայն վարորդները գիտեն, որ կարող են վճարել բանկում, Telcell-Megapay  վճարային համակարգերի միջոցով… Միայն առձեռն, «քեշ» փողով չեն կարող վճարել:

Եվ, վերջապես, ամենացցուն օրինակը: Պատգամավորը կարդում է քաղաքապետարանի եւ «Փարկինգ սիթի սերվիսի» միջեւ կնքված պայմանագրից մի հատված, որում ասվում է, որ 2013-ին եկամուտները պիտի բաշխվեն 70/30  հարաբերակցությամբ, եւ այդ թիվը չպիտի փոխվի նաեւ հաջորդ տարի, եւ հայտարարում, որ դա նշանակում է, որ եթե 2014-ին ընկերությանը չհաջողվի նույնքան գումար հավաքել, որքան նախորդ տարի, Երեւանի քաղաքապետարանը պարտավորվում է ինքը փոխհատուցել այդ գումարները իր բյուջեից… Եվ երբ փոխքաղաքապետ Կամո Արեյանը ասում է, որ նման բան չկա պայմանագրում եւ չի էլ կարող լինել, պատգամավորը տրամաբանության կոչ է անում:

Երբ պատգամավորները, քաղաքական գործիչները, ապացուցելու համար, որ հասարակ ժողովուրդը թալանվում եւ կեղեքվում է, ասում են, որ չեն հավատում պաշտոնական թվերին, պաշտոնական հայտարարություններին առ այն, որ, ասենք, մրցույթին միայն մեկ ընկերություն է մասնակցել («Փարկինգ սիթի սերվիսի» պարագայում) կամ երկու ընկերություն է մասնակցել, որոնցից մեկը շատ ավելի բարձր գին էր առաջարկում նույն ծառայության համար, քան հաղթող ընկերությունը (այս դեպքում խոսքը «Սեքյուրիթի դրիմի» մասին է), չեն հավատում այդ ընկերությունների բերած թվերին ու տվյալներին, որոնք հաստատվում են փաստաթղթերով, չեն հավատում, որ այդ ընկերությունները տանիք չունեն եւ այլն, երբ ասում են, որ կարմիր գծանշումների պատճառով հազարավոր աշխատատեղեր փակվեցին (խոսքը փողոցներում կանգնող եւ 100-200 դրամ ուզող կայանողների մասին է, որոնց գործունեությունը օրինական դաշտում չէր), դա ինչ-որ տեղ հասկանալի է՝ ընդդիմություն են, պիտի չհավատան, պիտի քննադատեն…

Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ նաեւ այն քաղաքական գործչին, որը լսարանի վրա տպավորություն գործելու համար կարող է այս կարգի մեղադրանք ուղղել քաղաքապետարանին՝ «դուք ասում եք, որ որտեղ շատ են կանգնում, այդտեղ եք կայանատեղի սարքում, դա ի՞նչ տրամաբանություն է, Երեւանում տեղեր կան, որտեղ տարբեր նպատակներով կանայք են հավաքվում, գնացեք այնտեղ էլ կարմիր գծեր քաշեք»….

Կարելի է հասկանալ անգամ, երբ պատգամավորը հայտարարում է , որ պետք է հանել արագաչափերն ու տեսախցիկները, կարելի է հասկանալ անգամ, երբ որեւէ քաղաքական գործիչ որոշի հայտարարել, որ ընդհանրապես օրենքների եւ պատիժների կարիք չկա՝ թող անարխիա լինի՝ դա էլ է մոտեցում…

Սակայն երբ խնդիրն ավելի դրամատիկ դարձնելու համար չեղած բաներ են հորինում կամ թվերի հետ տառացիորեն մանիպուլյացիաներ են անում՝ դա հասկանալը դժվար է…

Եվ վերջապես, եթե քաղաքական գործիչները, որոնք լիբերալ, ազատական արժեքների կրող են, համենայն դեպս՝ այն քաղաքական ուժերը, որն իրենք ներկայացնում են, այդպիսին են ներկայանում, խոսում են այն մասին, որ չի կարելի շահութաբեր բիզնեսը տալ մասնավոր ընկերությանը, հասկանում ես, որ իզուր չի, որ այդ բոլոր ուժերը կողմ են Մաքսային միությանը միանալուն: Back in the U. S. S. R.

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Մելանյա ջան, «մանիպուլյացիայի» ամենալավ օրինակը հենց քո հոդվածի վերջին պարբերությունն է: Ընդհանրապես, մերօրյա լրագրողները մանիպուլյացիայի չեմպիոն են: Համարյա բոլորդ: Ընթերցողը մի օր կհոգնի ու էլ չի կարդա: Կարող եք չտպագրել գրածս,իմ նպատակը ձեզ զգուշացնելն է: Հասկանում եմ, ձեր թերթն է ու ձեր իրավունքը, բայց հո չի նշանակում,թե պիտի էդքան ուղղորդված լինի: Հետաքրքրությունը կորում է, հավատացեք: P.S. А где слова про Путина?)))))))))))

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի Հայկ, եթե միայն վերջին պարբերության հետ համաձայն չեք՝ ուրեմն ամեն ինչ հրաշալի է: 🙂

  2. Վարդգես says:

    էն տպավորությունն ա, որ Առավոտը կպած պաշտպանում ա դրիմ-մրիմին ու պարկինգին: ոչ արագաչափը, ոչ էլ վճարովի ավտոկայանատեղին չեն կարա բիզնես լինին: չպիտի լինեն: այ հենց էս մոտեցումը որդեգրեք, Առավոտի խոսքն էլ կդառնա ավելի համոզիչ, հիմնավոր, անկեղծ: Իսկ առայժմ` չէ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930