Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի տոմսեր մեծանուն արվեստագետներին`Վահագն Հովնանյանի հաշվին (Ֆոտոշարք)

Ապրիլ 24,2014 22:48

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվեց Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրաման, որը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: Նշենք, որ այն երեկ ցուցադրվել է մայրաքաղաքում` Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնում ու ականատեսների պատմելով,  հանդիսատեսը երկար ժամանակ ուշքի չի կարողացել գալ, դահլիճը ծափահարություններից թնդացել է: Ի դեպ, Գյումրու թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանի տեղեկացմամբ, երեկ մոտ 600 հոգու ներկայացումը դիտելու է հրավիրել սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանը, տոմսերը բաժանվել են «Վահագն և Հասմիկ Հովնանյաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորչությամբ:

PrevPhoto
NextPhoto

Երևանյան հյուրախաղերին ներկա են եղել հենց բարերար ամուսինները, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Երվանդ Մանարյանը ու շատ այլ մեծանուն արվեստագետներ:

Գյումրիում այսօրվա ներկայացումը սկսելուց առաջ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը հպարտորեն հայտարարեց, որ իրենք բարձր պահեցին գյումրեցու պատիվը Երևանի ռուսական թատրոնում ու անդրադառնալով օրվա խորհրդին` ասաց. «Այս տխուր, բայց հանդիսավոր օրը ձեզ ենք նվիրում ներկայացում և կարծում եմ, որ բոլորս նորից կվերհիշենք այդ դառը օրերը :Մենք լավ ենք անում, որ ողբում ենք մեր անցավորների համար, սակայն չպիտի միայն ողբալ, այլ կոնկրետ քայլեր պիտի ձեռնարկել, որ աշխարհի ճանաչի Հայոց ցեղասպանությունը , որ զգանք, որ ինչ-որ բանի հասանք»:

2 մասից բաղկացած դրաման Հայոց ցեղասպանության պատճառով որբացած ու ԱՄՆ-ում հայտնված ամուսինների մասին է, որոնց թեև ամեն վայրկյան մտատանջում է անցյալը, թուրքերի կողմից դաժանաբար սպանված ծնողների, հարազատների մասին հիշողությունները, անգամ նրանց լուսանկարները հանգիստ չեն տալիս, տունը երբեմն գերեզմանոց է հիշեցնում իր տխրությամբ, այդուհանդերձ նրանք փնտրում են ելքը, հեռանում տնից` գերադասելով կյանքը: Դրամայում ցուցադրված է նաև հայերի տաղանդավոր լինելը, այստեղ գլխավոր կերպարներից մեկը`  լուսանկարիչ Արամ Թովմասյանն է, որի լուսանկարներով հիանում էին ամերիկյան խոշոր պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները: Արամ Թովմասյանը, ցեղասպանությունից մի կերպ փրկվելով, տեղափոխվում է ԱՄՆ ու Թուրքիայի որբանոցներից մեկից կին է ընտրում իր համար`Սեդային, որը, սակայն, չբեր լինելով` չի կարողանում շարունակել Թովմասյանների տոհմի վերարտադրությունը: Կինը, երբեմն, չի կարողանում հանդուրժել իր տխուր ամուսնուն, պատի վրա կախված նրա հարազատների լուսանկարը, որտեղ նրանք զուրկ էին գլուխներից և որը ամեն վայրկյան հետապնդում էր իրեն: Ու մի օր ամուսինը պատմում է իր կյանքի պատմությունը, թե ինչպես են իրեն փաթաթել հոր վերարկուի մեջ, պահել նկուղում, որպեսզի թուրքերը չգտնեն ու չսպանեն իրեն: Սակայն դուրս գալով թաքստավայրից` նա տեսնում է տունը արյան մեջ, լվացքի պարանին գլխատած ու կախաղան հանած հարազատներին: Լուսանկարիչը հոր վերարկուն` որպես սուրբ մասունք էր պահում: Կինը հեռանում է `պատճառաբանելով, որ տունը գերեզմանոց է հիշեցնում, սակայն նրա հետևից հեռանում է նաև ամուսինը ` հոր վերակուն ու մյուս մասունքները նվիրելով իտալացի մի որբ երեխայի ու հայտարարելով, որ ապրել է ուզում:

Դրամայում մարմնավորված էր սգացող, վիշտ ունեցող հայի ապրելու, հարատևելու ձգտումը, որն էլ , զգացվեց, որ անչափ դուր եկավ գյումրեցի հանդիսատեսին: Թատրոնի դահլիճը, ինչպես միշտ,հանդիսատեսի պակաս չուներ, նստելու ազատ տեղ գրեթե չկար, և այս անգամ ներկայացումը մեծամասամբ դիտելու էին եկել երիտասարդները:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930