ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը չի տեսնում:
Նա այն կարծիքին չէ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի ու մյուս պաշտոնյաների նշանակումները անուղղակիորեն հաստատում են Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը:
«Լուրջ չեմ վերաբերում նոր կառավարությանը, նրա գործունեությանը, որովհետեւ անձերը նշանակություն չունեն, քանի կա այս համակարգը, կարեւոր չէ` ով է, ում կադրերն ուզում է լինի, նույն քաղաքականությունն է տարվելու: Քանի Հայաստանում կա Սերժ Սարգսյան, ու իր տրամաբանությամբ կազմված իշխանությունը»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի պայքարի տրամաբանությունը բացի Սերժ Սարգսյանից թեկուզ Ռոբերտ Քոչարյանը լինի սկզբունքո՞վ է, պարոն Խաչատրյանն ասաց. «Չէ, ամբողջ համակարգը, որտեղ չկան մենաշնորհներ, դատական, քաղաքական այս համակարգը: Մեր հարցերի հարցը մնում է քաղաքական այս համակարգը»:
Հարցին, թե ՀԱԿ-ը պայքարի ճիշտ ուղիով է գնում, մեր զրուցակիցն ասաց՝ «միանշանակ»:
Թե ինչպես է համակարգային փոփոխություններ պահանջող ՀԱԿ-ը դաշնակցում ԲՀԿ-ի հետ, որի օրակարգում չկան համակարգային փոփոխությունները, պարոն Խաչատրյանն ասաց. «Հա ինչ է եղել: Ընդունում եմ՝ մենք չգնացինք վարչապետի հետ հանդիպման, իրենք գնացին: Մեր մոտեցումներ կտրուկ են: Մոտեցումների տարբերություն է: Պարզապես մենք համոզված ենք, որ ոչինչ չի փոխվելու, իսկ իրենք սպասում են, ակնկալիքներ ունեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ